ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում անվստահություն է հայտնել հունիսի 24-ին Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ նորանշանակ համազեկուցող, ԵԽ ԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադին:
«Ես ընդամենը վերջերս նամակ ուղարկեցի ԵԽ ԽՎ բոլոր պատգամավորներին, այդ թվում եւ՝ ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուին` կոչ անելով ԵԽ հիմնարար արժեքները չվերածել աշխարհաքաղաքական գործիքի: Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ այս հարցում ԵԽ ԽՎ-ն ակնհայտորեն դրսեւորեց երկակի ստանդարտ: Այսինքն, Մոնիտորինգի հանձնաժողովում Լինդբլադի «ընտրությունը» իմ գնահատմամբ` ոչ օբյեկտիվ որոշում էր, հաշվի առնելով այն, թե ով է Գորան Լինդբլադը: Նա ԵԽ ԽՎ-ում պաշտպանում է ոչ թե իր երկրի շահերը, այլ կատարում է ադրբեջանական լոբբիստի սուրբ պարտականությունը, որի համար, ես վստահաբար հայտարարում եմ, որ վճարվում է թուրք-ադրբեջանական լոբբիի կողմից»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: Նա նաեւ նշել է, թե Լինդբլադի ընտրության հարցում իր դերակատարությունն է ունեցել ԵԽ ԽՎ ազգությամբ թուրք նախագահ Մովլութ Չավուշօղլուն. «ԵԽ ԽՎ նախագահն այսպիսով փորձել է Լինդբլադին սարքել մահակ` Հայաստանի գլխին: Ես կարծում եմ, որ մեր արձագանքն այս ընտրությանը պետք է համարժեք լինի»: Ն. Զոհրաբյանը նաեւ անդրադարձել է նոր համազեկուցողի` հայկական մամուլում արած այն հայտարարությանը, որ, թեեւ ինքը գիտի, թե Հայաստանի իշխանության համար դուրեկան չէ իր զեկուցող դառնալը, բայց անելու է հնարավորը` «Հայաստանի ժողովրդավարական իրավիճակի բարելավմանը նպաստելու համար»: «Ես խորհուրդ կտայի, որ ինքն ամեն ինչ անի, որպեսզի արժանի դառնա կոչվելու ԵԽ ԽՎ պատգամավոր, այլ ոչ թե ծառայի Ադրբեջանի շահերին»,- ասել է Ն. Զոհրաբյանը:
Անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի դիտարկմանը, թե Լինդբլադի նշանակման հարցում մեղավոր է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը, որը պետք է աշխատանք տաներ, որպեսզի նրա փոխարեն մեկ այլ պատվիրակ նշանակվեր համազեկուցող, Ն. Զոհրաբյանն ասել է. «Ես չեմ ընդունում այդ մեղադրանքը: Միշտ էլ այդպիսի նշանակումներից հետո հեշտ է դեբատներ սկսելը, թե ով է մեղավորը: Կարծում եմ` մեր պատվիրակությունն աշխատել է ու աշխատում է բավական պատշաճ, ու մենք պետք է այսօր արձանագրենք, որ Չավուշօղլուի ԵԽ ԽՎ նախագահ ընտրվելուց հետո ԵԽ-ում ակտիվացել է թուրք-ադրբեջանական լոբբին: Մենք սա պետք է ընդունենք որպես փաստ եւ այդ փաստի առկայության դեպքում պետք է կարողանանք վերակազմակերպել մեր աշխատանքները»:
Նշենք, որ երեկ Հ. Հովհաննիսյանն ասել էր. «Թող մեր պատվիրակությունն այնքան հեղինակություն ունենար ԵԽ ԽՎ-ում եւ Մոնիտորինգային հանձնաժողովում, որ կարողանար չեզոքացնել Լինդբլադի թեկնածության առաջադրումը, եւ նրա փոխարեն մեկ ուրիշին նշանակեին: Սակայն նրա նշանակումն արդեն փաստ է, ու փոխանակ վայնասուն բարձրացնելուն ու նրա նշանակման դեմ պայքարելուն, Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն, թե ինչպես են աշխատելու նոր համազեկուցողի հետ: ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության խնդիրը միայն իշխանությունների այլանդակությունները սվաղելը կամ կոծկելը չէ, այլ նաեւ այլ խնդիրներով զբաղվելը»:
Հ.Գ. Ի դեպ, դեռեւս մի քանի ամիս առաջ Լինդբլադը պատասխանել էր իր հասցեին հնչած վերոնշյալ մեղադրանքներին` ասելով. «Ասվածը իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Ես ոչ մի ընկեր չունեմ Ադրբեջանում: Տեղյակ եմ հայկական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե իբր կաշառք եմ վերցնում ադրբեջանական պատվիրակներից: Բայց դա ճշմարտության հետ կապ չունի: Ես քննադատում եմ բոլորին, եւ իմ քննադատության թիրախ երկրների իշխանությունները փորձում են ինձ հակադարձել նման մեթոդներով»: