Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ցանկալի արդյունքներ չի տալիս: Այս մասին երեկվա ասուլիսում հայտարարել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը: Նրա դիտարկմամբ` իրական վիճակագրությունն ու քաղաքացիներից իրենց հասցեագրված դիմում-բողոքները միմյանց հակասում են. «Չենք կարող երաշխիքներ ունենալ, որ կոռուպցիոն գործընթացներում ներգրավված պաշտոնատար անձինք կպատժվեն օրենքի խստությամբ: Լավագույն դեպքում 1-2 մարդ է պատժվում, ինչը փոքր քայլ է»,- նկատել է նա: Ս. Այվազյանի ասելով` եղել են դեպքեր, երբ պաշտոնյայի դեմ բողոք ներկայացրած քաղաքացու դեմ է քրգործ հարուցվել` սուտ մատնության հոդվածով. «Մենք Դատախազության կայքում տեղեկատվություն ենք կարդացել, որ Երեւանի տարբեր քաղաքապետերի օրոք ոչնչացվել են պատմամշակութային հուշարձանները: Դիմել ենք Դատախազություն` հետաքրքրվելու, թե որեւէ մեկը պատասխանատվության կանչվե՞լ է: Մեզ պատասխանել են` ոչ ոք չի պատժվել հանցակազմի բացակայության պատճառով»: Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ հավելել է, թե պատժվում են միայն այն կաշառակեր պաշտոնյաները, որոնց «համակարգը որոշում է պատժել»: Իսկ քաղաքացիների եւ հ/կ-ների դիմումների հիման վրա ոչ ոք չի պատժվում. «Լեռնապարի գյուղապետը համայնքի բյուջեից 10 մլն դրամից ավելի գումար է օգնության կարգով տրամադրել իր ծանոթ-բարեկամներին: Թեեւ նրա դեմ քրգործ է հարուցված, սակայն նա ազատության մեջ է եւ շարունակում է իր գործունեությունը: Սկսել է բողոքող գյուղացիներին առնել»,- ասել է Սաքունցը: