– Այս տարվա առաջին հինգ ամիսներին, փաստորեն, տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 8,8 տոկոս, ինչը գերազանցեց նույնիսկ ամենալավատես տնտեսագետների սպասելիքները: Ի՞նչ եք կարծում, մեր տնտեսությունն արդեն վերե՞լք է ապրում:
– Իսկապես, պետք է նշել, որ այսօր գրանցված ցուցանիշները գերազանցեցին հիմնական գերակայող կանխատեսումները, եւ այդ առումով զարգացումները եղան շատ ավելի դրական, քան կանխատեսվում էր տարեսկզբին: Իհարկե, դա ուրախալի է, բայց մյուս կողմից պետք է նշել, որ խոցելի եւ նեղ դիվերսիֆիկացված տնտեսություններին հատուկ է ոչ միայն արագ անկումը, այլ նաեւ արագ վերականգնումը: Այս տեսանկյունից իսկապես պետք է զգուշանալ, քանի որ փոքր դիվերսիֆիկացում ունեցող պետություններում ինչպես անկումն է շատ արագ լինում, այնպես էլ կարող է աճը շատ արագ վերածվել անկման: Պետք է նաեւ նշել այն էական ռիսկերը, որ այսօր առկա են: Թերեւս կարեւորագույն ռիսկերից մեկը գլոբալ ֆինանսական շուկաների իրավիճակն է, մասնավորապես եվրոպական երկրներում պետական պարտքի եւ արտարժույթի շուկայի խիստ անկայուն վիճակը: Այս ամենը նկատի ունենալով` կա բավական մեծ հավանականություն, որ կարող են հրահրել ճգնաժամի երկրորդ փուլ, որը կլինի ավելի խորը, քանի որ այն գործիքները, որ օգտագործեցին տարբեր երկրների կառավարությունները առաջին փուլը հաղթահարելու համար, արդեն մատչելի չեն լինի: Նրանք ստիպված են լինելու կրճատողական քաղաքականություն վարել, որն ավելի է կրճատելու տնտեսական ակտիվությունը: Եթե դա տեղի ունեցավ, դա շատ ավելի դժվար հաղթահարելի փուլ կլինի: Այդ ռիսկը դեռ մնում է ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ Հայաստանի համար:
– Տնտեսագետներից ոմանք կանխատեսում են ճգնաժամի երկրորդ փուլի մասին: Կարծես թե Դուք եւս այն չեք բացառում, այո՞:
– Այդ ռիսկը իսկապես կա: Ռիսկի մեծագույն գործոնը այսօր Եվրոպայում է, հաջորդ ալիքը կարող է գալ Եվրոպայից:
– Դուք նշում եք, որ Հայաստանի տնտեսական վիճակի հետագա վատթարացումը կամ բարելավումը կախված է միջազգային շուկայի զարգացումներից, մինչդեռ մեր իշխանության ներկայացուցիչները մշտապես բարձրաձայնում են, որ ճգնաժամը չի կարող խիստ բացասաբար ազդել Հայաստանի վրա, քանի որ մենք ինտեգրված չենք միջազգային շուկային: Ինչպե՞ս դա հասկանալ:
– Երբ որ երկիրը 14,4 տոկոս տնտեսական անկում է արձանագրում, նման գնահատականները տարօրինակ են հնչում: Հայաստանը ԱՊՀ երկրների, Արեւելյան Եվրոպայի եւ տարածաշրջանի երկրների համեմատությամբ ամենամեծ տնտեսական անկումն է արձանագրել: Դա արդյունք էր նեղ դիվերսիֆիկացված տնտեսության եւ այն բանի, որ մեր տնտեսությունը կախված է մի քանի ոլորտների դինամիկայից, մասնավորապես շինարարության ոլորտից, որը ՀՆԱ-ի կառուցվածքում հասել էր 30 տոկոսի: Մեր տարածաշրջանի երկրներից ոչ մեկում նման ցուցանիշ չկա: Իսկ հայտնի է, որ շինարարությունը շատ անկայուն է իր դինամիկայով եւ խոցելի ճգնաժամերի նկատմամբ, եւ առաջին իսկ նախանշանների պարագայում սկսեց կրճատվել: Դրան զուգահեռ՝ սկսեց կրճատվել ամբողջ տնտեսությունը: Բացի այդ, նշանակություն ունեցավ նաեւ տրանսֆերտներից կախվածությունը: Սրանք էլ հանգեցրին նրան, որ մեզ մոտ անկումը շատ սրընթաց եղավ:
– Այսօր էլ Հայաստանի տնտեսությունը շարունակում է կախված մնալ շինարարությունից եւ տրանսֆերտներից: Տնտեսական մյուս ոլորտները կարծես թե հետին պլան են մղվել: Սա առավել խոցելի չի՞ դարձնում մեր տնտեսությունը:
– Սա մեր տնտեսության ամենամեծ հիվանդություններից մեկն է: Բայց պետք է նաեւ նշել, որ այդ տիպի հիվանդությունները շատ արագ չեն բուժվում, այն, որ ըստ կառավարության հայտարարության՝ 3 տարում կարելի է դիվերսիֆիկացված տնտեսություն կառուցել, ես չեմ կարծում, որ ռեալ է: Սա շատ երկարաժամկետ ու դժվար լուծելի խնդիր է, բայց այն մի օր պետք է սկսել:
– Ի՞նչ եք կարծում, արդյունավե՞տ էին արդյոք մեր կառավարության իրականացրած հակաճգնաժամային ծրագրերը եւ ադեկվա՞տ էին երկրում ստեղծված իրավիճակին:
– Բնական է, որ կառավարությունը պետք է ճգնաժամային իրավիճակում գնար ոչ ստանդարտ քայլերի, մասնավորապես՝ օպերատիվ շտաբի ստեղծման եւ այլ քայլերի առումով, բայց երբ որ հետ ենք նայում, իրականում տեսնում ենք ցածր մասշտաբայնության միջոցառումներ: Նույնիսկ դրանք որոշակի նեգատիվ անդրադարձան մրցակցային դաշտի վրա: Որովհետեւ եթե մի ոլորտից մի ընկերության որոշակի լավ պայմաններով տալիս ես աջակցություն, իսկ մյուսին` ոչ, նշանակում է՝ խաթարում ես մրցակցային դաշտը: Այսօրվա դրությամբ, կարծում եմ, որ կառավարությունը պետք է դադարեցնի օպերատիվ շտաբի աշխատանքը: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ սա գլոբալ ճգնաժամ էր, եւ երկրների ղեկավարները չունեին նման պայմաններում կառավարելու փորձ:
– Իսկ գուցե մեր կառավարությանը պակասում է իրավիճակը ճիշտ գնահատելու կարողությո՞ւնը, ինչի հետեւանքով էլ կատարված քայլերն անարդյունավետ կամ պակաս արդյունավետ են լինում:
– Համամիտ եմ, որ կառավարությունում կա վերլուծական կարողությունների զարգացման խնդիր: Բայց այդ ճգնաժամը տրիվիալ ճգնաժամ չէր, եւ պարզ լուծումներ չկային: Բայց, այնուամենայնիվ, եթե վերլուծական կարողությունները ավելի զարգացած լինեին, միգուցե ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկվեին:
– Եթե փորձենք պարզապես թվարկել՝ որոնք են այսօր Հայաստանում տնտեսության զարգացմանը խոչընդոտող հանգամանքները: Ասենք, կոռուպցիան, մենաշնորհները, ստվերը եւ այլն:
– Գիտեք, այդ հարցը պետք է կոնկրետ ճյուղերով դիտարկել: Օրինակ, ասում եք՝ մենաշնորհները, չէ՞, ոլորտներ կան, որ բացարձակ մենաշնորհ չկա:
– Որ ոլորտներն են դրանք, կնշե՞ք:
– Շատ կան, օրինակ՝ կաթնամթերքի արտադրության ոլորտում մրցակցային պայմաններ են: Իսկ շատ այլ ոլորտներում, ասենք` շաքարավազի, այդ մենաշնորհը կա: Չնայած` համաշխարհային մրցունակության համաթվով՝ հակամենաշնորհային քաղաքականությունը եւ մրցակցային ամենավատ իրավիճակը Հայաստանում է:
– ՀՀ կառավարության աջակցությամբ ստեղծվեց «Ազգային մրցունակության հիմնադրամը», որը պետք է նպաստեր ազգային մրցունակության բարձրացմանը: Ձեր կարծիքով՝ հիմնադրամն իրականացրե՞լ է իր առջեւ դրված նպատակը, եթե նկատի ունենանք այն, որ «Համաշխարհային մրցունակության տարեկան զեկույցներում արդեն մի քանի տարի անընդմեջ Հայաստանը բավականին վատ դիրքերում է: 2009-2010-ի զեկույցում էլ 133 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 97-րդ տեղը:
– Բավականին հետաքրքիր ծրագրեր ունի մրցունակության խորհուրդը, եւ դրա հաջող իրականացման դեպքում, կարծում եմ, կարող է լրջագույն էֆեկտ ունենալ, օրինակ, տուրիզմի պրոյեկտը Տաթեւի վանքում, կամ այլ ծրագրեր:
– Բայց նույն հաջողությամբ շատ այլ ոչ պակաս հետաքրքիր գաղափարներ այդպես էլ մնում են թղթի վրա: Օրինակ՝ Համահայկական բանկի ստեղծման գաղափարը, Գյումրիի տեխնոպարկը, Իրան-Հայաստան երկաթուղին, եւ այլն:
– Իսկապես, ես տեսնում եմ, որ Համահայկական բանկի մասին հայտարարելուց հետո բավականին ժամանակ է անցել, բայց դեռ արդյունք չենք տեսնում, չնայած գաղափարը լավն է: Խնդիրն այն է, որ մեր գաղափարները լավն են, բայց մեր իրականացման կարողությունները թույլ են: Կամ, երբ մեր կառավարությունն ասում է, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը հակաճգնաժամային է, ես դա չեմ հասկանում, որովհետեւ հակաճգնաժամային լինելու համար ինքը շատ արագ պետք է իրականություն դառնա: Բայց հասկանալի է, որ այն չի կարող շուտ իրականություն դառնալ ու արագ էֆեկտ ունենալ մեր տնտեսության վրա: