«Բողոքի ցույցերին տված նրանց էժանագին պիտակավորումները, թե գունավոր հեղափոխություն է կամ եսիմ ինչ, ծիծաղելի են: Նրանք ամեն գիշեր երեւի գունավոր հեղափոխություն են տեսնում ու վախից արթնանում են: Նրանք այս պիտակավորումներով փորձում են ազդել կոճակ սեղմող պատգամավորների վրա: Նրանք չեն պատկերացնում, թե ոնց կարող է մարդ գաղափարի համար մի բան անել»,- «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հրավիրած ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Իսկ ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետ Գարեգին Չուքասզյանը նշել է, թե Մեսրոպ Մաշտոցի հայերեն թարգմանած առաջին նախադասությունը ոչ թե «ճանաչել զմանրածախ եւ զմեծածախ շուկա եւ իմանալ զբանկս» էր, այլ «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: «Սա իմունային համակարգի բանաձեւ է, որը ցույց է տալիս` ինչպես գոյատեւել դարերի ընթացքում»,- նկատել է Գ. Չուքասզյանը` հավելելով, որ չի կարելի շուկան ազգի ինքնության պահպանման համակարգից վեր բարձրացնել, քանի որ, երբ ամեն բան չափվում է շուկայով, առաջանում է ձեւախեղում: