Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու» դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրգործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության` նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. մայիսի 31-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Դավիթ Քիրամիջյանը Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքում վիճաբանել է պատահական անցորդ Վ. Թադեւոսյանի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: «Դ. Քիրամիջյանի եւ մյուսների խուլիգանական գործողությունները կասեցվել են ՊՊԾ գնդի ջոկի հրամանատար Ա. Բաղդասարյանի եւ Ոստիկանության մյուս աշխատակիցների միջամտության արդյունքում: Կատարած իրավախախտման համար ոստիկանների կողմից Դ. Քիրամիջյանին բերման ենթարկելիս քաղաքացի Ս. Գեւորգյանը կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իր ծառայողական պարտականությունները կատարող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Բաղդասարյանի նկատմամբ, այն է` քաշքշել է նրան եւ պոկել ուսադիրը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Դ. Քիրամիջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ս. Գեւորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասված է հաղորդագրության մեջ: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: