Երեկ Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանյանը` պատասխանելով ավստրիացի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կարելի է աշխուժացնել հայ-թուրքական հարաբերությունները եւ կյանքի կոչել արձանագրությունները, ասել է. «Կարելի է աշխուժացնել այն ժամանակ, երբ թուրքերը հարգեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, եւ հարգելով այդ պայմանավորվածությունները` առանց նախապայմանների վավերացնեն Արձանագրությունները եւ առանց նախապայմանների իրականացնեն այն ամենը, ինչ պարունակվում է արձանագրություններում: Արձանագրությունները ստորագրելուց հետո այսօր Թուրքիան վերադարձել է այն նախապայմանների լեզվին, որն օգտագործում էր այս գործընթացը սկսելուց առաջ, եւ հենց այդ հնչեցվող նախապայմանների պատճառով էր, որ կարգավորման գործընթացը փակուղում էր գտնվում»: Ըստ Նալբանդյանի, փակուղուց հնարավոր եղավ դուրս գալ, երբ կողմերը պայմանավորվեցին գնալ հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանների բացմանը` առանց նախապայմանների: Սակայն այսօր Թուրքիան, ըստ նախարարի, ինչ-ինչ պատճառներով չի կարող հարգել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել: «Թուրքիայի կողմից հնչում են հայտարարություններ, թե նա չի կարող վավերացնել եւ չի կարող իրականացնել այս պայմանավորվածությունները առանց այս, այն նախապայմանների: Ասում են` մենք նախապայմաններ չունենք, բայց եթե դուք անեք սա` մենք կկարողանանք մի քիչ շարժվել առաջ, եթե դուք անեք այն` մենք կշարժվենք ավելին, դա նշանակում է` նախապայմաններ: Դա ոչ միայն Հայաստանի դիրքորոշումն է, այլեւ միջազգային հանրության: Այդ դիրքորոշումը մի ձեւակերպում ունի. առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում վավերացնել եւ իրագործել պայմանավորվածությունները: Այսօր Թուրքիան չի կարողանում հարգել միջազգային հանրության այդ մոտեցումը: Երբ Թուրքիան ի զորու կլինի հարգել պայմանավորվածությունները, որոնք ինքը ձեռք է բերում այլ երկրների հետ, այդ ժամանակ հնարավոր կլինի շարունակել այս գործընթացը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: