1960-ականների Հայաստանի քաղաքական, մշակութային զարթոնքը կապվում է հատկապես Տիգրան Պետրոսյանի` աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն դառնալու հետ: Սակայն այսօր գոնե ակնհայտ է, որ Տիգրան Պետրոսյանի հաղթանակն ընդամենը ազդակ էր, մնացյալը հասարակության նախաձեռնությունն էր, առաջ շարժվելու գիտակցությունը: Հակառակ դեպքում, շախմատի Հայաստանի հավաքականը վերջին տարիներին երկու անգամ դարձավ աշխարհի օլիմպիական չեմպիոն, եւ ոչ մի կարգի զարթոնք չհաջորդեց այդ երկու մեծագույն հաղթանակներին:
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 81 տարեկան: «Իհարկե, հաճելի կլիներ կենդանության օրոք տեսնել իմ մասին գիրք: Բայց նման գիրք չկա, եւ ես չեմ տխրում»: Սրանք Տիգրան Պետրոսյանի խոսքերն են: Նրա կենդանության օրոք իր մասին հայերենով գրքեր չգրվեցին: Օրերս լույս տեսավ «Վարք Տիգրան Պետրոսյանի» գիրքը: Հեղինակը Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գլխավոր մասնագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ասատուր Փաշայանն է, ով հայ գիտության պատմության վերաբերյալ բազմաթիվ աշխատանքների հեղինակ է:
– Պարոն Փաշայան, զարմանալի է Ձեր հետաքրքրությունը Տիգրան Պետրոսյանի հանդեպ: Հատկապես որ, նրա մասին արդեն բավական գրականություն կա:
– Տիգրան Պետրոսյանն իմ սիրած կերպարն է: Գուցե նաեւ այն պատճառով, որ իմ հետաքրքրությունների ոլորտում մեծ տեղ եմ տալիս հատկապես այն մարդկանց, ովքեր ծանր մանկություն են ունեցել: Ճիշտն ասած, շախմատն իմ բնագավառը չէր, եւ հիմա էլ մտածում եմ, թե ինչու այդպիսի գործ ձեռնարկեցի: Միեւնույն ժամանակ գոհ եմ, որ այդ մարդու մասին որոշակիորեն համապարփակ մի գործ արդեն կա: Տիգրան Պետրոսյանն առանձնանում է 20-րդ դարի 2-րդ կեսի անհատներից: 1963-ին նա հռչակվեց աշխարհի 9-րդ չեմպիոն: Ամբողջ Հայաստանը շնչում էր Տիգրան Պետրոսյանով: Մինչ այդ չէինք ունեցել ինքնարտահայտման նման հնարավորություն:
– Ձեր գրքում ներկայացրել եք Ռուբեն Անգալադյանի հոդվածից մի հատված: Ըստ այդմ` «Երբ Տիգրան Պետրոսյանը հայտնվեց շախմատային հորիզոնում, բոլորն աշխուժացան, քանզի նրանից առաջ քնատ անդորրություն էր տիրում: Մի ողջ ժողովուրդ դարձավ զորավոր եւ վերհիշեց իր թագավորներին ու հերոսներին»:
– Կարծում եմ, ճիշտ չի լինի ասել, թե հայ հասարակությունը բոլորովին քնած էր: 1945-ին հիմնվեց Գիտությունների ակադեմիան, Բյուրականի աստղադիտարանը, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը եւ այլն: Դրանք զարթոնք չէի՞ն: Զարթո՛նք էին: Սակայն Տիգրան Պետրոսյանի բերած զարթոնքն այլ էր: Իսկապես, դրանից ուղիղ երկու տարի անց ԽՍՀՄ-ում նախադեպը չունեցող մի հուժկու ազգային շարժում սկսվեց: Իմ սերնդակիցները լավ հիշում են, թե ինչպիսի ծովածավալ բազմություն էր հավաքվել Երեւանի փողոցներում: Ինձ թվում է, դա ինչ-որ չափով պայմանավորված էր նաեւ Տիգրան Պետրոսյանի հաղթանակով: Դրան հետեւեց նաեւ 65թ.-ին` «Բարեւ, ես եմ» ֆիլմը, 1967թ.-ին` Փարաջանովի «Նռան գույնը», նաեւ «Արարատ-73»-ի հաղթանակները:
– Ձեր գրքում նշում եք` «Տարօրինակ է, բայց Տիգրան Պետրոսյանին նվիրված առաջին մեծածավալ աշխատությունների հեղինակները մեր հայրենակիցները չէին»: Ինչո՞ւ:
– Այսպիսի հանելուկի երբեք չէի հանդիպել: Նա 63-ին հռչակվեց աշխարհի չեմպիոն: Այդ ժամանակ Զարուբյանն էր Կենտկոմի առաջին քարտուղարը: Թվում էր, գոնե պետք է հանձնարարվեր մեկին` Տիգրան Պետրոսյանի մասին գիրք գրել: Չեղավ: Միայն Ա. Սուետինի եւ Վ. Վասիլեւի գրքերը տպագրվեցին Երեւանում: Մահանալուց միայն հինգ տարի անց հայտնվում է Գագիկ Հակոբյանի մենագրությունը Տիգրան Պետրոսյանի մասին: Եթե սպասում էին նրա մահվանը, կարող էին 84թ.-ից անմիջապես հետո մի բան անել: Ինձ համար սա առեղծված է` ինչու այդպես անփույթ վարվեցին այդ հանճարեղ մարդու հետ:
– Գուցե խնդիրն այն էր, որ նա այդպես էլ Հայաստանում բնակություն չհաստատեց:
– Չեմ կարծում: Ինչ-որ ուժեր կային… Անգամ այն դեպքում, երբ 1966թ., հաղթելով Բորիս Սպասսկուն, նա տիկնոջ հետ եկավ Երեւան եւ Շախմատի տան հիմնարկեքն արեց, թվում էր` արդեն երկրորդ անգամ աշխարհի գահը նվաճել է, ուր որ է գիրքը կծնվի, սակայն այդպես էլ չեղավ: Ի դեպ, սա եզակի դեպք չէ: Օրինակ` Կալենցի մասին մինչեւ հիմա գիրք չկա, Ալեքսանդր Թամանյանի մասին` նույնպես. իսկ այդ մարդը քաղաք է կառուցել:
– Հիշատակել եք Գոգոլի խոսքը. «Գիտեմ, որ ինձանից հետո իմ անունն ինձանից բախտավոր կլինի»: Տիգրան Պետրոսյանի պարագայում այս դիտարկումն անընդունելի եք համարել: Այսինքն` շախմատիստի մահից հետո նրա անունը «բախտավոր չեղավ»: Ինչո՞ւ եք այսպես կարծում: Գուցե այն պատճառով, որ մահվանից հետո կենտրոնական մամուլը, հեռուստատեսությունն այդպես էլ չանդրադարձա՞ն դրան: Եթե չեմ սխալվում, անգամ մահախոսական չհրապարակվեց:
– Ընդհանրապես, երբ հեծյալը ձիու վրա չէ, հեծյալ չէ: Երբ Տիգրան Պետրոսյանը մահացավ, արդեն չեմպիոն չէր: Ինչ-որ չափով նրա փառքը խամրել էր: Սակայն ամենեւին արդարացված չէր նրա նկատմամբ այդ անտարբերությունն ու քար լռությունը, ինչը, ըստ ամենայնի, նրա ծագման հետ կապ ուներ: Բայց չէ՞ որ նա պատիվ բերեց ԽՍՀՄ-ին: Մի՞թե հնարավոր չէր հեռուստատեսությամբ մի երկու խոսք ասել նրա մահվան կապակցությամբ: Երկու տողով անդրադարձել է միայն «Սովետսկի սպորտը»: Միանգամայն հիմնավոր է թվում Սոս Սարգսյանի տված բացատրությունը. «Ազգանվան այդ «յան»-ը, որ չփոխեց, իր գլխին պատուհաս դարձավ»: Ճիշտն ասած, հայ գործիչներից շատերը, ովքեր ապրել են Մոսկվայում, իրենց մահվանից հետո նման անտարբերության չեն արժանացել: Մի յուրահատուկ մշուշով է պատված այդ հարցը: Ի վերջո, Արամ Խաչատրյանն էլ «յան» էր, եւ դա նրան, կարծես, չէր խանգարում:
– Ռուսների համար գուցե այդ «յան»-ը խնդիր էր, սակայն մենք` հայերս էլ, Տիգրան Պետրոսյանին ըստ արժանվույն չենք գնահատել: Գնահատել ենք կենդանության օրոք, հատկապես 63-66 թթ., երբ նա փառքի գագաթին էր: Իսկ հետո՞:
– Չէի ասի. նրան շատ ջերմ էին ընդունում Հայաստանում: Հայերի համար Երեւան-Մոսկվա չվերթը կարծես Երեւան-Լենինական լիներ. է՛լ թփով դոլմա էին ուղարկում սիրելի շախմատիստին, է՛լ մուրաբաներ… Բացի այդ, Տիգրան Պետրոսյանին տարբեր առիթներով ջերմ խոսքեր են նվիրել հայ մտավորականներից շատերը, նրան վրձնել են Մ. Սարյանը, Հ. Ռուխկյանը: Նրա շնորհիվ Տիգրան անունը Հայաստանում դարձավ էլ ավելի տարածված: Հետաքրքրական է, որ Տիգրան Պետրոսյանի թիկնապահին` Սերգո Համբարձումյանին, ով շատուշատ դժվարությունների ընթացքում եղել է նրա կողքին, թույլ տվեցին Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց խորտկարան բացել: Այն տարիների համար դա չտեսնված բան էր: Ներկայումս Տ. Պետրոսյանի երեք հուշարձան կա, Տիգրան Խզմալյանը նրա մասին նկարահանել է ֆիլմ` «Արքայի մահը», շարունակվում են նրա հիշատակին նվիրված շախմատի մրցաշարերը եւ այլն:
– Ինչո՞ւ Տիգրան Պետրոսյանի աճյունը Հայաստանում չէ:
– Դա կրկին մեր բացթողումներից է: Նա մահացավ Մոսկվայում, թաղվեց հայկական գերեզմանոցում, որն, ի դեպ, ներկայումս շատ վատ վիճակում է: Նրա կողքին թաղված են քրեական անցյալ ունեցող մարդիկ, ովքեր փող ունեին, ցանկացել են թաղվել Տիգրան Պետրոսյանի հարեւանությամբ: Ինչը եւ արվել է: Տիգրան Պետրոսյանի գերեզմանին հասնելու համար պետք է ցատկոտել մի քանի գերեզմանների վրայով: Երբ մահացավ Առնո Բաբաջանյանը Երեւանում, այստեղ էլ Կենտկոմը միջամտեց: Այն ժամանակվա առաջին քարտուղարն արգելեց նրան թաղել Պանթեոնում: Եվ տարան Թոխմախ: Նույն ճակատագրին արժանացավ Մինաս Ավետիսյանը: Երվանդ Քոչարը: Ճիշտ է, գերեզմանը չի որոշում մարդու արժեքը: Հիմա` Մաշտոցն Օշականում է թաղված, թե այլ վայրում, ի՞նչ էական է: Նա մեր ամենամեծ սուրբն է:
– Տիգրան Պետրոսյանի որդին` Վարդանն` իր ընտանիքով, այսօր բնակվում է Մոսկվայում: Նրա հարազատները, եթե չեմ սխալվում, բնակվել են Երեւանում:
– Տիգրանն ունեցել է մեկ քույր, ով երկար տարիներ աշխատել է Թբիլիսիի փոստատներից մեկում: Տիգրան Պետրոսյանի եղբայրը` Հմայակը, մահացել է 1999-ին: Իր եղբոր անունը կրող Շախմատի տան հաշվապահն էր: Մահախոսականում գրված է. «Մեզնից հեռացավ Տիգրան Պետրոսյանի հարազատ եղբայրը` քայլող հանրագիտարան, եւ մենք զրկվեցինք նրանից»: Մի՞թե հնարավոր չէր կենդանության օրոք այդ մարդուն խնդրել հուշեր պատմել իրենց ընտանիքի, եղբոր մասին, եւ թղթին հանձնել դրանք: Հետաքրքրական է նաեւ, որ մինչեւ վերջերս շատ մութ անկյուններ կային` կապված Տիգրան Պետրոսյանի ծննդավայրի հետ: Չնայած, շատ դեպքերում, որպես Տիգրան Պետրոսյանի ծննդավայր՝ նշվում է Թբիլիսին, սակայն իրականում նա ծնվել է Ապարանի շրջանի Մուլքի գյուղում, որտեղից էլ նրա ընտանիքը տեղափոխվել է Թբիլիսի: Իսկապես, շատ բան կարելի էր ճշտել Տիգրան Պետրոսյանի կամ նրա հարազատների կենդանության օրոք: Սակայն, ինչպես ասում են` հայի վերջին խելք: