Ալյուրի գործով

26/06/2010

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը երեկ հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Պաշտպանության նախարարության կողմից Արտակարգ իրավիճակների նախարարության Պետական ռեզերվների գործակալությանը վստահված, սակայն հետագայում փչացած 2,5 մլրդ դրամի ալյուրի գործի վերաբերյալ: «Հարցը գաղտնի է, լրացուցիչ ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Գրիգորյանը` հավելելով, թե վարչապետի վերահսկողական ծառայությունը ստուգող մարմին չէ, պարզապես ուսումնասիրություններ է կատարում: «Մեր ունեցած տեղեկատվություններում հնարավոր է լինեն քրեական տարրեր, մենք դրանք փոխանցում ենք Գլխավոր դատախազությանը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության վերահսկողության ծառայությունը պարզել էր, որ 2008թ. Հայաստան էր ներմուծվել եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական ռեզերվների գործակալությանն էր հանձնվել որոշակի քանակությամբ ալյուր: Դրա մնացորդի վերագնահատումն իրականացրել էր «Տիգրիս» ՍՊԸ-ն: Գլխավոր դատախազությունում նախապատրաստված նյութերի համաձայն, գործակալության պետն ու այլ պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, պատշաճ հսկողություն չէին իրականացրել «Տիգրիս» ՍՊԸ-ի տնօրենի գործողությունների նկատմամբ: Վերջինն էլ առանց ալյուրի որակական ցուցանիշների մասնագիտական հետազոտության, 2009թ. հունիսին ամբողջ ալյուրը գնահատել եւ վաճառել էր նախկինում իր որոշած շուկայական գնից զգալիորեն ցածր` 1 կգ-ն 80 դրամ` նախկինի 170 դրամի փոխարեն: Արդյունքում` պետությանը պատճառվել էր էական վնաս: