Օբամայի եւ Մեդվեդեւի նախաճաշը` գեղեցիկ PR

26/06/2010

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախօրեին Սպիտակ տանը կայացած պաշտոնական հանդիպումից հետո համբուրգեր են կերել Ray’s Hell Burger սրճարանում: Օբաման պանրով, սոխով, հազարով, լոլիկով ու թթու վարունգով բուրգեր եւ թեյ է պատվիրել, իսկ Մեդվեդեւը` չեդերով, կծու բիբարով ու սնկով բուրգեր եւ «Կոկա-կոլա»: Մեդվեդեւը Twitter-ում օրերս իր միկրոբլոգն է բացել, որում խոստովանել է, որ վաղուց համբուրգեր չէր կերել: Այդ ռեստորանը, ըստ լրագրողների, Օբամայի սիրելի վայրերից է: Ընդ որում, նախագահների այցելության ընթացքում սրճարանն իր ամենօրյա հաճախորդների համար բաց է եղել, եւ, մարդիկ երկու նախագահներին տեսնելով` շատ են զարմացել: Ավելին, ըստ լրագրողների` բացի նախագահներից եւ գաղտնի ծառայություններից` ոչ ոք չի իմացել, թե նրանք որտեղ են նախաճաշելու: Դ. Մեդվեդեւը եւ Բ. Օբաման այժմ ակտիվորեն կարող են շփվել նաեւ Twitter-ում իրենց միկրոբլոգների միջոցով: «Պետք է խոստովանեմ, որ մեզ մոտ ստացվում է հարցերի քննարկումը: Վերջին անգամ Նախագահ Օբամայի հետ մենք խոսել ենք հեռախոսով: Ինձ համար դա ռեկորդային էր այն առումով, որ երբեք այդքան երկար չէի խոսել հեռախոսով: Մենք խոսեցինք 1 ժամ 45 րոպե: Դա շատ է, արդեն սկսում է ականջդ ցավել»: Օբաման էլ իր հերթին ասել է. «Ես էլ ունեմ Twitter-ում իմ միկրոբլոգը, եւ արդեն մենք կարող ենք շփվել առանց այդ կարմիր հեռախոսների»: Ֆաստֆուդի մասին խոսելիս Դ. Մեդվեդեւն ասել է. «Տիպիկ ամերիկյան է: Միգուցե համբուրգերն այնքան էլ օգտակար չէ առողջության համար, բայց միեւնույն է` համով է, եւ ամենակարեւորը, որ զգում ես Ամերիկայի ոգին»: Twitter-ում Մեդվեդեւի եւ Օբամայի նախաճաշի լուսանկարները դիտելիս մարդիկ տարբեր մեկնաբանություններ են կատարել. մեկը խորհուրդ է տալիս համբուրգերի փոխարեն սալաթ ուտել, մյուսը չի հավատում, որ սրճարանի մյուս հաճախորդները սովորական քաղաքացիներ են, այլ մտածում են, որ այդ ամենը շատ լավ կազմակերպված է PR-ի համար… Ինչ խոսք, անշուշտ PR է, բայց կարեւորը, որ լավ է արված…