Թագուհին այցելել է Ուիմբլդոն

26/06/2010

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդն այցելել է Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնի մրցաշար: 1977-ից ի վեր նա չէր եղել լոնդոնյան կորտերում եւ մեծ ցանկություն էր հայտնել հանդիպել թենիսի համաշխարհային աստղերի հետ, ինչպես նաեւ օգտվել ավանդական սերուցքով ելակից: Թագուհին շրջել է մի քանի խաղահրապարակներում, ներկա է գտնվել ռեկորդային մրցավեճին, իսկ քիչ ավելի ուշ նրան են ներկայացրել թենիսի համաշխարհային աստղերին: 84-ամյա Ելիզավետան ցանկություն էր հայտնել հանդիպել Ուիմբլդոնի մրցաշարի անցած տարվա հաղթողներ Ռոժե Ֆեդերերի եւ Սերենա Ուիլյամսի հետ: Ընտրյալների ցանկում հայտնվել էին նաեւ Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչը, Էնդի Ռոդիկը, Վինուս Ուիլյամսը, Կարոլին Վոզնյացկին եւ Ելենա Յանկովիչը:

Հանդիպման ավարտից հետո Անգլիայի թագուհին ճաշակել էր սերուցքով ելակը, որը համարվում է Ուիմբլդոնի մրցաշարի խորհրդանիշը: