Լիպպին ամբողջ մեղքն իր վրա է վերցնում

26/06/2010

Իտալիա-Սլովակիա հանդիպումից հետո աշխարհի գործող չեմպիոնները չկարողացան պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, ինչից հետո մարզիչ Մարչելո Լիպպին խոսք չէր գտնում` արդարացնելու խմբային փուլի անհաջող ելույթները: «Նման իրավիճակում ոչ մի արդարացում լինել չի կարող: Կատարվածի համար ամբողջ մեղքը ես վերցնում եմ ինձ վրա: Եթե նման մրցաշարում, ինչպիսին է աշխարհի առաջնությունը, թիմը հանդես է գալիս այս կերպ, ուրեմն խնդիրը մարզչի մեջ է, որը չի կարողացել իր թիմին պատրաստել ավելի տպավորիչ եւ արդյունավետ խաղի համար: Շատ եմ ցավում մեր երկրպագուների համար: Երբեք չէի պատկերացնի, որ հավաքականում իմ գործունեությունը կարող է նման ավարտ ունենալ: Հաղթողներին հաջողություն եմ մաղթում, իսկ բոլոր նրանց, ում հետ ես աշխատել եմ վերջին չորս տարիներին` շնորհակալություն»,- ասել է Լիպպին: Սակայն Իտալիայի հավաքականի պաշտպան Դոմինիկ Կրիշիտոն համաձայն չէ, որ այդ ամենի մեղքը մարզչինն է. «Ես համաձայն չեմ, որ ամբողջ մեղքը պետք է բարդել մեր մարզչի վրա: Դաշտում խաղում էին ֆուտբոլիստները, ոչ թե մարզիչը: Ընդմիջմանը մեզ հանձնարարվել էր ճնշել հակառակորդին, բայց մեզ դա չհաջողվեց: Ամբողջ մեր թիմի անունից ես ուզում եմ ներողություն խնդրել մեր երկրպագուներից: Ինչ վերաբերում է արդյունքներին, մենք պարտավոր էինք բոլոր խնդիրները լուծել առաջին երկու հանդիպումներում: Ցավում եմ, որ դա էլ մեզ չհաջողվեց»:

Ողբալի վիճակում էր նաեւ իտալացիների առաջին հանդիպման հերոս Դանիելե դե Ռոսին: «Սլովակիայի հետ խաղից առաջ մենք կատակում էինք, ծիծաղում, բայց ամենասարսափելի երազում էլ չէինք պատկերացնի, որ նման բան տեղի կունենա: Եթե մեզ դուրս թողնեին Իսպանիան կամ Բրազիլիան, դա մի քիչ այլ կլիներ, բայց սլովակներից պարտություն կրելը անհնար է բացատրել»,- ասել է նա: Սակայն դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոստովանել է, որ նման արդյունքն օրինաչափ էր. «Մենք արժանիորեն ենք լքում աշխարհի առաջնությունը: Մենք, իհարկե, մեծ հարգանքով ենք վերաբերվում Սլովակիայի եւ Նոր Զելանդիայի հավաքականներին, բայց, այնուամենայնիվ, պետք է հաղթեինք նրանց: Բայց քանի որ դա տեղի չունեցավ, մենք ստիպված ենք տուն վերադառնալ»:

Ի դեպ, արդյունքը ապշեցրել էր նաեւ Սլովակիայի հավաքականին. Ռոբերտ Վիտեկը, ով դուբլի հեղինակ էր դարձել, ճանաչվել է նաեւ հանդիպման լավագույն խաղացողը: «Սա միայն իմ հաղթանակը չէ, սա մեր ողջ թիմի հաղթանակն է: Ես պարզապես հայտնվել էի ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում: Իմ գոլերը ես նվիրում եմ կնոջս եւ երեխաներիս: Ինչ վերաբերում է մեր հակառակորդներին, ապա Իտալիայի հավաքականը բավականին երկար ժամանակ փակուղում էր եւ չէր կարողանում ճեղքել պաշտպանությունը: Դաշտ դուրս գալուց առաջ մենք միմյանց ասել էինք, որ խաղալու ենք այնպես, կարծես սա մեր վերջին աշխարհի առաջնությունն է»: