«ՀՀ-ն, ի տարբերություն Ադրբեջան սուլթանատի, մշտապես իր խոսքով ու գործով կողմնակից է եղել խնդրի բացառապես խաղաղ, բանակցային կարգավորմանը: Հունիսի 18-ի միջադեպը ծրագրված ահաբեկչություն էր ղարաբաղյան զինված ուժերի նկատմամբ: Կարծում եմ` եվրոպական կառույցները, մասնավորապես՝ ԵՄ ներկայացուցիչը, պարտավոր է հավատարիմ մնալով ժողովրդավարական արժեքներին` իրերն իրենց անուններով կոչել, ոչ թե ընդհանուր գնահատականներ տալ, որովհետեւ հայկական կողմն այդտեղ որեւէ մեղք չունի»,- անդրադառնալով ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի երեկվա հայտարարությանը, մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա` եվրոպական կառույցները պետք է խիստ գնահատականներ տային Ադրբեջանին, որովհետեւ նույնիսկ Եվրոպայի պատմությունը ցույց է տվել, որ ոճրագործությունների չդատապարտված լինելը ծնում է նոր ոճրագործություններ: «Համոզված եմ` ԵՄ նման լղոզված դիրքորոշումը չի կարող օժանդակել խնդրի խաղաղ կարգավորմանը: Հակառակ դեպքում այսօր արդեն երկակի ստանդարտներ են առաջանում, ինչը չի բխում ժողովրդավարության շահերից: Ավելին` հարցականի տակ կարող է դնել այն կառույցի հեղինակությունը, որը նմանատիպ լղոզված հայտարարություններով է հանդես գալիս»,- ավելացրել է Շարմազանովը: