«Իրանը թույլ չի տա, որ իր սահմանին մոտ` ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայվեն»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը: «Դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործընթաց է գնում, սակայն Իրանը թույլ չի տա նման զարգացում»,- նշել է նա: Մեկնաբանելով այն տեղեկությունները, թե Թուրքիան զինված ուժեր է կենտրոնացնելու Նախիջեւանում, նա ասել է, թե իրենք առայժմ նման տվյալներ չունեն, սակայն, եթե նման բան լինի, «կհակասի Թուրքիայի «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությանը»: «Ֆիզուլիում ամերիկացիներն են հավակնում զորքեր տեղակայել, ինչը մենք վստահաբար թույլ չենք տալու»,- ասել է Սեյեդ Ալի Սաղայիանը: «Այդ բախումը, որ տեղի է ունեցել, կարելի է ասել, ավելի շուտ տարածաշրջանից դուրս գտնվող սադրանքի հետեւանք է»,- անդրադառնալով հունիսի 18-ին արդրբեջանական կողմի իրականացրած դիվերսիային, ասել է նա: Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի դեսպանը՝ տարածաշրջանից դուրս գտնվող սադրանք ասելով, Սաղայիանը պատասխանել է. «Ես նկատի չունեմ որեւէ երկիր կամ ուժ, այլ այն գործոնները, որոնք կարող են կրել արտաքին բնույթ»: Խոսելով հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականության մասին՝ նա ասել է, որ իրենք «վստահաբար բացառում են պատերազմի վերսկսումը»: