«Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական անգամ տարածել են ապատեղեկատվություն եւ իրենց կատարածը վերագրում են հայկական կողմին»,- հայտարարել է ԼՂՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն լուրերը, թե անցած գիշեր հայկական կողմը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը: Ըստ նրա` շփման գոտու ամբողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախօրեին պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը. գիշերվանից մինչեւ ժամը 12:30-ը խախտել է 220 անգամ: «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համարժեք գործողություններով լռեցրել են հակառակորդի ագրեսիվ գործողությունները: Իրավիճակը սահմանային գոտու ողջ երկայնքով գտնվում է պաշտպանության բանակի վստահելի վերահսկողության տակ»,- ասել է Հասրաթյանը: