Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանագծում անցած շաբաթ սկսված եւ դեռեւս շարունակվող լարվածությունը հանգեցրել է առայժմ ոչ այնքան հրապարակային գործընթացների, որոնք այս կամ այն չափով ցույց են տալիս, թե գերտերություններից յուրաքանչյուրն ինչպես է ցանկանում օգտվել ստեղծված իրավիճակից: Մասնավորապես` վերջին օրերին ոչ պաշտոնապես ՌԴ իշխանությունների տեսակետներն արտահայտող որոշ ռուս փորձագետներ` վերլուծելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները, «հարեւանցիորեն» կարծիքներ են հայտնում ԼՂ-ում ռուսական զորքերի տեղակայման անհրաժեշտության վերաբերյալ: Թեեւ ԱՄՆ-ից դեռ—ս այս խնդրի առնչությամբ «ազդակներ» չեն հնչում, սակայն ակնհայտ է, որ այդ հարցն արդիական է նաեւ ամերիկյան կողմի համար: Եվ պատահական չէ, որ երեկ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը շտապել է ասուլիս հրավիրել ու հայտարարել, թե Իրանը թույլ չի տա, որ իր սահմանին մոտ` ղարաբաղյան հակամարտության գոտում, միջազգային խաղաղարար ուժեր տեղակայվեն: Հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքն, առաջին հերթին, ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի մասին է: Եվ եթե իսկապես նման զարգացումներն իրական են, ապա այդ ֆոնին բավական հետաքրքիր է դառնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` նախօրեին Գերմանիայում արած այն հայտարարությունը, որ «տարածաշրջանային լուծումներում չի կարելի եւ հնարավոր էլ չէ անտեսել Իրանը»: Այսինքն` բացառված չէ, որ ԼՂ-ում միջազգային զորքեր տեղակայելու մասին հարցը քննարկվել է նաեւ Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ: Եվ ներկայումս ՀՀ-ն նաեւ Իրանի աջակցության կարիքն ունի այդ հարցում: Հատկապես, որ «խաղաղության երաշխավոր» միջազգային կառույցները վերջին օրերի իրենց անողնաշար դիրքորոշմամբ ապացուցեցին, թե որքան հետեւողական են խաղաղության պահպանման հարցում: