ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում «ափսոսանք է հայտնել հունիսի 18-19-ի գիշերը ԼՂ-ի հակամարտության շփման գծում տեղի ունեցած զինված միջադեպի համար, որի արդյունքում մարդկային կյանքի կորուստ է գրանցվել»: Էշթոնի խոսնակի հայտարարությունը երեկ տարածել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը: «Բարձրագույն ներկայացուցիչը երկու կողմերին կոչ է անում հարգել զինադադարի պայմանները, զերծ մնալ զենքի եւ ցանկացած սպառնալիքի կիրառումից եւ շարունակել ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը: ԵՄ-ն վերստին հաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին ու երեք համանախագահների աշխատանքին»,- հայտարարել է նա: Փաստորեն, Էշթոնը եւս, ինչպես նախորդ օրերին կատարվածի վերաբերյալ հայտարարություններ ընդունած եվրոպական պաշտոնյաներն ու կառույցները, ընդամենը բավարարվել է ընդհանուր ձեւակերպումներով եւ «երկու կողմերին կոչ է արել հարգել զինադադարի պայմանները»: Այն դեպքում, երբ հունիսի 19-ի գիշերը տեղի ունեցածը միանշանակ ադրբեջանական կողմից իրականացված սադրանք էր: Ստացվում է, որ առաջիկայում էլ ադրբեջանցիները կարող են նման քայլերի դիմել` ապավինելով միջազգային հանրության չեզոքությանը: