Հող են նախապատրաստում

24/06/2010

«Անցած շաբաթավերջին հայ-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած բախման գլխավոր նպատակը միջազգային հանրության ուշադրությունը կրկին Ղարաբաղի խնդրի վրա սեւեռելն էր»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը: «Աշխարհի առաջատար պետություններն այժմ զբաղված են այլ խնդիրներով: Նրանց ուշադրությունը կենտրոնացել է այլ հարցերի վրա` Իրան, Իրաք, Մերձավոր Արեւելք, Ղրղըզստան, Մեքսիկական ծոցում նավթի արտահոսք: Նման պայմաններում հայ-ադրբեջանական հակամարտությունը հետին պլան է մղվել: Չի բացառվում, որ կրակոցների միջոցով հիշեցնում են` նման հարց գոյություն ունի, այն պետք է լուծել: Ակնհայտ է, որ կարգավորման գործընթացում առաջընթացը Բաքվին է անհրաժեշտ` նաեւ ներքաղաքական նկատառումներից ելնելով»,- նշել է նա: Ըստ նրա, սակայն, ցանկացած լոկալ գործողությունը կարող է անվերահսկելի զարգացումների հանգեցնել: «Լարվածության աճը տեսականորեն հնարավոր է նաեւ այն դեպքում, երբ կողմերից եւ ոչ մեկը նպատակ չունի գործը լայնածավալ մարտերի հասցնել: Դա հնարավոր է նաեւ այն պատճառով, որ կողմերի միջեւ չկան ապառազմականացված գոտիներ: Չեմ կարծում, սակայն, որ ԼՂՀ հակամարտության կողմերից որեւէ մեկը այժմ լայնածավալ գործողություններ սկսելու ցանկություն ունի»,- համոզված է նա: Խոսելով հայ-ադրբեջանական շփման գոտում վերջին իրադարձություններին ռուսաստանյան իշխանությունների արձագանքից` Պ. Ֆելգենգաուերը պնդել է. «Ռուսաստանյան իշխանությունների համար ամենացանկալի լուծումը տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումն է: Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը Մոսկվայի շահերին չի համապատասխանում: Մոսկվան, սակայն, կցանկանար ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Անդրկովկասում»։ Նա հիշեցրել է. «ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման գաղափարը նոր չէ: Առաջին անգամ նման նախաձեռնությամբ հանդես է եկել դեռ Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովը` 1994թ.: 90-ականների կեսերին, երբ Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում անհամեմատ ավելի նշանակալի էր, դա անել չհաջողվեց: Դժվար է ասել, թե ինչպես է հնարավոր լինելու դրան հասնել այսօր: Ամեն դեպքում, բավական բարդ կլինի խաղաղապահների տեղակայման հարցը համաձայնեցնել ԼՂ-ի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ»: