Նույն երգը

24/06/2010

«Հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին միջադեպը առաջին հերթին նախազգուշացում էր ողջ աշխարհին այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային կառույցների հորդորներին հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին` նա ասել է. «Ռազմական հռետորաբանությունից հրաժարվելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ ազատագրվեն Ադրբեջանի գրավյալ տարածքները. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում շանս չտալ պատերազմին, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի զինված ուժերը լքեն Ադրբեջանի տարածքները: Որքան արագ սկսվի այդ գործընթացը, այնքան շատ կշահեն կողմերը, ներկայիս ստատուս-քվոն որեւէ մեկին չի գոհացնում»: Նա հերթական անգամ կրկնել է, թե «քանի դեռ Ադրբեջանի տարածքները գտնվում են օկուպացիայի տակ, եւ շարունակվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրությունը, հակամարտության գոտում կարող են նոր ռազմական միջադեպեր արձանագրվել»: «Հայաստանը ուզում է մեզ հետ ինչ-որ համաձայնագիր ստորագրել ուժի չգործադրման մասին: Սակայն ուժն արդեն իսկ գործադրվել է, Ադրբեջանի տարածքները արդեն իսկ օկուպացվել են, եւ այժմ անհրաժեշտ է վերացնել դրա հետեւանքները»,- ասել է նա: Պնդելով, որ հակամարտությունը հնարավոր է կարգավորել, եթե «Հայաստանը սկսի գործընթացին վերաբերվել ամենայն լրջությամբ»` Մամեդյարովը հերթական անգամ մեղադրել է ՀՀ-ին բանակցություններն անհարկի ձգձգելու եւ Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի վերաբերյալ խուսափողական պատասխան տալու մեջ: «Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ-ն ոչ մերժեց, ոչ ընդունեց Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, ինչը մեծ դժվարություններ է ստեղծում խաղաղ բանակցությունների շարունակման համար: Մի կողմից՝ հայկական կողմն ասում է, որ պատրաստ է շարունակել աշխատանքը Մադրիդյան սկզբունքների վրա, մյուս կողմից` չի համաձայնում նորացված տարբերակի որոշ դրույթների հետ: ՀՀ-ն սառեցված է որակում ղարաբաղյան հակամարտությունը, սակայն պաշտոնական Բաքուն համաձայն չէ այդ ձեւակերպման հետ, քանի դեռ շփման գծում տեղի են ունենում բախումներ, որոնք մարդկանց մահվան պատճառ են դառնում»,- հայտարարել է Մամեդյարովը: