Մնաց քվեարկությունը

24/06/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ հրավիրած արտահերթ նստաշրջանում ՀՀ Ազգային ժողովը շարունակեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» աղմկոտ օրինագծերի քննարկումը, որը կիսատ էր մնացել անցած քառօրյայից հետո:

Հիշեցնենք, որ այդ օրինագծով ՀՀ կառավարությունն առաջարկում էր Հայաստանի 15 դպրոցներում իրականացնել օտարալեզու կրթություն: Կառավարության նախագիծն արժանացել էր խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության, հասարակական բազմաթիվ կառույցների քննադատությանը: Օրինագծին դեմ արտահայտվեցին նաեւ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» եւ իշխող Հանրապետական կուսակցությունների մի շարք անդամներ, անգամ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իշխանության ներկայացուցիչները պահանջում էին կրճատել դպրոցների քանակը եւ օտարալեզու կրթությունն իրականացնել միայն ավագ դպրոցներում: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ իր ելույթում կրկին հայտարարեց, թե իրենց պահանջները մնում են ուժի մեջ: «Ժառանգություն» խմբակցությունն ընդհանրապես դեմ էր այս նախագծին: «Հարգելի իշխանություն, քանի դեռ ՀՀ-ում չունենք միջազգային չափանիշներին համապատասխանող կառավարման համակարգ, ազատ դատական համակարգ եւ ազատ խոսք, քանի դեռ ՀՀ-ում բացակայում են ժողովրդավարական ինստիտուտները, որեւէ օրենքի փոփոխությամբ չի հաջողվի նույնիսկ միջազգային չափանիշներին համապատասխան 2 դպրոց բացել»,- հայտարարեց պատգամավոր Անահիտ Բախշյանը:

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը պահանջում էր այդ ծրագրերն իրականացնել առանց օրենսդրական փոփոխությունների: ՀՅԴ անդամների կարծիքով՝ մեր օրենսդրությունը թույլ է տալիս իրականացնել օտարալեզու կրթություն: Խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր ելույթում կարծիք հայտնեց, թե կրթությունը Հայաստանում արժեք չէ: «Եթե ունես գիտելիք, դա քո՝ հասարակության մեջ հեղինակությանը ոչինչ չի ավելացնում, եթե փող ունես` ավելացնում է, եթե ատրճանակ ունես գրպանում եւ չես վախենում, որ ձեռքիցդ ոստիկանները կխլեն, լկտի ես` ավելացնում է, վզիդ դիամետրը համապատասխան թվից մեծ է, գողական ընկերներ ունես` հեղինակությունդ ավելանում է, գիտելիք ունես` չի ավելանում: Գիտելիք ունես, պրոֆեսիոնալ ես, ոչ մեկին չի հետաքրքրում որեւէ մակարդակում: Լավ, ունեցանք դպրոց, եւ այն տվեց գիտելիքներ, որով երեխան կարող է ընդունվել Օքսֆորդ, Քեմբրիջ, Հարվարդ: Հարց. որտե՞ղ է նա կիրառելու իր գիտելիքները, եթե Հայաստանում գիտելիքի պահանջ չկա: Ենթադրենք՝ Օքսֆորդում, Հարվարդում կամ Քեմբրիջում հաջողությունների հասնելուց հետո եկան Հայաստան եւ փորձեցին մասնակցել որեւէ մրցույթի, իսկ մենք գիտենք, որ Հայաստանում մրցույթներում հաղթում են նրանք, ովքեր փող ունեն, ովքեր հաստավիզ բարեկամներ ունեն»,- հայտարարեց պատգամավորը` իշխող հանրապետականներին առաջարկելով ձեռք չտալ «այն, ինչին կարելի է ձեռք չտալ»: Վ.Հովհաննիսյանը կառավարությանը խորհուրդ տվեց փոփոխություններ չիրականացնել «Լեզվի մասին» օրենքում: «Մենք չգիտենք, թե հաջորդ ընտրություններին ովքեր են գալու իշխանության: Իմ սիրելի ՀՀԿ-ական ընկերներ, ես կարծում եմ, որ դուք չեք մտածում, որ շարունակ մնալու եք իշխանության: Մենք չենք կարող կանխատեսել` ինչ քաղաքական ուժ կարող է իր ձեռքը վերցնել իշխանությունը, ինչպես նաեւ չենք կարող կանխատեսել, թե այդ հիպոթետիկ քաղաքական ուժը ինչպես կօգտագործի օրենքի այդ սողանցքը: Ուստի առաջարկում եմ օրենքում փոփոխություն չկատարել»,- հայտարարեց Վ.Հովհաննիսյանը:

Քվեարկությունը տեղի կունենա այսօր: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ իր եզրափակիչ ելույթում հայտնեց, որ կառավարությունը քննարկումների ընթացքում կատարել է որոշ փոփոխություններ: Դպրոցների թիվը 15-ից դարձրել է 11: Դրանցից երկուսը լինելու են ոչ պետական ուսումնական հաստատություններ, որտեղ օտարալեզու կրթությունն իրականացվելու է միջին դպրոցից: 9 դպրոցներ էլ գործելու են միջպետական հիմունքներով, որտեղ օտարալեզու կրթությունը կլինի ավագ դպրոցում: Առաջին երկու դպրոցներն արդեն հայտնի են, դրանցից մեկը կառուցվում է Դիլիջանում ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանի կողմից, իսկ երկրորդը` Թաիլանդական դպրոցը, կկառուցվի Ջերմուկում: Այս փոփոխություններն արդեն բխում էին ԲՀԿ-ի պահանջներից, եւ խմբակցությունը հավանաբար կողմ կքվեարկի: Կողմ կքվեարկեն նաեւ ՕԵԿ եւ ՀՀԿ խմբակցությունները: Դեմ կքվեարկեն ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները: