Ապարանցուն ասում են՝ տեսա՞ր, բենզինն էլի թանկացավ։ Պատասխանում է՝ ի՛նձ ինչ, ես միշտ ստաբիլ 1000 դրամի եմ լցնում։
Այս անեկդոտը դժվար է չհիշել` կարդալով Կենտրոնական բանկի հրապարակած «ՀՀ բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման զարգացումները ճգնաժամային եւ հետճգնաժամային ժամանակաշրջանում» հաղորդագրությունը։ «Այսպիսով, չնայած միջազգային ֆինանսական եւ տնտեսական խնդիրները լուրջ ազդեցություն են ունեցել ՀՀ տնտեսության վրա, այնուամենայնիվ, բանկային համակարգը դրանից էականորեն չի տուժել, ինչի մասին վկայում է ամփոփ ցուցանիշների (ակտիվների, վարկերի, պարտավորությունների, ավանդների, կապիտալի) գծով շարունակական աճը, ինչպես նաեւ` ռիսկեր բնութագրող որակական ցուցանիշների չվատթարացումը։ Հատկանշական է նաեւ, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում աշխարհում սնանկացան մի շարք ֆինանսական ինստիտուտներ` առաջ բերելով տնտեսական եւ սոցիալական լուրջ խնդիրներ, իսկ հայաստանյան որեւէ ֆինանսական ինստիտուտ սնանկացման ռիսկի առաջ չկանգնեց»: Ինչպե՞ս կարող էր մեր բանկային համակարգը լուրջ խնդիրներ ունենալ, եթե բանկային համակարգ՝ որպես այդպիսին, մենք ըստ էության չունենք։ Ո՞րն է բանկային համակարգի հիմնական ֆունկցիան. հավաքել բնակչության ազատ միջոցներն ու վերաբաշխել դրանք, այսինքն՝ ուղղել նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը։ Իսկ թե որքանո՞վ է բանկային համակարգը կատարում իր այդ ֆունկցիան, ցույց է տալիս վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ Որքան մեծ է այն, այնքան բանկային համակարգը մեծ ներգրավվածություն ունի տնտեսության մեջ։ Նույն հրապարակման մեջ կարող եք կարդալ, որ 2009թ. բանկային համակարգի ֆինանսական միջնորդությունը բնութագրող վարկեր/ՀՆԱ հարաբերությունն աճել է 5.3 տոկոսային կետով` կազմելով 22.2%։ Ընդ որում, ԿԲ մասնագետներն իրենք էլ նշում են, որ այդ ցուցանիշն աճել է ՀՆԱ-ի 14% կրճատմանը զուգահեռ։ Համեմատության համար նշենք, որ Լատվիայում այդ ցուցանիշը մոտենում է 50%-ին, Եվրամիության երկրներում՝ բնակչության ստացած վարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմում է 60%։ Իսկ ԱՄՆ-ում ՀՆԱ-ի 60%-ն են կազմում միայն հիպոթեքային վարկերը։ Իհարկե, հիպոթեքային վարկավորման այս ծավալներն իրենց լրջագույն դերն ունեցան ֆինանսական ճգնաժամի առաջացման գործում, բայց հիմա մենք խոսում ենք բանկային համակարգի եւ նրա՝ տնտեսության մեջ ներգրավվածության մասին։ Նշենք նաեւ, որ մեր բանկային համակարգը ոչ բավարար չափով է ներգրավված ոչ միայն երկրի տնտեսության, այլեւ՝ համաշխարհային ֆինանսական համակարգում։ Այս հանգամանքը նույնպես ՀՀ իշխանություններն ընդունում են` դրանով բացատրելով այն հանգամանքը, որ ֆինանսական համակարգի փլուզում Հայաստանում չեղավ։ Մի խոսքով, նույն տրամաբանությամբ՝ կարելի է ընդհանրապես չունենալ բանկային համակարգ եւ ապահովագրված լինել դրա վայրիվերումներից։
Ինչեւէ՝ վերադառնանք բանկային համակարգին եւ մասնավորապես՝ վարկերին։ Հրապարակման հեղինակները, բանկային համակարգի զարգացումների առանձնահատկությունների տեսանկյունից, 2009 թվականը բաժանել են երկու կիսամյակի: «2009թ. վարկերի աճի տեմպի նվազումը պայմանավորված էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, որն իր ազդեցությունը ցուցաբերեց ՀՀ ֆինանսական համակարգի վրա արդեն 2008թ. տարեվերջից … 2009 թվականի առաջին կիսամյակի ընթացքում եւ՛ բանկային համակարգը, եւ՛ վարկառուները վարկավորման նկատմամբ ցուցաբերեցին բավականաչափ զգուշություն` առաջ բերելով վարկային շուկայում պասիվացում։ Արդյունքում առաջին կիսամյակում արձանագրվեց տնտեսությանը տրամադրած վարկերի ծավալի 1%-ով նվազում»,- գրում են նրանք` ավելացնելով, որ վարկային ներդրումների տեմպերի կրճատման վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել են սպառողական վարկերը, «որոնց աճի տեմպերը կտրուկ կրճատվել են 2008 թվականի ապրիլից մինչեւ 2009 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում` հիմնականում պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով բանկերի վարած ավելի խիստ քաղաքականությամբ: 2009թ. արձանագրվեց սպառողական վարկերի ծավալի 22% նվազում»:
Այստեղ կա երկու կետ, որի վրա կարելի է ուշադրություն դարձնել։ Նախ՝ վարկավորման նկատմամբ զգուշություն ցուցաբերեց հիմնականում բանկային համակարգը՝ ընդհուպ սառեցնելով վարկավորումը։ Վարկառուների գործոնն այդտեղ այնքան էլ էական դեր չխաղաց։ Եվ երկրորդ՝ ուշադրություն դարձրեք. շեշտվում է, որ սպառողական վարկերը զգալի անկում ապրեցին ապրիլից մինչեւ 2009 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում՝ պայմանավորված ճգնաժամով եւ բանկերի խիստ քաղաքականությամբ։ Իսկ ինչո՞ւ ճգնաժամը սպառողական վարկերի վրա ազդեց հենց ապրիլ-մայիսին։ Բանն այն է, որ այս հրապարակման մեջ, միտումնավոր թե պատահաբար, չեն նշել մի շա՜տ կարեւոր գործոնի մասին, որը ճգնաժամի հետ այդքան էլ կապ չունի։ Խոսքը 2009թ. մարտի 2-ի մասին է, երբ դրամը հաշված ժամերի ընթացքում 25-30%-ով արժեզրկվեց։ Այ սա իրոք ազդեց վարկավորման ծավալների վրա, որովհետեւ մարդիկ հայտնվեցին անորոշ վիճակում։ Իսկ բանկերը նախ՝ ժամանակավորապես սառեցրեցին վարկավորումը, հետո՝ սկսեցին վարկավորումը կատարել միայն դոլարով։ Օրինակ՝ սպառողական վարկերի դեպքում հնարամիտ միջոց գտան։ Նախ՝ խստացրին պայմանները։ Նախկինում, եթե դուք ապառիկով գնել էիք հեռուստացույց, ապա դրա գումարը մարելուց հետո առանց լրացուցիչ դիմումների ու տեղեկանքների կարող էիք մեկ այլ բան գնել։ Փոխարժեքի փլուզումից հետո այդ պրակտիկան շատ բանկերում վերացավ։ Եվ երբ բանկի հաճախորդները հետաքրքրվում էին, ինչպե՞ս, ասենք, սառնարան վերցնեն ապառիկով, աշխատակցուհիները բարեհամբույր ժպիտով պատասխանում էին, որ վարկային գիծն այլեւս չի շարունակվում, բայց կարող են տրամադրել սպառողական քարտ, սակայն՝ միայն արտարժույթով։ Եվ քանի որ ոչ մի երաշխիք չկար, որ դրամը չէր շարունակի արժեզրկվել, շատերը գերադասում էին հետաձգել իրենց գնումները՝ հրաժարվելով արտարժույթով վարկ վերցնել։
Ինչեւէ, ԿԲ մասնագետները 2009 թվականի երկրորդ կիսամյակից արդեն արձանագրում են վարկային շուկայի էական աշխուժացում (տնտեսությանը տրամադրված վարկերի 14% աճ)` այն պայմանավորելով բանկերի եւ վարկառուների մոտ վարկառուների եկամուտների կայունության որոշակի սպասումների ձեւավորմամբ, ԿԲ-ի կողմից որդեգրված ընդլայնողական քաղաքականությամբ եւ պետության աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերով: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այս տարվա առաջին հինգ ամիսներին արձանագրվել է տնտեսությանը տրամադրված վարկերի 6% աճ։ Իհարկե, սա շատ ոգեւորվելու տեղիք չի տալիս, երբ համեմատում ենք 2008 թվականին արձանագրված 51% աճի կամ ճգնաժամային տարվա 14%-ի հետ։ Սակայն հրապարակման հեղինակները մի լուսավոր կետ, այդուհանդերձ, գտել են. տնտեսության գրեթե բոլոր ճյուղերով արձանագրվել է վարկերի աճ, իսկ արդյունաբերության ճյուղի վարկավորումը 2009թ. աճել է 71%-ով:
Մի խոսքով՝ ԿԲ-ն համոզված է, որ 2010 թվականի հաջորդ ամիսներին եւս վարկավորման աճի տեմպերը կավելանան։ Մնում է հուսալ, որ վարկերը իրոք կծառայեն իրենց նպատակին, ոչ թե իրենց բարձր տոկոսադրույքներով կդառնան լրացուցիչ բեռ՝ արագացնելով հատկապես մանր ու միջին գործարարների «սկելու» պրոցեսը։