Խայտառակ դատավարություն

24/06/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արաբկիր վարչական շրջանի Այգեկցի 30 հասցեի (նախկին Րաֆֆու փող. 30) բնակիչ Անուշ Դեմիրճյանը դիմելով արդարադատության համակարգը ներկայացնող մեր դատավորներին՝ հորդորում է` «Այսուհետ դատական վճիռների վրա դակել ոչ թե «Հանուն Հայաստանի Հանրապետության» մակագրությունն, այլ «Հանուն ՀՀ դատավորների գրպանների» արտահայտությունը: Բանն այն է, որ Ա. Դեմիրճյանը երեխաների, թոռների եւ ամուսնու հետ ապրում է վերոնշյալ հասցեում գտնվող տանը, որի համասեփականատերեր են հանդիսանում նաեւ ամուսնու եղբայրը եւ նրա 2 քույրերը: Այլ կերպ ասած` 756քմ տարածքը զբաղեցնում են չորս ընտանիքներ, որոնք միեւնույն հողատարածքում են ապրում եւ ունեն նորմալ փոխհարաբերություններ: Ա. Դեմիրճյանը վստահեցնում է, որ ամուսնու ծնողների մահվանից հետո, օրենքով սահմանված կարգով ժառանգությունն ընդունել են նրանց չորս երեխաները, որոնք էլ հանդիսանում են նշված հասցեի 756քմ հողատարածքի եւ դրա վրա կառուցված տան համասեփականատերերը: 2009-ից այս մարդիկ հայտնվել են ծանր իրավիճակում. հարակից տարածքի` Ա. Խաչատրյան փող.13 շենքի թիվ 26 բնակարանի բնակիչ Անմար Գասպարյանը նրանց զբաղեցրած հողատարածքից որոշ հատված սեփականաշնորհել է իր անունով: «Այդ տունը կառուցվել է 1938թ., իսկ մենք այնտեղ ապրում ենք 1944-ից, որն ամուսնուս պապիկից ժառանգաբար փոխանցվել է սկեսրոջս, սկեսրայրիս, այնուհետեւ՝ նրանց երեխաներին` ամուսնուս, եղբորը եւ նրա 2 քույրերին: 1973թ. Ա. Գասպարյանը սկեսրայրիս խնդրել է թույլ տալ մեր տան բակում ավտոտնակ կառուցել` պայմանով, որ հարկ եղած դեպքում տարածքը կազատի: Այսինքն` պայմանավորվածություն է եղել, որ, երբ մենք ցանկանանք` նա մեր տան տարածքում տեղակայված ավտոտնակը կքանդի»,- ասում է Ա. Դեմիրճյանը` հավելելով, որ Ա. Գասպարյանը նշյալ տարածքում կառուցել է ավտոտնակը, որը, սակայն, բնականաբար, գույքագրման չի ենթարկվել: 1991թ. հողի մասնավորեցումից հետո, հաշվի առնելով Ա. Գասպարյանի հետ ունեցած երկար տարիների «բարի դրացիական» հարաբերությունները` Ա. Դեմիրճյանի ամուսինը խնդրել է իրենց պատկանող հողատարածքում Ա. Գասպարյանի կողմից զբաղեցրած տարածքն ազատել` պատճառաբանելով, որ չորս ընտանիքներում ծնված երեխաների համար ավտոտնակի պատճառով բացակայում է խաղալու տարածքը: Ա. Գասպարյանը, ըստ պայմանավորվածության, սկզբում հետեւել է իր խոստմանը, սակայն հետագայում բոլորովին այլ քայլերի է դիմել: «Նա սկզբում համաձայնվեց, բայց կրկին օգտագործում էր ավտոտնակը: Մեկ տարի առաջ մենք վերջնականապես պահանջեցինք, որ նա ազատի ավտոտնակը, ու փակեցինք դարպասը, որից հետո նա դիմեց դատարան` ավտոտնակով ծանրաբեռնված հողատարածքի նկատմամբ ձեռք բերման վաղեմության ուժով իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով»,- նշում է Ա. Դեմիրճյանը` վստահեցնելով, որ Ա. Գասպարյանն ունենալով մեծ գումարներ՝ դատարանում հողի նկատմամբ «իր իրավունքն» այնպես է պաշտպանել, որ դատավորները տարածքի չորս համասեփականատերերից որեւէ մեկին խոսքի իրավունք չեն տվել: Ի դեպ, Ա. Դեմիրճյանը մեզ ներկայացրել է ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արաբկիր տարածքային ստորաբաժանման ղեկավար Կ. Ղազարյանին հասցեագրված հարցման պատասխան գրությունը, որտեղ նշված է` «Տարածքային ստորաբաժանմանը հասցեագրված Ձեր 29.07. 2009թ. գրության կապակցությամբ հայտնում ենք, որ ըստ կադաստրային գործի տվյալների` Այգեկցու 30 հասցեում Ձեր կողմից մատնանշված ավտոտնակը գտնվում է 22.05.2009թ. թիվ 4666 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով Աշոտ, Ռոբերտ, Անահիտ, Աիդա Բաբայաններին տրված 756.0քմ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողի վրա»: Նույն կառույցի մեկ այլ գրությամբ էլ հաստատվում է, որ «Վ. Այգեկցու փող. թիվ 30 բնակելի տան հողամասի վրա կառուցապատված ավտոտնակը` Ա. Գասպարյանի անվամբ, սեփականության իրավունքի պետական գրանցում չի ստացել»: Ինչեւէ, 2009թ. դեկտեմբեր ամսին Ա. Գասպարյանն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել` գույքային իրավունքների պաշտպանության, ավտոտնակ շինության տակ գտնվող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունքի ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, մինչեւ ավտոտնակ տանող մուտքի ճանապարհ ծառայող հողամասի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջով: Իսկ Բաբայանները (Ա. Դեմիրճյանի ամուսինը՝ եղբոր եւ քույրերի հետ) հակընդդեմ հայց են ներկայացրել Ա. Գասպարյանի` ինքնակամ կառույցը քանդելու պահանջի վերաբերյալ: Ա. Դեմիրճյանը դատավարական ողջ գործընթացը որակելով թատրոն` վրդովված ասում է` «Հասկանո՞ւմ եք, դա արդարադատություն չի, դա պատվերով դատավճիռ կայացնելու պրոցես է: Ամբողջ նիստերի ընթացքում դատավորը թույլ չտվեց, որ համասեփականատերերից մեկն իր խոսքն ասի: Իրենք բողոքեցին, իրենք քննեցին ու իրենք էլ վճիռ կայացրին: Դատավարություն չէր` խայտառակություն էր»: Այդուհանդերձ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայցը բավարարել է եւ վճիռ է արձակել, ըստ որի` «Ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Ա. Գասպարյանի սեփականության իրավունքը, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 16.10. 2009թ թիվ Ել-483ա գրության` Վ. Այգեկցու փող. թիվ 30 հասցեում նրա կողմից օգտագործվող ավտոտնակով ծանրաբեռնված 28.3քմ հողամասի նկատմամբ»: Փաստորեն, Կադաստրի պետական կոմիտեն մի դեպքում գրություն է տվել, ըստ որի` Ա. Գասպարյանի կողմից օգտագործվող ավտոտնակը կառուցված է ժառանգաբար Բաբայաններին փոխանցված հողատարածքի վրա, իսկ մյուս դեպքում էլ` Ա. Գասպարյանը նույն կառույցից դատարանին է ներկայացրել մի գրություն, ըստ որի` «Ա. Գասպարյանի կողմից օգտագործվող ավտոտնակի շինության տակի հողամասի մակերեսը կազմում է 28.3 քմ, եւ ավտոտնակ տանող մուտքի ճանապարհը զբաղեցնում է 55.8քմ մակերեսով հողամաս»: Հետեւաբար վերոնշյալ գրությունն ուսումնասիրելով՝ դատարանը որոշել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Ա. Գասպարյանի սեփականության իրավունքը, ինչը, կարելի է ասել, աբսուրդ է, քանի որ Կադաստրի պետական կոմիտեի գրությունն ամենեւին էլ չի ենթադրում վերջինիս հողատարածքի կամ ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի ամրագրում: Ի դեպ, դատարանի վճռի համաձայն` «Դեպի 28.3քմ հողատարածք տանող 55.8 քմ մուտքի ճանապարհի նկատմամբ սահմանել հարկադիր սերվիտուտ, որպես հարկադիր սերվիտուտի գումար սահմանելով տարեկան 9194 դրամ վարձավճար: Պարտավորեցնել Բաբայաններին չխոչընդոտելու Ա. Գասպարյանին 55.8քմ մուտքի ճանապարհով դեպի նշված ավտոտնակով ծանրաբեռնված հողամաս երթեւեկելուն»: Իսկ Բաբայանների` ընդդեմ Ա. Գասպարյանի ինքնակամ կառույցը քանդելու պահանջը դատարանը մերժել է: Ընդ որում` ինչպես ՀՀ Վերաքննիչ, այնպես էլ` ՀՀ Վճռաբեկ դատարանները ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողել են անփոփոխ: Մինչդեռ, Ա. Դեմիրճյանը վստահեցնում է, որ դատարանն անգամ նպատակահարմար չի գտել հաշվի առնել այն հանգամանքը, որ հողի սեփականաշնորհումից հետո մինչեւ օրս իրենք կանոնավոր կերպով մուծել են որպես իրենց սեփականությունը գրանցված 576քմ կազմող հողամասի գույքահարկը: «Հասկանո՞ւմ եք, էսպիսի անօրինական ու անբարոյական վճիռ անգամ պատկերացնել հնարավոր չէր: Պատկերացրեք, որ մեկը գալիս ու քեզ պատկանող հողատարածքի, տան մեջ ավտոտնակ է կառուցում, ու դատարանը մի բան էլ` մեր տան միջով անցնելու հսկայական ճանապարհ, սերվիտուտ է տալիս իրեն: Ոնց որ մեկը գա, քո տան մեջ մեքենան կանգնացնի, երբ ուզենա, գա, գնա եւ այլն: Նման աբսուրդ բան մենակ մեր երկրում կարող է լինել: Մեկին լավություն ես անում, ասում ես` բեր ավտոտնակ դիր, մեքենադ կանգնեցրու: Հետագայում պարզվում է` տանդ մեջ իր համար տեղ է առնում: Այսինքն` էս երկրում ով փող ունի` կարող է գալ, գլխիդ նստել, տանդ մեջ ապրել, ինչ ուզենա` անի»,- վրդովված ասում է Ա. Դեմիրճյանը` վստահեցնելով, որ ներկայումս ամուսինը «դարպասը» փակել է եւ Ա. Գասպարյանին արգելել է մտնել իրենց հողատարածք: Մինչդեռ նա իշխանություններին կոչ է անում արձագանքել այս խնդրին` հետագայում հնարավոր մարդասպանությունը կանխելու համար, քանի որ իր ընտանիքի տղամարդիկ եւ Ա. Գասպարյանը, միեւնույն է, մի օր առերեսում են ունենալու: