ՀՀ ՊՆ Քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի եւ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Արամ Տեր-Սահակյանի հարցազրույցը
– Պաշտպանական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը ՀՀ Զինված ուժերը հասարակության համար ավելի թափանցիկ դարձնելն է: Կարելի՞ է ասել, որ թե Քննչական ծառայության, թե Ռազմական ոստիկանության դերը դրանով բարձրանում է:
Արամ Տեր-Սահակյան (ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ) – Թափանցիկությունը սոցիալական եւ հումանիտար տեսակետից ենթադրում է կառույցի հաշվետու, հասանելի եւ վերահսկելի լինելը հասարակության, այսինքն` քաղաքացիների, հասարակական կառույցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
Մի քանի տարի առաջ Ռազմական ոստիկանությունն ուներ որոշակի խնդիրներ այդ ոլորտում, քանի որ օրենսդրական դաշտը, որով ղեկավարվում էր Ռազմական ոստիկանությունը, դեռեւս լրիվ ձեւավորված չէր: Սկսված պաշտպանական բարեփոխումների շրջանակներում եւ դրանց շնորհիվ մեզ հաջողվեց լրացնել այդ բացը եւ ընդունել Ռազմական ոստիկանության գործունեությունը համակարգող օրենսդրական մի շարք ակտեր: Օրենսդիրի կողմից կատարվել են մի շարք լրացումներ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածում, եւ Ռազմական ոստիկանությանը տրվել է հետաքննչական մարմնի կարգավիճակ: ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, որով կանոնակարգվել են մեր խնդիրներն ու գործունեության ոլորտը: 2009թ. Ազգային ժողովը Ռազմական ոստիկանությանը որպես կառույց ներգրավեց «Oպերատիվ գործունեության մասին» օրենքի մեջ, եւ Ռազմական ոստիկանությունը ստացավ օպերատիվ գործունեության իրավունք: Փաստորեն, Ռազմական ոստիկանությունը զուտ գերատեսչական հրամաններով ղեկավարվող ՀՀ ՊՆ ներքին կառույցից վերածվեց օրենսդրական դաշտում գործող կառույցի, ինչը բարձրացրեց նրա գործունեության թափանցիկությունը, կառույցն ավելի հասանելի դարձրեց քաղաքացիների, հասարակական կառույցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների համար:
Բացի դրանից, Ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկվեցին մի շարք գործողություններ, որոնք ուղղված էին թափանցիկության աստիճանը բարձրացնելուն: Օրինակ` «թեժ գիծը», «վստահության հեռախոսները» ՌՈ համակարգում եւ այլն: Ամեն շաբաթ Ռազմական ոստիկանության ղեկավար կազմի կողմից կազմակերպվում են քաղաքացիների, զինծառայողների ծնողների ընդունելություններ, որի ժամանակ օպերատիվ կարգով լուծվում են հրատապ հարցերը: Ամեն ուրբաթ Ռազմական ոստիկանության կողմից բոլոր ստորաբաժանումներում կազմակերպվում է այցելություն այն զինծառայողներին, որոնք կալանք են կրում կարգապահական մեկուսարանում, եւ մի շարք այլ միջոցառումներ: Պաշտպանական բարեփոխումների շրջանակներում կատարվող այս երկու փոփոխությունները` օրենսդրական դաշտի ստեղծումն ու մեր ծավալած գործունեությունը, ՌՈ գործունեությունը դուրս բերեցին բավականին թափանցիկ աստիճանի վրա:
Արմեն Հարությունյան (ՀՀ ՊՆ Քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր) – Քաղաքացիների ընդունելություն կազմակերպվում է նաեւ Քննչական ծառայությունում: Պաշտպանական բարեփոխումների շրջանակներում ձեւավորվեց Պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհուրդ: Հասարակական խորհուրդն ապահովում է համագործակցությունը ՀՀ քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների եւ Պաշտպանության նախարարության միջեւ պաշտպանական քաղաքականության ձեւավորման եւ իրականացման գործընթացում, այդ թվում` փոխհամագործակցությունը Զինված ուժերում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ապահովման գործընթացում:
Հասարակական խորհուրդը պաշտպանության նախարարին է ներկայացնում տեղեկատվություն, վերլուծություններ, առաջարկներ Զինված ուժերում տիրող իրավիճակի, կոնկրետ դեպքերի վերաբերյալ: Քննչական ծառայությունը, համագործակցելով Հասարակական խորհրդի հետ, ապահովում է աշխատանքների թափանցիկությունը, եւ անհրաժեշտության դեպքում Հասարակական խորհրդին է տրամադրվում պահանջված տեղեկատվությունը: Հաշվի առնելով քննչական աշխատանքի առանձնահատկությունները` որոշ չափով սահմանափակված են նախաքննության ընթացքում կոնկրետ քրեական գործերով թափանցիկություն ապահովելու հնարավորությունները, քանի որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը սահմանում է նախաքննության նյութերը հրապարակելու անթույլատրելիությունը: Այս առումով քննիչներն ապահովում են թափանցիկությունը դատավարության մասնակիցների համար` բացատրելով նրանց իրավունքները, պարտականությունները, եւ քրեական գործի նախաքննության ավարտին նրանց տրամադրելով քրեական գործի բոլոր նյութերը:
– Քննչական վարչությունը ստեղծվել է ոչ վաղ անցյալում, եւ դրա ստեղծումը պայմանավորված էր հենց պաշտպանական բարեփոխումների անցկացմամբ: Որո՞նք են ձեր վարչության հիմնական գործառույթները:
Արմեն Հարությունյան – Քննչական ծառայությունը իսկապես ստեղծվել է ոչ վաղ անցյալում: Սահմանադրական փոփոխություններից հետո դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ընդունվեցին նոր օրենքներ Դատախազության, Հատուկ քննչական ծառայության մասին, փոփոխություններ կատարվեցին Քրեական դատավարության օրենսգրքում, Զինվորական ծառայության մասին օրենքում, եւ 2007թ. դեկտեմբերի 1-ին Դատախազության համակարգում դադարեցին պաշտոնավարել քննիչները: Ձեւավորվեց Քննչական վարչություն ՊՆ կազմում, այնուհետեւ պաշտպանական բարեփոխումների շրջանակներում 2008թ. դեկտեմբերի 25-ին Կառավարության որոշմամբ հաստատվեցին Պաշտպանության նախարարության ԶՈՒ Գլխավոր շտաբի եւ Քննչական ծառայության կանոնադրությունները, որոնց համաձայն՝ ստեղծվեց Քննչական ծառայություն Պաշտպանության նախարարության կազմում` որպես աշխատակազմից դուրս, առանձնացված ստորաբաժանում, որը հաշվետու է միայն պաշտպանության նախարարին, որի պետին նշանակում, պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը: Բոլոր քննիչներն այստեղ զինծառայողներ են: Սահմանվեց կարգ քննիչներին քննության միջոցով աշխատանքի ընդունելու մասին, եւ ձեւավորվեց Քննչական ծառայությունը իր կենտրոնական ապարատով ու ստորաբաժանումներով:
Քննչական ծառայության գործառույթներն, իհարկե, շատ են, սակայն նշեմ ամենակարեւորը. Քննչական ծառայության քննիչները նախաքննություն են իրականացնում այն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով, որոնք կատարվել են ժամկետային զինծառայողների կողմից, զինվորական մասերի տարածքներում, որոնք ուղղված են զինվորական ծառայության կարգի դեմ, եւ որոնց կատարումը վերագրվում է Պաշտպանության նախարարությունում կամ նախարարությանը ենթակա այլ կառույցներում ծառայություն իրականացնող անձանց: Նշեմ, որ զինվորական ծառայողներ են համարվում ինչպես ՀՀ Ոստիկանության զորքերի, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները եւ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները: Եթե նրանց կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարվում են հանցագործություններ, դրանց նախաքննությունն իրականացնում է Քննչական ծառայությունը:
– Ինչպե՞ս է իրականացվում համագործակցությունը Քննչական ծառայության եւ Ռազմական ոստիկանության միջեւ, ինչպես նաեւ` այս երկու ծառայությունների համագործակցությունը հանրապետությունում գործող իրավապահ այլ մարմինների միջեւ:
Արամ Տեր-Սահակյան – Քննչական ծառայության եւ Ռազմական ոստիկանության միջեւ համագործակցությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու ուղղությունների: Առաջին ուղղությունը Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված գործառույթներն են, որոնք իրականացվում են մեր երկու ստորաբաժանումների կողմից կոնկրետ քրեական գործերի բացահայտման վրա աշխատելու ժամանակ: Դրանք նեղ մասնագիտական գործառույթներ են:
Երկրորդ ուղղությունը պայմանավորված է ԶՈՒ իրավապահ մարմինների գործունեության յուրահատկություններով: Ի տարբերություն քաղաքացիական կյանքում գործող իրավապահ մարմինների, Քննչական ծառայությունը եւ հատկապես ՌՈ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում հանցագործությունների նախականխման վրա: Այդ կապակցությամբ Քննչական ծառայության եւ Ռազմական ոստիկանության միջեւ տեղի է ունենում տեղեկատվության փոխանակում, մշակված են ու իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք կոչված են զինծառայողների իրավական գիտելիքների ընդլայնմանը, նրանց իրավագիտակցության բարձրացմանը: Դրանք լինում են դասախոսությունների, անհատական հանդիպումների ձեւով, զինվորական կոլեկտիվներում քննարկվում են այն դատավճիռները, որոնք կայացված են լինում հանցագործություններ կատարած զինծառայողների վերաբերյալ եւ այլն: Բավականին ակտիվ է Ռազմական ոստիկանության համագործակցությունը հանրապետության իրավապահ այլ մարմինների հետ` ՀՀ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ: Այդ համագործակցությունն արտահայտվում է օպերատիվ ինֆորմացիայի ակտիվ փոխանակմամբ այն դեպքերում, երբ ՌՈ համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ տեսադաշտում հայտնվում է զինծառայող, ով նույնպես մինչեւ բանակ զորակոչվելը եղել է Ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ տեսադաշտում: Մեր համագործակցությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների հետ կոնկրետ հանցագործությունների բացահայտման ժամանակ, երբ Զինված ուժերում ծառայողը կատարել է հանցագործություն քաղաքացիական կյանքում (մինչեւ զորակոչվելը), զորամասից դուրս, կամ քաղաքացիների կողմից են կատարվել քրեորեն հետապնդելի ոտնձգություններ զինծառայողի նկատմամբ: Ռազմական ոստիկանությունը համագործակցում է ոչ միայն ՀՀ, այլեւ` ԱՊՀ երկրների իրավապահ մարմինների հետ եւ բավականին արդյունավետ: Հիմնականում այդ համագործակցությունը վերաբերում է հետախուզվող անձանց հայտնաբերելուն: Միայն այս տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հետ համագործակցության շնորհիվ հայտնաբերվել եւ Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի են ենթարկվել 5 հետախուզվող զինծառայողներ:
Արմեն Հարությունյան – Համագործակցության առումով նշեմ, որ Քննչական ծառայության գործառույթներից է նաեւ հետագայում քրեական գործերի քննության ընթացքում բացահայտել հանցագործություններ ծնող, դրանց կատարմանը նպաստող պատճառները եւ միջնորդագրեր ներկայացնելու միջոցով նպաստել դրանց հետագա կանխմանը: Սակայն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, մասնավորապես` Ռազմական ոստիկանության հետ` որպես հետաքննության մարմին, համագործակցությունը սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքով, երբ յուրաքանչյուր քննիչ առանձին քրեական գործերի նախաքննության ընթացքում իրավունք ունի հանձնարարություններ տալու, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջոցով բացահայտել հանցագործությունը կատարած անձանց, բացահայտել նախաքննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Առաջին հերթին այս կերպ է, որ ապահովվում է համագործակցությունը Ռազմական ոստիկանության հետ: Նույն կերպ է իրականացվում համագործակցությունը նաեւ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ:
Քննչական ծառայությունը համագործակցում է ոչ միայն ՌՈ կամ այլ իրավապահ մարմինների, այլեւ ՊՆ տարբեր կառույցների ու ստորաբաժանումների հետ, մասնավորապես` Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության, Ռազմական ոստիկանության, Զինվորական դատախազության հետ համատեղ կազմակերպվում են եռամսյակային քննարկումներ, որոնք անցկացվում են տեղերում` յուրաքանչյուր զինվորական կայազորում, եւ զորամասերի, զորամիավորումների հրամանատարների հետ միասին վերլուծվում է այդ ընթացքում կատարված յուրաքանչյուր հանցագործություն, իրավախախտում, մշակվում են ուղիներ դրանց բացահայտման ուղղությամբ, ինչպես նաեւ քննարկվում են դրանց կատարմանը նպաստող պատճառները եւ արվում են համապատասխան եզրակացություններ, որոնք թույլ կտան հետագայում բացառել նմանատիպ հանցագործությունները:
– Կա՞ն եռամսյակային տվյալներ բանակում կատարված հանցագործությունների վերաբերյալ: Ինչպիսի՞ն է դինամիկան անցած տարվա համեմատությամբ:
Արմեն Հարությունյան – Եռամսյակը մեկ անգամ, համատեղ աշխատանքային ծրագրերի համաձայն, ամփոփվում եւ քննարկվում են այդ արդյունքները: Այս տարվա առաջին եռամսյակում կատարված հանցագործությունների հաշվառման եւ վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք ունենք դրական տեղաշարժ այն առումով, որ ընդհանուր առմամբ հանցագործությունների թիվը նվազել է մոտ 9 տոկոսով: Սակայն դրանց թվում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 17 տոկոսով:
Հանցագործությունները կատարվում են դիտավորյալ կամ անզգուշությամբ, եւ այս տարվա հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ դիտավորությամբ կատարված հանցագործությունների թիվը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել է մոտ 10 տոկոսով: Մոտ ժամանակներս կամփոփվի երկրորդ եռամսյակը, եւ Պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհրդին կտրամադրվեն այդ տվյալները, որոնցից կարող է օգտվել նաեւ հասարակությունը:
Արամ Տեր-Սահակյան – Զորամասերում օպերատիվ իրավիճակը մենք 2009թ. համեմատ գնահատում ենք կայուն, ինչպես նաեւ քրեածին իրավիճակը զորամասերում լիովին վերահսկվում է ՌՈ համապատասխան ստորաբաժանումների կողմից, ինչի ապացույցն է հանդիսանում այն, որ մենք ունենք հանցագործությունների բացահայտման բավականին բարձր ցուցանիշ. վերջին տարիների ընթացքում այն տատանվում է 95-97 տոկոսի սահմաններում:
– Ո՞ր խնդիրներն են այսօր առավելապես մտահոգում Քննչական ծառայության եւ Ռազմական ոստիկանության աշխատակիցներին, եւ ի՞նչ կարող է անել հասարակությունը այս հարցում ձեզ օգնելու համար:
Արամ Տեր-Սահակյան – Այսօր Ռազմական ոստիկանությանը մեծ մտահոգություն է պատճառում հետեւյալ 3 խումբ խնդիրների լուծումը: Առաջին խմբին է պատկանում նորակոչիկների կրթվածության ցածր մակարդակը, կրթական ցենզի տարեցտարի նվազումը: Երկրորդ խմբի մեջ մտնում է նորակոչիկների ֆիզիկական պատրաստվածության ոչ բավարար մակարդակը: Երրորդ խմբին է պատկանում նորակոչիկների ինքնուրույնության ցածր մակարդակը, որը գալիս է դպրոցում եւ ընտանիքում ստացած դաստիարակությունից:
Չնայած այս խնդիրը մեր մենթալիտետի համար բավականին տիպիկ է, քանի որ 18 տարեկան պատանուն ծնողները վերաբերվում են ինչպես փոքր երեխայի: Զորակոչվելուց հետո զորակոչիկները միանգամից ընկնում են նոր միջավայր եւ չունենալով ինքնուրույն կյանքի անհրաժեշտ հմտություններ` հայտնվում են բավականին բարդ իրադրություններում: Եթե համադրենք վերոնշյալ երեք խմբերը, կտեսնենք, որ դրանք հաճախակի հանդիսանում են թե հանցագործության պատճառ, թե զանցանքների պատճառ, եւ մենք այդ հարցում ակնկալում ենք հասարակության օգնությունը եւ օժանդակությունը:
Արմեն Հարությունյան – Աշխատանքների կազմակերպման ընթացքում ծագած որոշակի խնդիրների առումով նշեմ, որ 2007թ., երբ ձեւավորվեց Քննչական ծառայությունը, հին կադրերի, ովքեր ունեին մասնագիտական երկար տարիների փորձ, մի մասը գնաց կենսաթոշակի, մյուս մասն աշխատանքի անցավ Դատախազությունում, եւ այնպես ստացվեց, որ Քննչական ծառայության 60 տոկոսից ավելին համալրվեց նոր կադրերով: Այսօր քննիչների մոտ 60 տոկոսը ունի 3 տարուց պակաս քննչական աշխատանքի փորձ: Դժվարություններն առաջանում են նրանց պատրաստումը, վերապատրաստումը կազմակերպելու ընթացքում: Կան խնդիրներ` կապված նաեւ կադրերի հոսունության հետ. քննչական աշխատանքի դժվարությունները ոչ բոլորի համար են ընդունելի, եւ շատ հաճախ այլ աշխատանքի կամ ծառայության անցնելու համար բավարար աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո քննիչների որոշ մասը տեղափոխվում է Դատախազություն կամ արդարադատության համակարգ: Յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Քննչական ծառայությունում անց է կացվում քննություն` կադրային բազա ձեւավորելու համար, եւ ես կոչ եմ անում այն անձանց, ովքեր ունեն համապատասխան կրթություն, այս տարի ավելի ակտիվ մասնակցել քննություններին: Այդ դեպքում մենք էլ հնարավորություն կունենանք ընտրել ավելի լավ կադրեր` նրանց գիտելիքն ու աշխատանքն օգտագործելով ի նպաստ մեր բանակի հզորացման եւ մարդու իրավունքների պաշտպանության բարձրացման: Նախաքննության ընթացքում ծագող խնդիրներից մեկն այն է, որ քաղաքացիները դժվարությամբ են ցուցմունքներ, բացատրություններ տալիս հանցագործության հանգամանքների վերաբերյալ: Կցանկանայի մեր հասարակությանը եւս մեկ անգամ հիշեցնել, որ Քրեական դատավարության օրենսգրքում այսօր մի ամբողջ գլուխ է նվիրված դատավարության մասնակիցների, տուժողների, տուժողների իրավահաջորդների, վկաների եւ այլ մասնակիցների պաշտպանության միջոցների ապահովմանը: Պաշտպանության միջոցները բազմաթիվ են ու բազմազան` ընդհուպ մինչեւ անձնական տվյալների փոխումը, գաղտնիությունը եւ այլն: Ես կոչ եմ անում մեր հասարակությանը՝ իրենց զավակներին այնպես դաստիարակել, որպեսզի բոլորի մոտ անհանդուրժողական մթնոլորտ ձեւավորվի հանցավոր արարքների, իրավախախտումների նկատմամբ, եւ այդպիսով նրանք եւս կնպաստեն հանցագործությունների բացահայտմանը` նպատակ ունենալով հետագայում կանխել դրանց կատարումը: