Ի տարբերություն Հայաստանի, որն իր Ռազմական դոկտրինն ընդունել էր մի քանի տարի առաջ, Ադրբեջանի խորհրդարանը բոլորովին վերջերս ընդունեց այդ փաստաթուղթը: Այդ փաստաթղթի ընդունումը անընդհատ հետաձգվում էր վերջին 2 տարիների ընթացքում եւ այդ առումով հետաքրքիր է ծանոթանալ դրա հեղինակների դիրքորոշմանը: Ձեզ ենք ներկայացնում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ Աշխատանքի վարչության բաժնի վարիչ Ֆուադ Ալեսքերովի հարցազրույցը «Թրենդ» գործակալությանը:
– Ինչո՞ւ էր այդքան երկար մշակվում Ադրբեջանի ռազմական դոկտրինի նախագիծը:
– Ադրբեջանի նախագահի հրամանագրով 2004թ. ստեղծվեց աշխատանքային խումբ, որը սկսեց մշակել Ազգային անվտանգության հայեցակարգը: 2007թ. մայիսի 23-ին նախագահը հաստատեց Ազգային անվտանգության հայեցակարգը: Այն Ռազմական դոկտրինի, Արտաքին քաղաքականության ռազմավարության, ինչպես նաեւ տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության, տրանսպորտի եւ այլ բնագավառների հայեցակարգերի մշակման հիմքն է: Հաշվի առնելով դա` աշխատանքային խմբին հանձնարարվեց Ոազմական դոկտրինի նախագծի եւ Ազգային անվտանգության հայեցակարգում նախատեսված այլ փաստաթղթերի մշակումը: Այսինքն, խոսքը մեծ աշխատանքի մասին էր, որը պետք է ընդգրկեր երկրի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները:
Ռազմական դոկտրինը շատ լուրջ փաստաթուղթ է, որը որոշում է ռազմական անվտանգության համակարգի հայեցակարգային հիմքերը` ուղղված արտաքին ու ներքին սպառնալիքներից պաշտպանությանը: Միաժամանակ, Դոկտրինը հանդիսանում է ազգային անվտանգության հայեցակարգի բաղադրիչ մասը: Նման լուրջ փաստաթուղթը պահանջում էր հատկապես մանրամասն մշակում: Բացի դրանից, Դոկտրինի մշակման ընթացքում ուսումնասիրվել են տարբեր երկրների համանուն փաստաթղթերը, դրանց գործնական կիրառության փորձը եւ, համապատասխանաբար, արդյունքները: Անհրաժեշտ էր ընտրել Ադրբեջանի ռազմական անվտանգության ապահովման ամենաօպտիմալ ուղին:
– Մամուլում կարծիքներ են հնչել, որ Դոկտրինում նշված չեն կոնկրետ դաշնակիցներն ու հակառակորդները` բացի Հայաստանից, եւ, որ փաստաթուղթը խճճված է, ու դրանում չկա կոնկրետություն: Ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ:
– Երեւի ոչ ոք չի ժխտի, որ ներկայումս Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի զավթումը հիմնական գործոնն է, որը բացասաբար է ազդում Ադրբեջանի ազգային անվտանգության վրա: Բացի այդ, դա հիմնական իրական ռազմական սպառնալիքն է մեր երկրի համար: Այդ պատճառով նշված հանգամանքը միանշանակ արտացոլված է Ռազմական դոկտրինում:
Ինչ վերաբերում է դաշնակիցներին ու հակառակորդներին, կցանկանայի նշել, որ Դոկտրինի հիմքում ընկած է այն մոտեցումը, որի համաձայն՝ պաշտպանական քաղաքականությունը որոշվում է անկախ որեւէ երկրի նկատմամբ մեր համակրանքից, այլ` կախված Ադրբեջանի ազգային շահերից եւ հաշվի առնելով այդ շահերի նկատմամբ սպառնալիքները: Հենց այդ մոտեցումը` մարտահրավերների պատասխանները որոշելը, թույլ է տալիս Դոկտրինը դարձնել ճկուն եւ երկարաժամկետ: Դա շատ կարեւոր պահ է: Դոկտրինում, ինչպես եւ համանուն արտասահմանյան բազմաթիվ փաստաթղթերում, նշվում է, որ այդ փաստաթուղթը բաց է փոփոխությունների եւ լրացումների համար, որոնք արտացոլում են անվտանգության միջավայրի դինամիկությունը: Միաժամանակ, այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ սովորաբար հայեցակարգային փաստաթղթերը, այդ թվում նաեւ՝ Ռազմական դոկտրինը, որոշ ժամանակ անց նորացվում են: Այդ ժամանակահատվածը կազմում է միջինը 5-10 տարի: Այդ ընթացքում Դոկտրինը պետք է համարժեք փաստաթուղթ մնա: Իսկ երկրի մշտական ու երկարաժամկետ շահերը ամենավերեւում դասելը թույլ է տալիս հասնել դրան:
Հարկ է նշել նաեւ, որ Ռազմական դոկտրինը, Ազգային անվտանգության հայեցակարգի հետ մեկտեղ, հիմք է հանդիսանում Պաշտպանության ռազմավարական վերանայման եւ հայեցակարգային այլ փաստաթղթերի մշակման համար, որոնք հետագայում ճշգրտում եւ զարգացնում են Հայեցակարգի ու Դոկտրինի դրույթները:
Ընդհանուր առմամբ, Ազգային անվտանգության հայեցակարգի համաձայն, Ադրբեջանը, իրականացնելով բազմամակարդակ հավասարակշռված արտաքին քաղաքականություն, շահագրգռված է բարեկամական հարաբերություններ հաստատել բոլոր պետությունների հետ` միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի հիման վրա: Այլ կերպ ասած, մենք շահագրգռված ենք բարեկամական փոխհարաբերություններ ունենալ մնացած երկրների հետ:
– Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին տարիների իրադարձությունները` կարծիքներ են հնչել, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում երեկվա գործընկերը կարող է դառնալ հակառակորդ: Եվ այդ տեսանկյունից որոշ մեկնաբաններ հաստատում են, որ անհրաժեշտ էր մատնանշել հավանական արտաքին սպառնալիքները:
– Դոկտրինը բավականին հստակ նշում է սպառնալիքները, ռազմական անվտանգության ռազմավարական հիմքերը, Զինված ուժերի հիմնական խնդիրները խաղաղ ժամանակ, իրական սպառնալիքի ու պատերազմի ժամանակահատվածում, ռազմական շինարարության ուղղությունն ու հեռանկարները:
Արտաքին ռազմական ու քաղաքական սպառնալիքներ են հանդիսանում ադրբեջանական տարածքների զավթման շարունակումը Հայաստանի Զինված ուժերի կողմից, հնարավոր արտաքին քաղաքական միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին արտաքին ռազմական կախվածությունը, տարածքային հավակնությունները հարեւան պետությունների կողմից, ներքին քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրադրության ապակայունացմանն ուղղված գործունեությունը, այդ թվում նաեւ՝ աջակցությունը անջատողական ու կրոնական-ծայրահեղական շարժումներին, զինված խմբավորումների անօրինական կազմավորումն ու ահաբեկիչների պատրաստումը այլ երկրների կողմից` Ադրբեջանի տարածք ուղարկելու նպատակով, հարեւան երկրների մասնակցությունը միջպետական հակամարտություններին, ներքին հակամարտությունների, ռազմական գործողությունների, զինված խռովությունների կամ ռազմական ու ռազմաքաղաքական այլ տիպի անկայունությունների առկայությունը այդ երկրների տարածքում, տարածաշրջանային ռազմական հավասարակշռության խախտումը կամ պաշտպանական բավարարության մակարդակի գերազանցումը, ինչպես նաեւ ռազմական բազաների ստեղծումը, զորամիավորումների ու զինամթերքի կենտրոնացումը եւ ռազմական առկայության այլ եղանակների ուժեղացումը անմիջապես պետական սահմանների ու Ադրբեջանի տարածքային ջրերի մերձակայքում, Ադրբեջանի պետական սահմանի խախտումը ռազմական խմբավորումների ու զինված ջոկատների կողմից, սահմանային վեճերի կամ հակամարտությունների սրացումը, զանգվածային ոչնչացման միջոցների ու ռազմական արտադրության նորագույն տեխնոլոգիաների տարածումը:
– Օտարերկրյա ռազմական բազաների տեղակայման հետ կապված հարցերը եւս թեժ վիճաբանություն են առաջացրել: Ո՞ր դեպքերում Ադրբեջանի տարածքում կարող են տեղակայվել օտարերկրյա ռազմական բազաները:
– Դոկտրինի նախագծի համաձայն, բացի միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերից, որոնց կողմ է հանդիսանում Ադրբեջանը, չի թույլատրվում մեր երկրի տարածքում արտասահմանյան բազաների տեղակայում: Միաժամանակ, ռազմաքաղաքական իրադրության արմատական փոփոխությունների դեպքում Ադրբեջանը պահպանում է իր տարածքում արտասահմանյան ռազմական բազաների տեղակայման ժամանակավոր թույլտվության կամ որեւէ այլ եղանակով օտարերկրյա ռազմական մասնակցության իրավունքը:
– Ոմանք պնդում են, որ ինտեգրումը եվրաատլանտյան կառույցներին չի մատնանշվում որպես ռազմավարական նպատակ, թեեւ այդ դրույթը կա Ազգային անվտանգության հայեցակարգում: Ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ: Ինչպիսի՞ն են լինելու հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:
– Կրկնեմ. Ռազմական դոկտրինը բխում է Ազգային անվտանգության հայեցակարգից եւ հանդիսանում է նրա բաղադրիչը: Դոկտրինը, որոշելով պաշտպանական քաղաքականությունը խաղաղ ժամանակ, նախատեսում է նաեւ երկկողմ ու բազմակողմ ռազմաքաղաքական համագործակցություն գործընկեր-երկրների հետ: Հաշվի առնելով պաշտպանության անբաժանելիության սկզբունքը եւ այն, որ մեր տարածաշրջանը եվրաատլանտյան կառույցի բաղադրիչ մասն է կազմում, Ադրբեջանը սատարում է անվտանգության համակարգի ստեղծման ջանքերին եւ կշարունակի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ փոխադարձ շահերի հիման վրա, ինչպես դա որոշված է Ռազմական դոկտրինում:
– Դուք հիշատակեցիք Ռազմական դոկտրինում արտացոլված ռազմական շինարարության ուղղությունների ու հեռանկարների մասին: Կմանրամասնե՞ք:
– Ռազմական դոկտրինը փաստաթուղթ է` հիմնված այսօրվա իրողությունների վրա եւ ուղղված դեպի ապագա: Այդ պատճառով դրանում մեծ նշանակություն է հատկացվում ռազմական շինարարության հեռանկարներին: Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ որպես առաջնահերթ ուղղություններ՝ դիտարկվում են Զինված ուժերի թիմային եւ կառավարող կառույցների եւ այլ զորամիավորումների արդյունավետության բարձրացումը, աստիճանական անցումը այլ զորամիավորումների խմբավորմանը առավելապես արհեստավարժ հիմքի վրա, պաշտպանական եւ հարձակողական գործողությունների ժամանակին անցկացման հմտությունների յուրացումը, զինված ուժերի եւ այլ զորամիավորումների միջեւ համակարգման արդյունավետության բարձրացումը: Առաջնահերթությունների թվում պետք է նշել նաեւ զինծառայողների սոցիալական պաշտպանության ուժեղացումը: Բնականաբար, ես նշեցի ընդամենը մի քանի առաջնահերթ ուղղություններ:
Դոկտրինի նախագծում զգալի դեր է հատկացված Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեւավորմանը, զարգացմանն ու մատակարարման քաղաքականությանը: Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման հիմնական ուղղությունների թվում նշվում են Զինված ուժերի եւ այլ զորամիավորումների պաշտպանական ապրանքատեսակների պահանջների բավարարման առավելագույնս հնարավոր անկախության ապահովումը, ինչպես նաեւ՝ արտաքին շուկաներում տեղական ռազմաարդյունաբերական համալիրի մրցունակության ապահովումը, այսինքն, մեր ռազմաարդյունաբերական համալիրի արտահանման ներուժի զարգացումը: