Ռուս գեներալները, ինչպես ընդունված է համարել, անչափ ետ են մնացել կյանքից. XXI դարում նրանք առաջվա պես մտածում են Երկրորդ համաշխարհային պատերազմի չափանիշներով` նրա տանկային դիվիզիաներով եւ զորակոչիկներից բաղկացած բանակով: Մի՞շտ է այդպես եղել:
Խորհրդային գրքերի վերնագրերը խաբուսիկ են: Թվում էր` ինչո՞վ կարող են այսօր հետաքրքիր լինել այսպիսի գիտական աշխատանքները` Ի. Ի. Անուրեեւ, «Գիտատեխնիկական առաջընթացը եւ դրա կիրառումը ռազմական գործում» (լույս է տեսել Մոսկվայում` «Գիտելիք», 1982թ.), Վ. Ֆ. Կրեստյանինով, «Գիտատեխնիկական հեղափոխությունը ռազմական գործում» (հրատարակվել է Թիկունքի եւ տրանսպորտի ռազմական ակադեմիայի կողմից, 1971թ.), Վ. Մ. Բոնդարենկո, «Գիտատեխնիկական առաջընթաց եւ ռազմական գործ» (հրատարակվել է Խորհրդային բանակի Ֆրունզեի անվ. Կենտրոնական տան կողմից, 1973թ.):
Պարզվում է, որ հենց այս աշխատանքներն են 30-ից ավելի տարիների ընթացքում հանդիսացել ժամանակակից պատերազմների կոնցեպտուալ հիմքը. պատերազմներ, որոնք աշխարհը հեռուստացույցով տեսել է 2000-ականների սկզբում Իրաքում` ամերիկյան բանակի կատարմամբ:
Ինչպես իր գրքում գրում է իսրայելցի հետազոտող Դիմա Ադամսկին, ով աշխատել է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում, հենց խորհրդային մասնագետներն են առաջինը եկել այն եզրակացության, որ 1970-1980-ական թվականների սահմանագծին աշխարհը մտել է ռազմական գործի նոր հեղափոխության դարաշրջան, եւ նկարագրել են, թե արդյունքում ինչպես կփոխվի ռազմական գործողությունների բնույթը:
Մարդկության պատմության մեջ ռազմական գործում հեղափոխություն տեղի է ունենում, իհարկե, ոչ առաջին անգամ: Մեկը տեղի է ունեցել Եվրոպայում XVI դարավերջին-XVII դարասկզբին, երբ ասպետական հեծելազորի փոխարեն՝ բանակի կորիզը դարձան հետեւակների խստավարժ տողանները: Իսկ տեխնիկական նորարարությունները, նախեւառաջ` հետեւակին հրազենով զինելը, հանգեցրին ոչ միայն ռազմական տակտիկայի փոփոխման, այլեւ` ավելի լայն սոցիալական եւ տնտեսական առաջընթացի: Արիստոկրատիան կորցրեց ռազմական (նշանակում է` նաեւ քաղաքական) նշանակությունը: Հետեւակին մշտապես մարզելու անհրաժեշտությունը նշանակում էր մշտական բանակների կազմավորում, իսկ նրանց հետ` մի շարք հարկային, վարչարարական եւ ֆինանսական նորարարություններ. մշտական բանակ պահելը շատ թանկ էր:
XX դարի առաջին կեսին ռազմական գործում ծավալներով համարժեք հեղափոխություն առաջացրեց ներքին այրման շարժիչի, այսինքն` տանկերի ու ինքնաթիռների հայտնագործումը: Աճեց նաեւ զորքերի շարժունակությունը: Մի քանի տասնամյակ անց պատերազմի բնույթը եւս մեկ անգամ փոխվեց միջուկային զենքի հայտնությամբ:
Ռազմական գործում վերջին հեղափոխությունը, իհարկե, կապված է համակարգիչների ու կապի ժամանակակից միջոցների, գերդիպուկ ռազմամթերքի, ինչպես նաեւ՝ հեռահար թիրախի հայտնաբերման եւ մարտի կառավարման նորագույն տեխնոլոգիաների հետ: Հենց այդ տեխնոլոգիաներն էլ որոշեցին այն պատերազմի բնույթը, որը ԱՄՆ-ը վարում էր Իրաքի բանակի դեմ:
Պարադոքսը, որն ամենաշատն էր հետաքրքրել Ադամսկուն, այն է, որ այդ տեխնոլոգիաները ստեղծվել եւ ներդրվել էին ԱՄՆ-ի կողմից, սակայն դրանց հեղափոխական բնույթն առաջինը գիտակցեցին խորհրդային մասնագետները: 1970-ականների կեսին, ստանալով գերդիպուկ ռազմամթերքի մոդելները, ԱՄՆ բանակը նախատեսում էր դրանք օգտագործել շատ կոնկրետ, կիրառական խնդրի լուծման նպատակով. հարվածել երկրորդ շարժակազմի խորհրդային զորքերին ռազմական գործողությունների եվրոպական թատերաբեմում:
ԽՍՀՄ-ի ճնշող առավելության պայմաններում ԱՄՆ-ը իր սովորական զինամթերքով հնարավորություն չուներ դիմակայել խորհրդային հարձակմանը՝ առանց միջուկային զենք կիրառելու: Միջուկային պատերազմի ինքնասպան բնույթը երկու կողմերն էլ գիտակցում էին շատ հստակ: Մինչդեռ նոր տեխնոլոգիաները թույլ էին տալիս երկրորդ շարժակազմի խորհրդային դիվիզիաներին հարվածել ճակատային գծին նրանց մոտենալուց շատ առաջ եւ դրանով Արեւմուտքին հույս էին տալիս պատերազմում հաղթել սովորական միջոցներով` չդիմելով «ռումբերի» օգնությանը:
Սակայն, ինչպես գրում է Ադամսկին, խորհրդային տեսաբանները (նախեւառաջ` 1977-1984թթ. Գլխավոր շտաբի պետ, մարշալ Նիկոլայ Օգարկովը) անմիջապես տեսան, որ ԱՄՆ-ում ստեղծվող նոր զինամթերքը նշանակում է ռազմական գործողությունների բնույթի արմատական փոփոխություն, այսինքն` նոր ռազմական հեղափոխություն: 1970-ականների վերջի-1980-ականների սկզբի գիտական աշխատանքներում եւ պաշտոնական փաստաթղթերում վերլուծելով նոր տեխնոլոգիաների ներդրման ենթադրյալ հետեւանքները` նրանք ձեւակերպեցին ապագայի պատերազմ վարելու սկզբունքները, ներառյալ՝ զորքի կազմակերպման եւ ռազմական գործողությունների կառավարման նոր եղանակները:
Ծանոթանալով խորհրդային այդ աշխատանքներին` ամերիկացի փորձագետները 1990-ականների վերջում ձեւակերպեցին իրենց ռազմական քաղաքականության նոր սկզբունքները, որոնք իրականացվեցին Իրաքի երկու պատերազմներում եւ Սերբիայի դեմ օդային հարձակման մեջ: Խորհրդային Միությունում Օգարկովի գաղափարները մասնակիորեն փորձարկվեցին «Արեւմուտք 83» եւ «Արեւմուտք 84» զանգվածային զորավարժությունների ընթացքում: Սակայն 1984 թվականին Օգարկովի ազատումը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից (ինչը, Ադամսկու կարծիքով, պայմանավորված էր պաշտպանության նախարար Ուստինովի հետ կոնֆլիկտով եւ Աֆղանստան ներխուժելու նկատմամբ բացասական վերաբերմունքով) վերջ դրեց դրանց հետագա իրականացմանը:
Ամենակարեւոր հարցը, որը հետաքրքրում է Հարվարդի հետազոտողին, այն է, թե ինչու, կատարելով ինտելեկտուալ առաջընթաց, Խորհրդային Միությունը, ի տարբերություն ԱՄՆ-ի, չկարողացավ նոր գաղափարները կիրառել գործնականում: Ադամսկին դա բացատրում է «մշակութային գործոններով». գիրքը նվիրված է հիմնականում դրանց բացահայտմանը: Ադամսկին հիմնվում է այնպիսի կատեգորիաների վրա, ինչպիսին է «մտածողության ռուսական ոճը», վերլուծում է ռուսական տրամաբանության առանձնահատկությունները, որոնք ներհատուկ են բացառապես աբստրակտ տեսականացմանը հակված ռուսական մշակույթին. «Դարերի ընթացքում ռուս ժողովրդի համար բնութագրական են եղել կառավարողի հետ ինքնանույնացումը եւ ուժեղ առաջնորդի պահանջարկը… Բնակչության աչքում հեղինակավոր իշխանությունը կարող էր միայն փոխհատուցել նրա սեփական անօգնականությունը, պաշտպանել արտաքին քաոսից»: Մինչդեռ ամերիկյան ռազմավարական կուլտուրան ենթադրում է գործնական կողմնորոշում կիրառական խնդիրների լուծման ուղղությամբ, ինչը, Ադամսկու կարծիքով, հաճախ խանգարում է տեսնել ավելի լայն պատկերը:
Նման պնդումները, իհարկե, սխեմատիկ են, անապացույց, երբեմն` բացահայտ ճղճիմ: Օրինակ, Ադամսկին նկարագրում է ռուսական ռազմավարական մշակույթի առանձնահատկությունները երկրի «արյունալի պատմությամբ». բազմաթիվ ներխուժումներն ու պատերազմները իբրեւ ստիպել են ռուսներին հատուկ ուշադրություն դարձնել ազգային պաշտպանությանը` ազատությունը զոհելով հանուն անվտանգության: Հասկանալի է, որ նման դատողությունները չեն կարող բացատրել, թե ինչու Ֆրանսիայում կամ Գերմանիայում, որոնք վերապրել են ոչ պակաս պատերազմներ ու ներխուժումներ, չի ստեղծվել նման ռազմավարական կուլտուրա: Թեեւ, այստեղ դիտողություններն ուղղված են ոչ այնքան հեղինակին, որքան մի ամբողջ գիտական (կամ` կեղծ գիտական) դպրոցի, որը զբաղվում է «ազգային առանձնահատկությունների» նկարագրմամբ:
Այնուամենայնիվ, Ադամսկու հետազոտության մեջ կան մի քանի կարեւոր եւ հետաքրքիր դիտարկումներ խորհրդային նորարարական գործընթացի առանձնահատկությունների մասին: Ամենահետաքրքիրներից մեկը վերաբերում է ռազմական գնումների համակարգին: Ինչպես շեշտում է հեղինակը, ԱՄՆ-ում ռազմական նորարարությունների շարժիչ ուժը արտադրող ընկերություններն են. մշակելով նոր տեխնոլոգիա` նրանք ձգտում են դրա հիման վրա ստեղծել նոր զինատեսակ եւ վաճառել այն զինվորականներին: Նոր զենքի կիրառման մասին հարցը հաճախ ծագում է արդեն զորքում դրա հայտնվելուց հետո: Մինչդեռ ԽՍՀՄ-ում գործում էր հակառակ սխեման: Բանակն ու Գլխավոր շտաբը, ելնելով ընդհանուր տեսական դրույթներից, կանխատեսում էին, թե ինչպես կընթանա պատերազմը, ապա որոշում էին, թե դրա համար ինչ զենք եւ տեխնոլոգիաներ են հարկավոր, եւ համապատասխան պատվեր էին տալիս ռազմական արդյունաբերությանը: Այն ամենը, ինչը ներառված չէր գոյություն ունեցող տեսական սխեմաներում, մի կողմ էր դրվում:
Ինչպես գիտենք, գործնականում ամեն ինչ այնքան էլ այդպես չէր. ԱՄՆ-ում, իհարկե, ծրագրվում էին ռազմական մշակումներ, ԽՍՀՄ-ում, իհարկե, տեղ էր գտնվում մշակողների եւ արտադրողների նախաձեռնությունների համար, որոնք իրենց արտադրանքն էին պարտադրում բանակին: Սակայն Ադամսկին շատ ճիշտ է բնութագրել խորհրդային ռազմական համակարգի հիմնական էությունը. դա տեսականին տրվելու իշխանության հակումն է` դրանով իսկ ճնշելով ներքեւից եկող ցանկացած նախաձեռնություն: Հենց այդ պատճառով բազմաթիվ փայլուն նախաձեռնություններ այդպես էլ մնացին թղթի վրա: Հատկանշական է, որ մշակելով նոր` XXI դարի գերշարժուն պատերազմի հայեցակարգը` խորհրդային վերլուծաբանները դիմել են դեռեւս 30-ական թվականներին մարշալ Միխայիլ Տուխաչեւսկու եւ գեներալ Վլադիմիր Տրիանդաֆիլովի կողմից մշակված «խորը գործառնությունների տեսությանը»: Ինչպես հիշում ենք, այդ տեսությունը եւս իրականացվել էր ոչ թե դրա մշակողների, այլ` նրանց հակառակորդի` Զինված ուժերի գերագույն հրամանատարության (վերմախտ) կողմից:
«Կոմերսանտ-Վլաստ» ամսագիր