Փարաջանովի թանգարանը` վտանգի առջև

24/06/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի անմիջապես դիմացի տարածքում, արդեն մի քանի ամիս է, շինարարական աշխատանքներ են ընթանում: Արդեն դրվել են էլիտար նորակառույց բարձրահարկ շենքի հիմքերը:

Տուն-թանգարանն, ինչպես հայտնի է, գտնվում է Երեւանի Ձորագյուղ Ազգագրական թաղամասում, տեղակայված է ձորի բերանին: Դեռեւս Խորհրդային Միության տարիներին Կարեն Դեմիրճյանի եւ նկարիչ Գրիգոր Խանջյանի նախագծով Ձորագյուղը պետք է վերածվեր վարպետների թաղամասի, որտեղ հիմնականում երկհարկանի տներ պետք է լինեին` հաշվի առնելով տեղանքի սեյսմավտանգ վիճակը: Այս մտահղացումն այդպես էլ անկատար մնաց: Երեւան եկավ քաղաքի «էլիտարացման» երեւույթը: «Ցավոք, այս նոր ճարտարապետները փչացրեցին մեր քաղաքը, թեեւ ճարտարապետ բառն իրենց դեպքում ճիշտ չէ օգտագործել: Ճարտարապետության մեջ քանդելը չի կարող սկզբունք լինել»,- ասում է Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը: Արդեն մի քանի տարի է, ինչ մի շարք իշխանավորներ գրավել են թանգարանի հարակից տարածքը, որտեղից հստակ երեւում է Արարատը: «Ես անուններ չգիտեմ, մի մասի անուններն էլ չեմ ուզում տալ, որովհետեւ իրենք շատ լավ կիմանան, որ խոսքն իրենց մասին է: Նրանք սկսեցին անհեթեթ բաներ խոսել` ասելով, որ հո իրենք 200 տարի ետ չեն գնա… «Մենք պետք է բետոնից, մետաղից, ապակուց շենքեր սարքենք»,- այսպես էին ասում: Իհարկե, եթե ուզում են, թող կառուցեն, բայց ոչ քաղաքի կենտրոնում: Դրա վառ օրինակն է Երեւանի Հյուսիսային պողոտան, որտեղ ոչ մարդ է մտնում, ոչ էլ մեքենա: Այն, միեւնույն է, մեռած վայր է: Թամանյանն այս քաղաքը կառուցել է, որպեսզի նայենք Արարատին, այլ ոչ թե բոլոր ուղղությունները փակենք, որ քաղաքում որեւէ բան չերեւա»,- ասում է թանգարանի տնօրենը: Ըստ Զ. Սարգսյանի` դեռեւս Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության ժամանակ էին փորձեր արվել էլիտար այդ շենքի շինարարությունը սկսելու համար: Զ. Սարգսյանի` ՀՀ երկրորդ նախագահին ուղղված խնդրանքից հետո, սակայն, շինարարությունը դադարեցվել էր:

Ռ. Քոչարյանին դիմելուց եւ նրա հրահանգից որոշ ժամանակ անց կրկին հայտնվեցին մարդիկ, ովքեր փորձեցին խախտել հրամանը: «Նրանք այնքան խորամանկ ձեւերով են գործում` սուտ ասելով: Ինձ եկան-ասացին, թե` գիտե՞ք ինչ լավ բան ենք մտածել: Էստեղ շենք ենք կառուցում, տալիս ենք ձեզ, դուք էլ կարող եք վրան դնել Փարաջանովի արձանը, կինոթատրոն բացել ու Փարաջանովի ֆիլմերը ցուցադրել: Ես էլ պատասխանեցի, ասացի` ոչ մեզ, ոչ էլ Փարաջանովին դա պետք չէ: Միայն թե դուք բարի եղեք մեծ ծավալներով շենք չկառուցել, այլապես թանգարանի ամբողջ տեղանքը տեսքից կընկնի: Բայց դա նրանց կարծես չհետաքրքրեց»,- ասում է Զ. Սարգսյանը` նշելով, որ, այդուհանդերձ, այդ ժամանակ գործը կրկին կանգնեց: Տնօրենը նաեւ հիշեց Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի պատասխանը, համաձայն որի` Ռ. Քոչարյանը հստակ ասել էր այդ տեղանքում մեծ շենք չկառուցելու մասին: «Սակայն իշխանությունը փոխվեց, եւ կարծում եմ` նույն մարդիկ եկան գործին ընթացք տալու համար»,- շարունակում է Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենը:

Ուշագրավն այն է, որ «էլիտար» շենք կառուցողները հայտարարել են, որ իրենք պետք է հանեն նաեւ թանգարանի այն պատը, որը թանգարանն անջատում է ձորից: Ըստ նրանց` պատը քանդելու դեպքում իրենք հնարավորություն կունենան թանգարանի տարածքից միանգամից մուտք գործել շենքի տանիք: Թանգարանի տնօրինությունն այս մասին արդեն նամակ է գրել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, բայց մինչ օրս որեւէ արձագանք չի ստացել:

«Փառք Աստծո,ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն էր եկել թանգարան: Նա, իմանալով այդ խնդրի մասին, զայրացել էր: Անգամ քաղաքապետն էր առաջին տիկնոջն ասել, որ այստեղ ինքը չի թույլատրի մեծ շենք կառուցել: Իսկ հիմա, թե ի՞նչ կլինի, չեմ կարող ասել: Միայն հույս ունեմ, որ ժամանակին կկանխվի, հատկապես, երբ Ռիտա Սարգսյանն էլ արդեն տեղյակ է խնդրին»,- ընդգծում է Զ. Սարգսյանը: Տարածքի գրավչություններից մեկն էլ այն է, որ այդ տեղանքից հստակ երեւում է Արարատը: «Որքան հասկացա, իրականում նրանք այդ մեծ գումարը չունեն, որ շենք կառուցեն, բայց նպատակ են դրել այս վայրում ամեն գնով կառուցելու: Նախեւառաջ այստեղ ապրելու համար հարմար վայր չէ` նկատի ունեմ սեյսմիկ վտանգները: Երկրորդ խնդիրը վերաբերում է կոյուղաջրերին: Ըստ նրանց` պոմպերով վերեւ են մղելու, բայց դա սուտ է: Ամբողջ կոյուղաջուրը թափվելու է Զանգվի մեջ: Էլ չեմ ասում, թե Զանգվի ձորում որքան շատ են կարիճներն ու օձերը: Ես լավ չեմ պատկերացնում այն մարդկանց վիճակը, ովքեր կապրեն այստեղ»,- ասում է Զ. Սարգսյանը: Հարցին, թե ովքե՞ր են ի վերջո կառուցում այդ շենքը, Զ. Սարգսյանը պատասխանեց. «Ցավոք, Երեւանում ամեն ինչ քողարկված է: Ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ով իմ ընկերն է, հարցրեցի այս մասին: Նա ասաց, որ այս տեղի համար Քաղաքաշինական խորհրդում հաստատված որեւէ բան չկա: Այդ դեպքում ի՞նչ հիմունքներով են կառուցում»: Ու ստացվում է այնպես, որ այդ մարդիկ անգամ հարգանք չունեն սեփական իշխանությունների նկատմամբ` անում են այն, ինչ ուզում են: «Իրականում մեզ մոտ մարդիկ ինչ ուզում՝ անում են` հաշվի չառնելով ոչ օրենք, ոչ էլ նորմաներ»,- ասում է զրուցակիցս, ում տնօրինած թանգարանը Հայաստանում ամենամեծ հաճախելիություն ունեցող թանգարանն է: Ու եթե աշխարհում թանգարանը համարվում է կրթական տարածք, որի համար մարդիկ չեն խնայում իրենց միջոցները, ապա մեզանում այն ինչ-որ մարդկանց համար դառնում է ընդամենը որպես բնակելի շենքի կտուր մուտք գործելու ճանապարհ: Սա ոչ միայն թանգարանի տնօրինության, այլեւ մեր բոլորիս պարտքն է` կանխելու այն վտանգը, որի իրատեսական հիմքերն արդեն կան: Եթե այս ամենը կատարվեր հենց Թբիլիսիում` Փարաջանովի ծննդավայրում, մենք անզուսպ սկսելու էինք լացել-դատապարտել, այնինչ հայրենիքում, չգիտես ինչու, համեստաբար լռում ենք` մոռանալով, որ ՀՀ իշխանությունների անտարբերության պատճառով մենք պատասխան ենք տալու ամբողջ աշխարհին, որը խոնարհվում է Մեծն Փարաջանովի արվեստի առջեւ: