Մոսկվայի քաղաքային իշխանությունները պատրաստվում են մինչեւ այս տարեվերջ վարքագծի կանոններ մշակել Ռուսաստանի մայրաքաղաք ժամանող միգրանտների համար: «Մոսկվան ռուսական մշակույթի եւ ավանդույթների վրա հիմնված քաղաք է,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ազգամիջյան քաղաքականության հարցերով քաղաքային կոմիտեի ղեկավար Միխայիլ Սալոմենցեւը` ավելացնելով,- Այստեղ բազմաթիվ չգրված կանոններ կան, եւ բոլոր նրանք, ովքեր ժամանում են ապրելու, պետք է հաշվի նստեն դրանց հետ»: Ըստ նրա, մասնավորապես, «այլազգիներին խորհուրդ է տրվում փողոցում ու հասարակական վայրերում խոսել միայն ռուսերեն, ազգային տարազը կրել միայն սեփական տանը, բակերում ոչխար չմորթել, ինչպես նաեւ՝ խորոված չանել տան պատշգամբում»: «Այս կանոնները նորեկներին շատ պետք կգան եւ ցույց կտան` ինչն է կարելի եւ ինչն է անհարմար»,- ասել է Սալոմենցեւը: Քաղաքային իշխանությունները պնդում են, թե կանոնագիրքը մշակում են միայն բարի մտադրություններով, եւ որ գործընթացում հաշվի են առնելու նաեւ ազգային փոքրամասնությունների առաջարկները: Այդուամենայնիվ, մի խումբ իրավապաշտպաններ մտահոգիչ միտումներ են տեսնում եւ պնդում են, թե այն կարող է հերթական մահակը դառնալ նախկին Խորհրդային Միությունից ժամանած միգրանտների համար: «Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք Ֆրանսիայի քաղաքացիներին արգելելու ենք Մոսկվայում խոսել ֆրանսերեն. իհարկե` ոչ: Այս նախագիծը ակնհայտորեն ուղղված է նախկին Խորհրդային Միության քաղաքացիների դեմ եւ ռասիզմի ակնհայտ դրսեւորում է», – «Ազատություն» ռ/կ-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասում է Քաղաքացիական աջակցության կոմիտեի ակտիվիստ, իրավապաշտպան Սվետլանա Գաննուշկինան: «Քաղաքային իշխանությունների ներկայացրած առաջարկներից Խորհրդային Միության հոտ է գալիս»,- ասել է Ուզբեկստանի քաղաքացի, ֆինանսիստ Խաետխան Նասրեդինովը: «Իհարկե, կան կանոններ, որոնց անպայմանորեն պետք է հետեւել այլ երկրներում գտնվելու ժամանակ, սակայն հրահանգել նորեկներին` ինչ լեզվով խոսել կամ ինչ հագնել … կարծում եմ` չափից դուրս է: Եվս մեկ անգամ փորձում են մարդկանց վերածել միանման, մոխրագույն զանգվածի, որից շատ ավելի քիչ օգուտ կլինի, քան՝ եթե նրանք պահպանեին իրենց ազգային առանձնահատկությունները»: Հաղորդումների համաձայն, Մոսկվայի իշխանությունները նախատեսում են նաեւ միջնակարգ դպրոցների ծրագրից հանել էթնիկ բաղադրիչը, այսինքն` զրկել փոքրամասնություններին միջնակարգ դպրոցներում հիմնական ուսումնական ծրագրից բացի՝ սեփական լեզուն ու պատմությունը ուսումնասիրելու հնարավորությունից: Նախաձեռնությանը արդեն իսկ դեմ են արտահայտվել եւ քննադատել մի շարք համայնքների ներկայացուցիչներ, այդ թվում` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Այսօր Ռուսաստանում հայկական դպրոցներ կան, որտեղ հայերեն են սովորում, հայոց պատմություն: Դա որեւէ մեկին չի խանգարում, ընդհակառակը` բազմազանություն է ստեղծում: Ռուսաստանի հայերի միությունը դեմ է այդ նախաձեռնությանը, մենք կդիմենք քաղաքային իշխանություններին, կհորդորենք ետ կանգնել այդ քայլերից»,- ասել է Արա Աբրահամյանը։