«Հայերի թրքախոսության դեմ պայքարեցի իմ երգերով»,- ասում է սփյուռքահայ երգիչ Լեւոն Գաթրճյանը

24/06/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վերջերս պատահաբար իմացա, որ Հայաստան է եկել սփյուռքահայ երգիչ Լեւոն Գաթրճյանը, ում սփյուռքահայերը առանձնակի երախտագիտությամբ են վերաբերվում: Նրա գրած շուրջ 500 երգերից շատերը կատարում էին Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Աստղիկ Գամալյանը եւ այլք: Երգիչը մոտ 2000 համերգային շրջագայություններ է ունեցել Լիբանանում, Եգիպտոսում, Սիրիայում, Հորդանանում, Կիպրոսում, Պարսկաստանում եւ այլուր: Նա առաջին հայ երգիչն էր, ով Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ելույթ ունեցավ հայկական ամբողջական երգացանկով: «Լեւոնն այն առաջին մարդն էր, ով իր հայրենասիրական երգերով Լիբանանում եւ հայկական մյուս գաղթօջախներում պայքարեց թրքախոսության դեմ»,- ասաց սփյուռքահայ ծանոթներիցս մեկը: Լեւոն Գաթրճյանը բացառիկ հմայք ու էնտուզիազմ ունի: Մեր զրույցի ժամանակ այս կամ այն հարցին շատ հաճախ պատասխանում էր երգով: Եվ այդ երգը կատարում էր այնպիսի դրամատիզմով, ոգեղեն ուժով, ասես մի ամբողջ դահլիճի առջեւ կանգնած լիներ: Թեեւ երգիչը հայաստանյան ներքին կյանքի, խնդիրների մասին հակիրճ էր խոսում, ինչպես ինքն էր ասում` սեփական ցավի նկատմամբ դիվանագիտորեն տրամադրվելով, բայցեւայնպես, հայրենիքի մասին մտահոգությունները նրբորեն թաքնվում էին նրա մի տեսակ տխուր աչքերի անկյուններում:

– Կարծում եմ` պետք չէ խոսել դժվարությունների մասին: Դրանք միշտ էլ կան: Ավելին` Լիբանանում մինչեւ անգամ սուրճ էի վաճառում: Այն տարիներին` 1966-68թթ., հայերը հիմնականում թրքախոս էին: Շատ հաճախ նրանց համար սուրճ էի տանում ու ցավով տեսնում, թե հայերն ինչպես էին վարժ խոսում թուրքերեն, լսում թուրքական երգեր: Ամեն բան թուրքերենով էր: Միշտ բողոքում էի, ասում էի` ինչո՞ւ չեք հայերեն խոսում: Դրա համար ինձ օգնության եկավ երգը: Սկսեցի երգել «Դլե յամանը», «Արմենիան հողը», «Մասիսը մերն է» եւ հայրենասիրական ու աշուղական բազմաթիվ երգեր: Աստիճանաբար մարդիկ սկսեցին հրաժարվել թուրքերենից: Իմ թողարկած ձայներիզներն արագ սպառվում էին: Քարոզչական աշխատանքների մեջ սկսեցին ներգրավվել նաեւ երիտասարդներ, ովքեր պատերին թռուցիկներ փակցնելով էին զբաղվում, որոնցում ասվում էր, որ թուրքերենին պետք է պատասխան տալ հայերենով:

– Իսկ երաժշտական կրթություն ունեի՞ք:

– Ծնվել եմ Սիրիայում (Հալեպում): Դեռ մանկությունից մասնավոր հետաքրքրություն ունեի երգ-երաժշտության նկատմամբ: 1958թ. փոխադրվեցի Լիբանան, որտեղ ընդունվեցի Լիբանանի պետական երաժշտանոց: Այստեղ էլ ձայնամարզության հատուկ դասեր ստացա օպերայի հռչակավոր երգչուհիներ` ռումինահայ Արաքս Սվաճյանից ու լիբանանահայ Լյուսի Գարկայանից: Իմ նպատակը հայ երգի տարածումն էր ամենուր:

– Հայկական թրքախոս միջավայրի դեմ պայքարելը դժվա՞ր չէր:

– Բնականաբար, դժվարությունները բավական շատ էին: Սակայն որեւէ մեկին չէիր կարող այպանել թրքախոսության համար, ինչպես, օրինակ, կային բնակավայրեր` Մարաշ, Այնթապ եւ այլն, որտեղ թուրքերը մեծամասնություն էին կազմում: Դա լուրջ պատճառ դարձավ, որ հայերը դյուրությամբ մոռանային իրենց լեզուն:

– Դուք սփյուռքահայ գաղթօջախներում պայքարում էիք թրքախոսության դեմ, այնինչ այսօր Հայաստանում թուրքական ու արաբական երգերը մեծ պահանջարկ են վայելում: Առհասարակ ծանո՞թ եք հայկական երգարվեստում տեղի ունեցող երեւույթներին:

– Պետք չէ ամեն ինչ, այսպես ասած`մի ջրով լվանալ: Մի կողմից՝ Հայաստանում դասական հրաշալի երգարվեստ կա, մյուս կողմից` ռաբիսների շառավիղներ: Մեր հայ ժողովուրդը ռաբիսը չի ընդունի: Ես վստահ եմ, որ մենք նորից կվերադառնանք Կոմիտասին, մեր մաքուր երգերին: Որտեղ հեղափոխություն է տեղի ունենում, այդտեղ նման երեւույթները շատ են` գողություն, ավազակություն եւ այլն: Պակաս ուրախալի չէ այն, որ այսօր հայ երեխաները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ժողովրդական երգերի նկատմամբ: Իսկ ռաբիսը գերեզմանոցի վրա երգվող երգ է: Հայը ի՞նչ կապ ունի այդ երգի հետ, որտեղի՞ց բերեցին ասպարեզ, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ հայը թուրքական երգի բառերը թարգմանի ու երգի: Այնինչ մենք ունենք իսկապես հանճարեղ երգեր:

– Ինչպե՞ս պայքարել սեփական հայրենիքում չձուլվելու վտանգի դեմ: Չէ՞ որ այստեղ թուրքեր չկան:

– Ես կարող եմ այդ երեւույթի տարածման մասին պարզապես ասել` ամոթ է: Մենք Սփյուռքի մեջ կյանքի ու մահու պայքար ենք մղում, որպեսզի հայոց լեզուն պահպանենք եւ տեղի հայությանը կապենք հայրենիքին, մինչդեռ այստեղ այդպիսի տգեղ երեւույթներ են կատարվում: Վերջերս մի երգ եմ գրել` «Արի քո տուն» վերնագրով` «Արի քո տուն, արի քո տուն/ Հերիք մնաս դու որբ, անտուն/ Ինչո՞ւ մնալ պանդուխտ երկրում/ Հայրենիքը մեզ է կանչում (երգում է.- Մ.Մ):

– Ասում եք` արի տուն, իսկ ծանո՞թ եք այդ տան վիճակին:

– Թող մեր տան մեջ քույր-եղբայր իրար ծեծեն, բայց այդ մասին չգնան դրսում պատմեն: Դա է հայրենասիրությունը:

Մի օր մեր հայրենիքից գողերն ու ավազակները կփախնեն, ու հայրենիքը կմնա հայերին: Ես հույս ունեմ, որ ամեն ինչ կշտկվի:

– Լավատես եք:

– Վատատեսությամբ որեւէ բան չես շահի: Միշտ պետք է լավատես լինել: Այդ հարցում մարդուն միշտ օգնում է երգը` մաքուր երգը, այլ ոչ թե ռաբիսը, որը կարող է մարդկանց կատաղության հասցնել: Գիտեք, իմ երգերի մեջ միշտ խտացված է սերը` Աստծո, Մայր հայրենիքի նկատմամբ: Պետք է սիրել, այլ ոչ թե նախանձով մոտենալ միմյանց:

– Քանի՞ անգամ եք Հայաստան այցելել:

– 19-րդ անգամ եմ գալիս, ու ամեն անգամ մեծ համերգներ եմ ունենում: Համերգներով հանդես եմ եկել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, այս անգամ էլ` հունիսի 22-ին, համերգ եմ ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում: Ի դեպ, նշեմ, որ Հայաստան եկա ԼՂՀ-ի նախագահի հրավերով: Արցախում եւս պետք է ունենամ համերգ: Այնուամենայնիվ, ուրախանում եմ` տեսնելով, թե լեփ-լեցուն դահլիճում մարդիկ ինչպես են ինձ հետ կատարում իմ գրած երգերը: Ցանկացած երկիր էլ ունենում է իր դժվարությունները, ուղղակի փոքր-ինչ ժամանակ է հարկավոր դրանք հաղթահարելու համար:

– Եվ ամեն երկրում էլ կա՞ այսպիսի օլիգարխիկ համակարգ, որից հասարակությունը վախենում է:

– Շատ երկրներում կա, ու դա բնավ զարմանալի չէ: Ընդհանրապես ամեն մարդու տրված չէ ինքն իրեն վերահսկելու հնարավորություն: Ես լավատես եմ` ամեն բան կամաց-կամաց շտկվելու է (նա պայուսակից հանում է «Խոսենք հայերեն» վերնագրով իր ձայնասկավառակն ու նվիրում ինձ.- Մ.Մ):

– Խոսենք հայերե՞ն, բայց չէ՞ որ շուտով օտարալեզու դպրոցներում մեզ պարտադրելու են այլեւս չխոսել հայերեն:

– Այս երգը ես գրել եմ ոչ թե հայրենիքի, այլ Սփյուռքի համար: Ամոթ կլինի հայրենիքում հայերենի օտարացումը: Ես իսկապես չեմ ուզում խոսել Հայաստանի վարած քաղաքականության մասին, բայց միշտ պետք է հիշել, որ հայրենիքը դպրոց է, իսկ Սփյուռքում ապրողները` աշակերտներ, այսինքն` նախեւառաջ ներսում պետք է ամրապնդվի հայերենը, այդ դեպքում Սփյուռքն ավելի զորեղ կլինի (մեղմ ժպտում է.- Մ.Մ):