Քրտնում են բոլորը

24/06/2010

Մարդն իր ծնված օրվանից քրտնում է: Քրտինքն առաջանում է տարբեր զգացմունքների արդյունքում, ֆիզիկական եւ ջերմային գործոնների ազդեցությամբ: Այն առաջանում է դեմքի վրա, ոտքերի եւ թեւերի տակ, ձեռքի ափերի մեջ: Քրտնելու չափի վրա ազդում է տրամադրությունը, որոշ տեսակի սննդամթերքի ու ըմպելիքի գործածությունը եւ էնդոկրին համակարգի վիճակը:

Առհասարակ մարդու մարմնի ջերմաստիճանը գտնվում է հավասարակշռության մեջ, այսինքն` ջերմությունը մտնում է մարմին եւ դուրս գալիս: Սակայն, երբ ջերմության հոսքն ավելանում է, օրգանիզմում խանգարվում է բալանսը, եւ մարդը սկսում է շոգել: Որպեսզի կարգավորվի հավասարակշռությունը, օրգանիզմը պետք է գտնի պայքարի միջոց շոգի դեմ, եւ հենց քրտինքն էլ կատարում է այդ դերը: Քրտինքը գոլորշիանալով` սառեցնում է մեր մարմինը, եւ վերականգնվում է ջերմային բալանսը:

Ընդհանրապես քրտնում են բոլորը: Հիմնականում այս խնդրի լուծման համար օգտագործվում են դեզոդորանտներ: Հակամիկրոբային միջոցները խոչընդոտում են այն բակտերիաների զարգացմանը, որոնք առաջացնում են տհաճ հոտ: Նման պրեպարատների ազդեցությունը տեւում է 6-7 ժամ, այդ պատճառով էլ բարձր քրտնարտադրության դեպքում դեզոդորանտները չեն փրկի: Կան մարդիկ, ովքեր համեմատաբար ավելի շատ են քրտնում, քան մյուսները: Նման դեպքերում պետք է օգտագործվեն այլ պրեպարատներ: Եթե քրտինքից տհաճ ու շատ վատ հոտ է գալիս, պետք է անպայման դիմել բժշկի: Օրգանիզմի նման ռեակցիան վկայում է առողջական ինչ-ինչ խնդիրների մասին: Պետք է դիմել բժշկի հատկապես այն դեպքում, երբ սկսում եք քրտնել երեկոյան ու գիշերը, այն էլ` առանց պատճառի: Հատկապես շատ վտանգավոր է սառը քրտինքը:

Ճիշտ կլինի մարդիկ ընտրեն բնական կտորեղենից հագուստներ` բուրդ, բամբակ, վուշ, մետաքս եւ այլն: Այս կտորներից պատրաստված հագուստները թույլ են տալիս մաշկին շնչել: Նույնը վերաբերում է կոշիկներին: Պետք է աշխատել քիչ օգտագործել սուրճ, կծու համեմունքներ, քանի որ դրանք բարձրացնում են քրտնարտադրությունը: Պետք է նաեւ խոտաբույսերով (եղեսպակ, կաղնու կեղեւ) լոգանքներ ընդունել: