Մեծահասակները պետք է հետեւեն սնունդին

24/06/2010

Ֆիզիոլոգիական ծերությունն օրգանիզմում տեղի ունեցող տարիքային փոփոխությունների դանդաղ առաջացման պրոցեսն է: Դրա հիմքում ընկած է օրգան-համակարգերի կազմափոխությունը, որի հետեւանքով թուլանում են օրգանիզմի բոլոր համակարգերի կենսական հնարավորությունները: Լուրջ փոփոխություններ են տեղի ունենում հատկապես մարսողական համակարգում: Բարակում է ստամոքսի լորձաթաղանթը, նրա բջիջների կազմափոխության պատճառով սահմանափակվում է արտազատման եւ շարժող գործունեությունը, նվազում են ստամոքսահյութի թթվայնությունը, ֆերմենտների խտությունն ու ակտիվությունը: Աղիներում սկսում են գերակշռել նեխմանը նպաստող մանրէները: Ինչպես տեսնում եք, ֆիզիոլոգիական ծերացման ժամանակ մարդու օրգանիզմում շատ փոփոխություններ են տեղի ունենում: Սակայն սննդի բնույթը փոխելով` կարելի է ներգործել նյութափոխանակության եւ օրգանիզմի հարմարվողական մեխանիզմների վրա եւ դանդաղեցնել ծերացման պրոցեսը:

Տարեց մարդկանց սնունդը կազմակերպելիս պետք է նկատի ունենալ մարսողական համակարգի ոչ մեծ հնարավորությունները: Շատ կարեւոր է չափավոր ուտելը: Ծերացող օրգանիզմում ավելորդ սննդի պատճառով առաջանում է ոչ միայն ճարպակալում, այլեւ աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, լեղաքարային եւ միզաքարային հիվանդությունների ու շաքարային դիաբետի հանդեպ նախատրամադրվածություն: Օրաբաժնի էներգետիկ արժեքը պետք է փոքրացնել շաքարի, հրուշակեղենի, ճարպոտ մսամթերքների ու կենդանական ծագում ունեցող ճարպերի ու այլ սննդամթերքների հաշվին: Տարեց տղամարդկանց համար սպիտակուցի օրվա պահանջը միջին հաշվով՝ 70, կանանց համար` 60 գրամ է, որից կենդանական ծագում ունեցողները պետք է կազմեն 45-50 տոկոս: Դրանցով հարուստ են կաթնամթերքներն ու ձկների ոչ ճարպոտ տեսակները: Անհրաժեշտ է որոշ չափով սահմանափակել կենդանիների ու թռչունների միսը:

Տարեցների օրաբաժնում ճարպերի քանակը չպետք է գերազանցի 70 գրամը, իսկ ածխաջրերի քանակ` 250 գրամը: Ծերերի մոտ հաճախ է նկատվում, այսպես կոչված` ներքին ծագում ունեցող վիտամինային անբավարարություն: Ընդհանրապես նրանք ավելի շատ են բնական վիտամինների կարիք զգում: Տարեց մարդկանց համար ամենակարեւորը կանոնավոր` օրը 4 անգամ, առանց երկար ընդմիջումների սնվելն է:

Այսպիսով տարեց կամ ծեր առողջ մարդկանց համար արգելված սննդամթերքներ չկան, կան առավել կամ պակաս նախընտրելիներ: