Խուլիո Կորտասար «Զրույցներ Էվելին Պիկոն Գարֆիլդի հետ»

24/06/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

«Ես ոչ մի անսովոր հերոս չունեմ…»

Էվելին Պիկոն – Մենք կարող ենք սկսել ինչ-որ ընդհանուր հարցերից: Ասենք՝ դու ինչպես ձեւակերպեիր քո տեղը կոնկրետ գրական սերնդի ներսում` թե Արգենտինայում, եւ թե Լատինական Ամերիկայում ընդհանրապես:

Խուլիո Կորտասար – «Տեղ» հասկացությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, չէ՞ որ գոյություն ունեն այս կամ այն սերնդի մեջ «քո տեղը» գտնելու տարբեր եղանակներ: Հավանաբար դու նկատի ունես «տեղը» զուտ գրական իմաստով` բոլոր հնարավորներից ամենագրական: Բացի այդ, քո այդ հարցը բաժանվում է երկու մասի` Արգենտինայում եւ Լատինական Ամերիկայում: Առայժմ թողնենք Լատինական Ամերիկան` արգենտինական իրավիճակն ինքնին բավականաչափ բարդ է: Ինձ թվում է, գլուխ հանելու համար, թե գրողն ինչ տեղ է գրավում որոշակի սերնդի ներսում, պետք է ամենից առաջ հրաժարվել հաշվարկելու փորձից, թե հատկապես որ պահին է նա միացել դրան, չէ՞ որ սկզբում մարդ այդպիսի բաների մասին չի մտածում: Այլ կերպ ասած, երբ ես նոր սկսեցի գրել, կամ, եթե կհաճեք, տպագրվել, այսինքն` հիսուն թվականին (կամ քառասունութից հիսուն), ես, անշուշտ, չէի կարող պատկերացնել, թե ինչպիսին կլինի իմ դերը գրական բեմի վրա: Այն ժամանակ ես հասկանում էի, որ գոյություն ունեն հստակ նկատելի գրական ուղղություններ` որոշ գրողներով ես հիանում էի, ոմանց քամահրում, մյուսներն ինձ բացարձակապես չէին հետաքրքրում: Բայց հիմա, քսանհինգ տարի անց, ես, հավանաբար, կարող եմ քեզ այդ առթիվ ինչ-որ խելքին մոտ բան ասել: Արի տեսնենք, այն, ինչ ես գրում էի սկզբում, տեղավորվում էր հենց, այսպես կոչված, ինտելեկտուալ գրականության շրջանակներում, ինչպես, օրինակ, «Գազանանոցը»: Եվ ինքնաբերաբար այսպիսի մի եզրակացության ես հանգում այդ շրջանում, այսինքն՝ մոտավորապես հիսուն թվին, ինձ ձգում էին ամենանրբաճաշակ, ամենաբազմագիտակ գրողները, իսկ նրանք շատ բաներում կողմնորոշվում էին առ արտասահման, այլ կերպ ասած, շատ սերտորեն կապված էին եվրոպական գրականությանը, հատկապես` անգլոսաքսոն եւ ֆրանսիական: Այստեղ ոչ մի կերպ հնարավոր չէ չհիշատակել Բորխեսին, թեպետ, բարեբախտաբար, Բորխեսի ազդեցությունն ինձ վրա թեմատիկ չէր եւ ոչ էլ ոճական: Այն ամենից առաջ էթիկական էր: Թերեւս, Բորխեսն է ինձ եւ ողջ մեր սերնդին ուսուցանել խիստ պահանջկոտությունն ինքդ քո հանդեպ, սովորեցրել է սթափ գնահատել ինքդ քեզ, սովորեցրել է չտպագրել որեւէ բան, ինչը, մասնագիտական տեսանկյունից, շատ լավ չի արված: Դա նշելը կարեւոր է, չէ՞ որ այդ շրջանում Արգենտինան դեպի գրականությունն իր վերաբերմունքով մնում էր բավական անհոգ կամ նույնիսկ անփույթ երկիր: Ինչ ասես տպագրում էին: Եվ նույնիսկ շատ տաղանդավոր մարդիկ:

Բացակայում էին ընտրության խիստ չափանիշները, չէր բավում սթափ ինքնագնահատանքը, ինքնակարգապահությունը: Վերցնենք, օրինակ, այնպիսի արտասովոր մի մարդու, ինչպիսին Ռոբերտո Առլտն էր: Նա բոլոր իմաստներով լիովին Բորխեսի հակապատկերն է: Ահա, Առլտի մեջ դույզն-ինչ ինքնաքննադատություն չկար: Հնարավոր է, եւ բարեբախտաբար, ո՞վ գիտի, արդյո՞ք դա հակացուցված չէր նրա տաղանդին: Այսպես թե այնպես, նա չէր կարողանում ինքն իրեն օբյեկտիվորեն նայել: Նրա լեզուն խառնափնթոր տեսք է առնում, ոճական թերություններով աչք է ծակում: Փոխարենը՝ նրա մեջ թաքնված էր աներեւակայելի ստեղծագործական թափը: Բորխեսը, եթե նրանց համեմատենք, այդօրինակ գեղարվեստական էներգիա չէր կրում իր մեջ եւ դա փոխհատուցում էր մտքի աշխատանքով` այնպիսի մակարդակի, այնպիսի խորության, որ մեկեն ինձ վրա ապշեցուցիչ տպավորություն գործեցին, եւ ես, համարյա առանց մտորելու, որոշեցի միանալ այն ժամանակվա գրականության սուպերինտելեկտուալ թեւին: Սակայն անցյալին կարելի է նայել եւ այլ դիտանկյունից: Այն ժամանակ ես ինձ համար հայտնաբերեցի նաեւ Օրասիո Կիրոգային եւ Ռոբերտո Առլտին` «հանրամատչելի» գրողներին:

Օրինակ, ինչ էլ որ ասեն Բորխեսի Բուենոս Այրեսի մասին` միանգամայն ֆանտաստիկ, ամբողջությամբ մտահնար, դա հենց Բորխեսի Բուենոս Այրեսն է: Այդպիսի Բուենոս Այրես էլ գոյություն ունի, բայց ողջ քաղաքը, իհարկե, այլ է: Առլտը իրերին ամենեւին այլ կերպ էր նայում` նրա մեջ ուրիշ մշակութային մակարդակ էր, այլ ապրելակերպ: Նա տեսավ այն Բուենոս Այրեսը, որով մարդիկ ամեն օր քայլում են, ուր ապրում, սիրում եւ տառապում են: Իսկ Բորխեսը բացահայտեց դիցաբանական ճակատագրով քաղաքը` բնազանցական մահվան, բնազանցական հավերժության Բուենոս Այրեսը: Եվ Բորխեսի բանաստեղծության մեջ, որտեղ ասվում է, թե՝ «ինձ սուտ է թվում, թե իբր Բուենոս Այրեսը կարող էր երբեւէ սկսվել ինձ համար, այն նույնքան հավերժական է, որքան ջուրը եւ օդը», քաղաքը դրսեւորված է որպես ինչ-որ պլատոնական գաղափար…

Էվելին Պիկոն – Նրա համար Բուենոս Այրեսն ավելի շուտ արքետիպային է:

Խուլիո Կորտասար – Այո, եթե կհաճեք, արքետիպային է:

Էվելին Պիկոն – Իսկ Առլտի մոտ քաղաքը բազմաչափ է եւ լիարյուն:

Խուլիո Կորտասար – Հենց այդպես: Այսպիսով, այդ սերնդում իմ տեղի մասին` թեպետ դա, խիստ ասած, բնավ էլ իմ սերունդը չէ, այլ նախորդը` հարկ է խոսել, մի կողմից՝ ինչպես ուսանելու`բարոյական եւ էթիկական ուսանման (այդտեղ ես մեծ դաս եմ ստացել Բորխեսից), իսկ մյուս կողմից` երկրային, զգայական, էրոտիկ ուսանման մասին, եւ դա Ռոբերտո Առլտի դասն էր, եթե վերցնենք նրանց երկուսին, որպես երկու հակադիր միտումների խորհրդանիշներ: Բնականաբար, կային եւ շատ այլ գրողներ, բայց հուսով եմ, որ այս օրինակով ես բավականաչափ պարզ արտահայտեցի իմ միտքը: Եվ իմ հասակակիցներն էլ, այս կամ այն ճանապարհով, ապրեցին այն, ինչ ես: Սակայն, այդուհանդերձ, ես չգիտեմ այլ մեկին, ով, ինչպես ես, միանգամից կողմնորոշվեր առ այդ երկու բեւեռները: Այո, գոյություն ունեին բորխեսականներ, եւ նրանցից ոչ մեկից մի կարգին բան դուրս չեկավ: Դրանք պարզապես մինի-բորխեսներ էին` զուտ ընդօրինակող գրականություն: Ի՞նչը կարող է առավել անհուսալի լինել, քան Բորխեսին նմանակելը: Միեւնույն է, թե ընդօրինակես Շեքսպիրին: Ելիզավետյան դարաշրջանի մյուս դրամատուրգների հմայքն այն է, որ նրանք գրում էին իրենց պիեսները՝ չընդօրինակելով Շեքսպիրին: Իսկ եթե մտքներին դնեին ընդօրինակել Շեքսպիրին, ի՞նչ կստացվեր: Արգենտինայում ոչ մեկը նրանցից, ով ջանում էր նմանվել Բորխեսին եւ գրում էր գրքեր, որ լցոնված էին լաբիրինթոսներով, հայելիներով եւ հերոսներով, որոնց երազվում է, որ իրենք էլ իրենց հերթին երազվում են մեկին` դու ինքդ գիտես այդ բորխեսական սյուժեները. նրանցից ոչ մեկը, որքան ես գիտեմ, ոչ մի արժեքավոր բան չգրեց: Իսկ ահա ռեալիզմը ընտրածները` քեզ, անշուշտ, կարիք չկա բացատրելու, թե ես ինչն եմ կոչում ռեալիզմ, այո՞` ռեալիզմ բառիս բուն իմաստով, ստեղծեցին առավել նշանակալից ստեղծագործություններ, քան նրանք, որ փնտրում էին իրենց ուղին՝ հածելով ինտելեկտուալ եւ ֆանտաստիկ կառուցվածքների թավուտներում: Իսկ ես, բացարձակապես դա չգիտակցելով, հայտնվեցի երկու բեւեռների միջեւ: Հիշենք «Գազանանոցը», չէ՞ որ այնտեղ արդեն հայտնվեց ինչ-որ բան, որը բավական տարակուսեցրեց քննադատներին, թեպետ այդ ինչ-որ բանը դարձավ մատի փաթաթան` իմ պատմվածքները միաժամանակ եւ շատ ռեալիստական էին, եւ շատ ֆանտաստիկ: Այլ կերպ ասած, ֆանտաստիկականը ծնվում էր միանգամայն ռեալ իրավիճակից, որեւէ առօրեական դրվագից, այն բանից, ինչ տեղի է ունենում ամենասովորական մարդկանց հետ: Ես ոչ մի անսովոր, Բորխեսի հերոսներին նմանվող, հերոս չունեմ, նրա մոտ քայլ անգամ չես անի՝ առանց հանդիպելու մեկ դանիացու, մեկ շվեդի, մեկ գաուչոյի, եւ նրանք բոլորն անպայման ապշեցնում են մեզ ինչ-որ բացարձակապես արտասովոր մի բանով: Ոչ, իմ պերսոնաժները փողոցի մարդիկ են, երեխաներ, դեռահասներ, մեծահասակներ: Ամենասովորական մարդիկ, բայց ֆանտաստիկականը հանկարծ ներխուժում է նրանց կյանք:

Դա ինձ մոտ ակամա ստացվեց: Ես ստիպված եղա իմ գրվածքների մասին գլխից դուրս քննադատական աշխատություններ կարդալ, եւ միայն այդժամ ես հասկացա, թե ինչն ինչոց է: Անկեղծ խստովանում եմ, ես ինքս իմ մասին շատ քիչ բան գիտեմ: Այդ դուք՝ քննադատներդ, սիրում եք ամեն ինչ բացատրել եւ մեկնաբանել, այդժամ ես սկսում եմ ինչ-որ բան ըմբռնել:

«Ինչ է զգում մարդն այն տանը, որով վագր է շրջում…»

Էվելին Պիկոն – Դու ֆանտաստիկ պատմվածքի վարպետ ես, բայց ես օգտվում եմ այդ ձեւակերպումից սոսկ այն բանի համար, որ դու ինքդ նկատել ես` «Չկա ավելի համապատասխան խոսք»: Ասա խնդրեմ, ինչպիսի՞ն է քո ներդրումը այդ ժանրի զարգացման մեջ Արգենտինայում:

Խուլիո Կորտասար – Չեմ կարծում, որ այստեղ սազում է «ներդրում» բառը: Քսան տարվա ընթացքում ես ֆանտաստիկ պատմվածքների բավական մեծ շարք եմ գրել, որը սկսվում է «Գազանանոցից», հետո հայտնվեցին շատ այլք` մոտ մի չորս տասնյակ կլինի: Դրանք խիստ տարբերվում են միմյանցից, բայց դրանց ինչ-որ ընդհանուր հայտարար կա` ֆանտաստիկականը դիտավորյալ կերպով մտցված է պատումի հյուսվածքի մեջ: Բայց ճշգրիտ ձեւակերպել, թե ինչպիսին է իմ ներդրումը նմանատիպ գրականության մեջ, ես երեւի թե չկարողանամ: Թերեւս, կարելի է այսպես արտահայտվել` հավանաբար, ես ցույց տվեցի ավելի երիտասարդ հեղինակներին, նրանց, որ եկել են ինձնից հետո, արգենտինական եւ լատինաամերիկյան ֆանտաստիկ պատմվածքի ուղություններից մեկը: Զարգացման արժանի ուղղություններից միայն մեկը: Վերջապես հարկ է հրաժարվել 19-րդ դարի ֆանտաստիկական գրականությունը կամ Բորխեսի պատմվածքն ընդօրինակելուց, ուր ողջ իմաստը հենց ֆանտաստիկան է: Իսկ ես կարծում եմ, որ իմ պատմվածքներում ֆանտաստիկայի հետ մեկտեղ գործում են եւ այլ տարերքներ: Ֆանտաստիկան, օրինակ, օգնում է զարգացնել էրոտիկ կամ ընտանեկան իրավիճակը, եւ այդ ժամանակ ինչ-որ թաքնված ուժեր դուրս են ժայթքում, հենց խաղի մեջ ինչ-որ ֆանտաստիկ տարրեր ներմուծելով: Ըստ էության, իմ պատմվածքները ամբողջության մեջ մնում են ռեալիստական:

Էվելին Պիկոն – Այն, ինչ դու հենց հիմա ասացիր, ինչ-որ չափով հենց բնութագրում է քո ներդրումը գրականության մեջ: Օրինակ, Բորխեսի մոտ ֆանտաստիկան հաճախ ի սկզբանե դրված է այս կամ այն կոնկրետ իրավիճակի հիմքում, իսկ քո պատմվածքներում ֆանտաստիկան կապված է մարդկային բնույթի հետ, ավելի ճիշտ, ինչ-որ շատ խորքային մի բանի հետ, մարդու մեջ եղած շատ անձնական մի բանի հետ:

Խուլիո Կորտասար – Այո, բայց փորձեմ պարզաբանել այն, ինչը դու, հավանաբար, նկատի ունեիր` ես չգիտեմ, թե Բորխեսն ինչպես էր գրում իր պատմվածքները, բայց ինքը՝ պատումային մեխանիզմը նրա մոտ, ըստ իս, հիմնվում է ֆանտաստիկ երեւույթի վրա, որպես այդպիսին: Հիշենք պատմությունն այն մարդու մասին, ով իրեն ռեալ է համարում, իսկ իրականում նա լոկ այլ մի հերոսի երազն է: Ըստ իս, սկզբում Բորխեսի գլխում լիովին վերացական մի գաղափար է ծնվում: Եվ այդժամ, ելնելով այդ գաղափարից, նա պատմվածք է գրում` կառուցում է այն, ներմուծում է պիտանի պերսոնաժներն ու դրվագները, հորինում է գործողության վայրը: Ինձ մոտ ամեն ինչ միանգամայն այլ է: Ինձ մոտ երբեք ոչինչ չի սկսվում զուտ հնարանքից, որի հիմքի վրա հետո ուրվագծվում է ֆանտաստիկ բեմը: Ես գլխումս պահում եմ ընդհանուր պատկերը, ողջ հենքը, որտեղ յուրաքանչյուր գործող անձի դերը` դա անվանենք ռեալիստական մաս, որն արդեն ծավալված է, արդեն ներքաշված է խաղի մեջ, եւ այդ ժամանակ ներառվում է ինչ-որ ֆանտաստիկ դրվագ, ներհյուսվում է ֆանտաստիկ մոտիվը:

Էվելին Պիկոն – Եվ այն կոնկրետ իրադրությունների, այլ ոչ թե ինչ-որ մտավոր բաների ծնունդն է` ռեալիստական իրավիճակը ծնում է ֆանտաստիկականը, այլ բնավ էլ ոչ վերացական մտահղացումը, որ պարտադրվում է պատումին:

Խուլիո Կորտասար – Հենց այդպես: Ինձ համար կյանքի փորձն առավել կարեւոր է, քան ինտելեկտուալ փորձը: Ասենք, ինձ հետ ինչ-որ բան է պատահում, կամ ես տեսնում եմ, որ ինչ-որ բան է պատահում ինձ շրջապատող մարդկանց` դա դառնում է հիմքը, իսկ հետո ամեն ինչ ենթարկվում է ներքին տրամաբանությանը: Եթե կուզես, օրինակ բերեմ: Հիմա միտս եկավ «Կղզին կեսօրին» պատմվածքը: Ես թռչում էի Թեհրանից Փարիզ «Էյր Ֆրանս» ինքնաթիռով, եւ կեսօրին մենք թռչում էինք Էգեյան ծովի վրայով: Ես նստած էի լուսամուտի մոտ եւ հանկարծ տեսա ապշեցուցիչ կապտաբիլ ծովում չքնաղ փոքրիկ մի կղզի` այն լողացող ոսկե կրիա էր հիշեցնում: Ինձ շամփրեց հրաշքի զգացողությունը, անիրականի զգացողությունը, պատկերացրու, ես թռչում էի մի տեղի վրայով, որի անունը չէի կարող իմանալ, եւ մատուցողից դա իմանալը նույնպես անիմաստ էր` նա երեւի թե նույնպես դրա մասին ոչինչ չգիտեր: Դա անանուն վայր էր: Բայց չէ՞ որ ես նրա վրայով էի թռչում, եւ իմ մեջ նույնիսկ այնտեղ լինելու աղոտ ցանկություն ծագեց: Իսկ հետո կղզին տեսադաշտից կորավ, եւ ես հանկարծ փոխակերպվեցի մատուցողի, ով մշտապես տեսնում է այդ կղզին: Այլ կերպ ասած, պատմվածքը ծնվում է ռեալ ապրածից: Երբ ես գրում էի «Գազանանոցը», ես սկզբում այն մտքումս ապրեցի` հենց ապրեցի, չէ՞ որ կյանքի փորձը մեզ տարբեր կերպ է տրվում: Մի բան է վերացական գաղափարը` այն ունակ չէ երակազարկելու արյան մեջ կամ հոգուն վրա հասնելու, եւ միանգամայն այլ բան է` մտքերը, եթե նույնիսկ դրանք նման են զգայախաբությունների, սակայն հասցրել են դառնալ քո մի մասը: Չէ՞ որ դրանք միանգամայն շոշափելի են, եւ ամենեւին էլ ոչ վերացական: Մի անգամ ես շատ վատ հիվանդացել էի` հենց այն գրիպն էր, որից ջերմությունը բարձրանում է մինչեւ քառասուն աստիճան: Ես պառկած էի միայնակ` տանը, Բուենոս Այրեսում, եւ, հարկ է կարծել, տապից թեթեւակի զառանցական վիճակի մեջ էի ընկել: Ես հանկարծ իրականում պատկերացրի, թե ինչ է զգում մարդն այն տանը, որով վագր է շրջում: Ամենաիսկական կենդանի վագր, բայց որին վարժեցրել են ընտանիքի անդամները: Եվ տունն էլ այլ էր, ոչ այն, որտեղ ես պառկած էի: Ավելի շուտ, դա վագրը չի քայլում իմ շուրջ, այլ ինձ տանջող ջերմը, իմ զառանցանքը: Այլ կերպ ասած, պատմվածքում նկարագրվում է այն, ինչն իրականում տեղի է ունեցել: Թեեւ կղզու հետ, իհարկե, այլ կերպ էր: Չէ՞ որ կղզին գոյություն ուներ, ես այն տեսել էի: Իսկ վագրը չկար, ես նրան չէի տեսել: Թե՞ ամեն դեպքում տեսել էի: Հասկանո՞ւմ ես:

Կարճ ասած, ֆանտաստիկականն ինձ համար` իրականության մի մասն է, եւ այդ մասը երբեմն կարելի է ձեռքերով շոշափել, երբեմն՝ բառիս բուն իմաստով, իսկ երբեմն էլ՝ միայն մտովի:

Էվելին Պիկոն – Բայց ամեն դեպքում դա այն ինտելեկտուալ շոշափելիությունը չի, ինչ բնորոշ է Բորխեսի ինտելեկտուալ եղանակին:

Խուլիո Կորտասար – Ես քեզ ուզում եմ, Էվի, մի բան ասել: Ինչպես ինձ թվում է, ես կյանքում ոչ մի ինտելեկտուալ բան չեմ գրել: Որոշ անցումներ կամ ելեւէջներ կարելի է ինտելեկտուալ կոչել, օրինակ՝ «Սյունակախաղում, երբ հերոսները սկսում են խորհրդածել կոնկրետ թեմայի շուրջ եւ զանազան տեսություններ են զարգացնում: Բայց չէ՞ որ ես եւ դու այժմ նույնպես, եթե կամենանք, կարող ենք տեսություններ զարգացնել: Բայց դա միշտ երկրորդ մակարդակն է: Ինձնից հաստատ տեսաբան դուրս չի գա:

Էվելին Պիկոն – Տպավորություն է ստեղծվում, որ քո գրքերում ուզածդ տեսություն մնում է ինչ-որ տեղ փակագծում:

Խուլիո Կորտասար – Միանգամայն ճիշտ է: Այդ պատճառով էլ ինձ համար շատ տհաճ է, երբ հարցազրույցի ժամանակ ինձանից վերլուծական դատողություններ են ակնկալում, ասես ես ինչ-որ Ուիլսոն եմ կամ Ժան Պոլ Սարտր, կամ Բորխես, ովքեր օժտված են տեսական մտածողության մեծ շնորհով: Ես դա չունեմ, իմ մեջ միայն ներըմբռնումն է:

«Պատմվածքն օգտագործում է Խուլիո Կորտասարին, որպեսզի պատմվածք դառնա…»

Էվելին Պիկոն – Ես գիտեմ, որ դու տանել չես կարողանում սխեմաները, դասդասումները, երբ ամեն ինչ դարսդարսվում է դարակներում եւ արկղերում: Եվ, այդուհանդերձ, կհամարձակվեմ քեզ որոշ սխեմաներ առաջարկել: Քո ստեղծագործությունները, ըստ իս, բաժանման են ենթարկվում ոչ թե թեմատիկ սկզբունքով, այլ դրանցում իշխող մթնոլորտով: Ի՞նչ կասես դու, եթե քո ստեղծագործության առաջին շրջանի մեջ ես ներառեմ ֆանտաստիկ պատմվածքները («Գազանանոցը», «Խաղի վերջը»), որոնց մեջ դու ամենից առաջ փնտրում ես անսպասելի տպավորությունները:

Խուլիո Կորտասար – Դե, նախեւառաջ, ինձ դուր չի գալիս «փնտրել» բայը: Հաճույքով կրկնում եմ քեզ Պաբլո Պիկասոյի հանրահայտ խոսքը. «Ես չեմ փնտրում, ես գտնում եմ»: Որովհետեւ ես երբեք չեմ փնտրել այն, ինչն անպայման ընթերցողի վրա ուժեղ տպավորություն կգործեր: Ուզում ես՝ հավատա, ուզում ես՝ ոչ: Չէ՞ որ, շատերը նրանցից, որ իմ ստեղծագործությամբ են զբաղված, հոգու խորքում դրան չեն հավատում: Նրանք իմ խոսքերը boutade-ի (կեցվածքի) տեղ են ընդունում: Եվ դու լրիվ իրավունք ունես չհավատալու ինձ: Բայց ես լիովին անկեղծ եմ, ինձ համար դա ճշմարտություն է, իմ ուզածդ պատմվածքի վերջավորություն դառնում է անսպասելիություն առաջին հերթին հենց ինձ համար: Երբ ես գրում եմ, ես երբեք չգիտեմ, թե այդ ամենն ինչով կավարտվի: Իմ մեջ սոսկ մի աղոտ գաղափար է հասունանում, բայց պատմվածքն ավարտվում է ամենեւին էլ ոչ այնպես, ինչպես դու ենթադրում էիր: Վեպի հետ նույն բանն է պատահում, բայց այնտեղ մեխանիզմն է այլ: Այնպես որ, ես ինքս դառնում եմ անսպասելի էֆեկտների առաջին զոհն իմ պատմվածքներում, ինչպես դու արտահայտվեցիր մի անգամ: Երբ ես գրում էի այն, ինչը «Blow Up» կամ «Սատանայի լորձունքը» վերնագիրը ստացավ, ես գաղափար չունեի, թե այդ ամենն ինչով է վերջանալու: Ինձ հետ տեղի էր ունենում նույն բանը, ինչն այն մարդու հետ, որ շրխկացնում է լուսանկարչական ապարատով, իսկ հետո, նայելով պատրաստի լուսանկարին, ինչ-որ նոր բան է հայտնաբերում, ամենեւին էլ ոչ այն տեսարանը, որը նա մտապահել էր: Եվ այդժամ նա սկսում է հասկանալ, որ իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է, իրականում իրերի կարգն այդքան հեշտ չի բացատրության տրվում: Նա վստահ է, որ տեսնում է A-ն, B-ն, C-ն եւ D-ն, իսկ հետո, լուսանկարը երեւակելով եւ Blow up-ից հետո այնտեղ հայտնաբերում է ոչ թե այդ A-ն, B-ն, C-ն եւ D-ն, այլ փոխարենը՝ հայտնվում են Իքսը, Իգրեկը եւ Զեթը: Բայց առաջ ես չգիտեի, որ լուսանկարը կարող է շարժման մեջ մտնել եւ իրականության նոր մակարդակներ ստեղծել, որի մեջ կներքաշվի լուսանկարիչը եւ ի վերջո կդառնա դրա զոհը: Եվ ահա, երբ ես ավարտեցի այս պատմվածքը, ավարտն առաջին հերթին ապշեցրեց հենց ինձ:

Շարունակելի

ԳԵՏԸ

Դե ինչ, ենթադրենք՝ դու գնում էիր, խոստանալով ի վերջո նետվել Սենա, կամ նմանատիպ ինչ-որ բան, սովորական տխմարություններ, որոնք կարող են արտաբերվել հենց միայն խոր գիշերով, ճմրթված սավանի վրա, բամբակի լեզվով, իսկ ես դրանք հազիվ եմ լսում, չնայած թեթեւ հպումներով իմ ուշադրությունը գրավելու քո փորձերին, քանզի վաղուց արդեն խուլ եմ հարանման քո խոսքերի հանդեպ, որոնք սահում են իմ փակ աչքերի այն կողմում, երազի այն կողմում, որ տանում է ինձ ինչ-որ տեղ` ցած: Սակայն, լավն էլ դա է, իմ ի՞նչ գործն է՝ գնացե՞լ ես դու, թե՞ խեղդվել ես, կամ թե դեռեւս քայլո՞ւմ ես ափով, ջրին նայելով, եւ դրանից զատ, ամեն բան այդպես չէ, չէ՞ որ դու այստեղ ես եւ ընդհատ շնչում ես երազում, եւ դու չէիր մեկնել, կեսգիշերին գնալով, երբ քունը դեռ ինձ չէր ուժասպառել, քանզի հիշում եմ, որ դու պատրաստվում էիր նետվել Սենա, կամ, որ սահմռկում էիր, սակայն մտափոխվեցիր, եւ ահա արդեն կիպ կողքիս ես, թեթեւ տարուբերվում ես երազում, ասես թե քեզ տեսիլվում է, որ ի վերջո գնացել ես եւ վերջապես հայտնվել ես ափին եւ նետվել ես ջուրը: Եվ այդպես նորիցնոր, որպեսզի հետո հիմար արցունքներից ուռած աչքերով քնես մինչեւ տասնմեկը, մեկը, երբ ցրում են առավոտյան թերթերը` լուրերով նրանց մասին, ովքեր իրոք խեղդվել են:

Ի՜նչ ծիծաղելի ես դու: Քո պաթետիկ հաստատակամությունը, այդքան թատերական ժեստերը, որպես պահանջմունք, գնալիս դուռը շրխկացնելը, ստիպում են հարցմունք անել, մի՞թե դու հիրավի հավատում ես քո սպառնալիքներին, քո էժան շանտաժին, հոգուն վրա հասնող դրամատիզմով լի արցունքախառն ընդհարումները, մակդիրների եւ կշտամբանքների ցուցակագրումը: Դու արժանի ես այլ մի տղամարդու, ով քո խոսքերն անպատասխան չի թողնի, ում հետ դու հետզհետե իդեալական զույգ կկազմես, դանդաղորեն գարշահոտող տղամարդ եւ կին, որ միմյանց աչքերին նայելով նեխում են, որպեսզի հավաստիանան չնչին հապաղման մեջ, եւ նորից ապրեն, եւ նորից նետվեն առ հաստատումն հողակտորի եւ կաթսայի հատակի ճշմարտության: Այսպիսով, գերադասում եմ լռել, ծխախոտ եմ վառում եւ ինքզինքս ունկնդրում, լսում եմ քո բողոքները (համաձայն եմ, բայց ինչո՞վ կարող եմ օգնել), կամ էլ թե, որ հիմա ավելի նախընտրելի է` քո սովորական անեծքներով թմբիրվելով, ննջում եմ՝ աչքերս գոցելով եւ մի պահ համատեղելով երազի առաջին մակընթացությունը եւ քո ձեռքերի զվարճալի թափահարումը` գիշերազգեստով, լույսի ներքո ջահի, որը մեզ նվիրել են մեր հարսանիքի օրը, եւ վերջապես, ոնց որ թե քնում եմ, վերցնելով ինձ հետ (խոստովանում եմ քեզ այդ համարյա թե սիրով) քո շարժմունքից եւ բողոքներից քիչ թե շատ պիտանի ամենը, վրդովմունքից կապտած, շուրթերն աղճատող եռեփվող ձայնը: Իմ երազները դրանից առավել կհարստանան, դրանցում, հավատա ինձ, ոչ ոք չի սկսի խեղդվել:

Եթե այդպես է, ի՞նչն է քեզ պահում այս անկողնում, որ դու պատրաստ ես փոխելու այլ մեկով` լայնարձակ եւ կոհակվող: Դու քնած ես եւ քնիդ մեջ շարժում ես ոտքդ, սավանին նորանոր ուրվագծեր տալով, կարծես թե ինչ-որ բանից սրդողած ես, կամ ավելի ճիշտ՝ դառնացած ես, եւ քո շուրթերը` քամահրանքով, խոնջանքով եւ վշտով տոգորված, համարյա թե պատնեշում են շնչառությունը, որ քամու պես սլացիկ է, եւ եթե ես քո հավերժական պարապ սպառնալիքներից փրփրած չլինեի, առաջվա պես քեզ գեղեցիկ կհամարեի, եւ ասես երազում, դու համարյա թե ցանկալի կդառնայիր, վերադարձնելով մեզ կորուսյալ մտերմությանն ու վաղեմի զգացմունքներին, այնքա՜ն հեռու այս տագնապալի այգաբացից` անվադողերի խշխշոցով եւ ձայնը գլուխը գցած հաճկատար աքաղաղի կանչերով: Արժե՞ արդյոք նորիցնոր հարցմունքի մեջ ընկնել` իրո՞ք դու գնացիր եւ դո՞ւ էիր, որ դուռը շրխկացրիր հենց այն պահին, երբ ես ուշագնաց էր լինում, հենց դրա համար էլ, երեւի, ուզում եմ դիպչել քեզ, թեկուզ չկասկածելով անգամ, որ դու այստեղ ես, որ դու այդպես էլ ոչ մի տեղ դուրս չեկար, այլ լոկ քամին փակեց դուռը, ինձ թվաց, թե դու գնացիր՝ գլխի չընկնելով, որ քնած եմ` սպառնալիքներով վախեցնում էիր ինձ: Այդուհանդերձ ես հպվում եմ քեզ սոսկ այն բանի համար, որ այնքան հաճելի է կանաչավուն ադամամութի կիսախավարում դողացող եւ ընկրկող ուսին դիպչելը: Մատներն իմ կրկնում են պարանոցիդ անբասիր գիծը, ինձ շոյում է քո գիշերային մեղրանուշ շնչառությունը, եւ ահա դեպ ինձ եմ քաշում վերմակով հազիվ ծածկված մարմինդ, ու թեեւ խուլ բողոքելով, դու գալարվում ես, փորձելով ազատվել, մենք երկուսս էլ հիանալի գիտենք այդ խաղը, որպեսզի դրան չհավատանք, այդպես է նախասահմանված, որ դու երես թեքես, ինչ-որ բան հատու քրթմնջալով, խուսանավելով քո ողջ քնատ ու նվաճված մարմնով, միեւնույն է, այդ պահերին մենք անբաժանելի ենք, երբ սեւ ու սպիտակ թելերը մոլեգին միահյուսվում են, ինչպես սարդերը՝ սափորում: Սավանը շողշողում է ճերմակ ծալքերով, հատում է օդը եւ հունցվում խավարում, այդժամ լուսայգը պարուրում է մեզ, արդեն մերկ` մածուցիկ ու թրթռուն լույսով, չնայած դու դեռեւս դիմադրում ես, ձեռքերդ վեր ես նետում, կծկվում ես, եւ հանկարծ ազդրերի կատաղի ցայտքը, ու նորից կողպված են դժոխային ունելիները, որ պատրաստ են գջլելու ինձ ինքս ինձնից: Ինչ հաճելի է քեզ տիրանալը (ինչպես եւ նախկինում` անշտապ, ծիսական նրբաճաշակությամբ), զգուշորեն ճկելով քո եղեգնյա ձեռքերը, հարմարվելով սրսփուն մարմնի եւ լայնաբաց աչքերի երանությանը, մինչեւ վերջապես դու խաղաղվում ես` սահուն պեծկլտուն ռիթմերում, փրփուրների հատակից դեպ ինձ բարձրանալով, ես քնքշությամբ խրում եմ մատներս բարձի վրա շաղ եկած քո վարսերի մեջ, զարմանքով տեսնում եմ, թե ինչպես կանաչավուն կիսախավարում առ քեզ է ծորում իմ ձեռքը, եւ արդեն գիտեմ, որ քեզ հենց նոր են հանել ջրից, եւ իհարկե, չափազանց ուշ, եւ պառկած ես հիմա քարքարոտ ջրափին` կոշիկներով ու ճիչերով շրջանակված, պառկած ես` դեմքդ վեր հառած, եւ մազերը քո տամուկ են, եւ աչքերը քո` լայնաբաց:

Հրաշալի զբաղմունքներ

Ի՜նչ հրաշալի զբաղմունք է` խավարասերի տոտիկը պոկել, դնել այն ծրարի մեջ, մակագրել` արտաքին գործոց նախարարին, ավելացնել հասցեն, թռչկոտելով սուրալ աստիճաններն ի վար, եւ նետել նամակն անկյունի փոստարկղը:

Ի՜նչ հրաշալի զբաղմունք է` ճեմել Արագո պուրակով եւ համրել ծառերը եւ ամեն հինգերորդ շագանակենու մոտ մի պահ կանգ առնել` մեկ ոտքի վրա կեցած: Մինչեւ որ մեկը կանչի քեզ, եւ այդժամ մարտական մի ճիչ արձակել, ձեռքերը լայն բացած, գնդակի պես պտտվել, թռչնի հանգույն` թեւերը ինչ-որ տեղ:

Ի՜նչ հրաշալի զբաղմունք է` մտնել սրճարան եւ շաքարավազ խնդրել, եւ կրկին շաքարավազ, եւ կրկին…, երեք-չորս անգամ` փոքրիկ բլրակ սարքել, հենց սեղանի կենտրոնում… Եվ քանի դեռ աճում է վրդովմունքը վաճառասեղանի ետեւում եւ ճերմակ գոգնոցների ներքո, նշանառու թքել… հենց շաքարավազի բլրակի կենտրոնին… Եվ ուսումնասիրել, թե ինչպես է հալվում պուճուրիկ այսբերգը, եւ լսել, թե ինչպես է հաճախորդների եւ սրճարանատիրոջ հոգին (ծառայության ժամանակ` պատկառելի մարդու) տակնուվրա լինում:

Ի՜նչ հրաշալի զբաղմունք է` ավտոբուս նստել, իջնել, իջնել նախարարության մոտ` փաթեթները տարուբերելով, շրջանցել բոլոր քարտուղարներին ու մտնել, խիստ եւ լուրջ, մեծ հայելապատ սենյակը, հենց այն պահին, երբ կապտազգեստ ծառայողը նախարարին է հանձնում նամակը… տեսնել, թե ինչպես է նա թերթատում ծրարը ուղղակի պատմական իր դանակով, եւ բարալիկ մատներով հանում խավարասերի տոտիկը, եւ նայում դրան, եւ այդ պահին ճանճի նման տզզալ ու տեսնել, թե ինչպես է դժգունում նախարարի դեմքը, որ փորձում է իրենից վանել խավարասերի տոտիկը, եւ չի կարողանում, քանզի այն կառչել է իր ձեռքից:

Շրջվել եւ դուրս գալ առանձնասենյակից եւ, սուլելով, միջանցքներում ազդարարել նախարարի պաշտոնաթողության մասին, եւ գիտենալ, որ հաջորդ օրը թշնամու զորքերը քաղաք կմտնեն, եւ ամեն ինչ գրողի ծոցը կգնա, եւ ուրբաթ կլինի, ամսի տասներեքը, եւ այն էլ դեռ` նահանջ տարի:

Իրական դեպք

Ոմն պարոնի ակնոցն ընկնում է եւ ահավոր շրխկոցով բախվում սալահատակին: Տառացիորեն նվաղած, պարոնը չոքում է (ակնոցի ապակիներն այնքան էլ էժան չեն… զարմացած բացահայտում է, որ ակնոցը հրաշքով անվնաս է մնացել):

Խորապես շնորհակալ, պարոնը հասկանում է, որ դա ընկերական նախազգուշացում է: Նա գնում է օպտիկայի խանութ եւ մեկեն երկտակ պահպանիչ միջադիրով պատյան ձեռք բերում: Հիմա նա հաստատ կպահպանի իր առողջությունը:

Մեկ ժամ անց պարոնը վայր է գցում պատյանը եւ հանգիստ կռանալով՝ հանկարծ պարզում է, որ ակնոցը ջարդուփշուր է եղել:

Ժամանակ կանցնի, մինչ նա կհասկանա, որ այնքան էլ հեշտ չէ նախախնամության նշանները հասկանալը, եւ թե իրականում ինչ տեղի ունեցավ այժմ:

Սյուժե պատի գորգի համար

Գնդապետն ութսուն մարդ ունի, իսկ ախոյանը` հինգ հազար: Վրանում գնդապետը հայհոյում է ու լալիս: Հետո, ներշնչված, թռուցիկի տեքստ է գրում: Իսկ փոստատար աղավնիները թռուցիկները շաղ են տալիս ախոյանի ճամբարի վրա: Երկու հարյուր հոգի անցնում են գնդապետի կողմը: Այնուհետեւ բախում է լինում, եւ գնդապետը թեթեւ հաղթանակ է տանում: Եվս երկու գունդ անցնում են նրա կողմը: Երեք օր անց ախոյանն ութսուն մարդ ունի, իսկ գնդապետը` հինգ հազար: Եվ դարձյալ գնդապետը թռուցիկ է գրում: Նրա կողմն են անցնում 79 հոգի եւս: Թշնամու բանակում լոկ մեկն է մնում: Լռություն: Գնդապետը սպասում է: Գիշերն անցնում է, թշնամին չի հանձնվում: Գնդապետն իր վրանում հայհոյում է ու լալիս: Այգաբացին, սուրը դանդաղ մերկացնելով, թշնամին մոտենում է գնդապետական վրանին: Մտնում է ներս ու տեսնում, որ գնդապետի բանակը փախել է: