Եվրոհարուստներն ու աղքատները

24/06/2010

Եվրամիության «Eurostat» վիճակագրական ծառայությունը հաշվարկել է ԵՄ 27 անդամ երկրների տնտեսական կարողությունները` դասակարգելով հարուստ եւ աղքատ պետություններին: Ինչպես նախորդ տարի, Լյուքսեմբուրգը կրկին գլխավորում է վարկանշային աղյուսակը, իսկ Ռումինիան եւ Բուլղարիան կրկին ցուցակի վերջին հորիզոնականներում են: Հարուստ եւ աղքատ երկրների ցուցանիշների տարբերությունը ահռելի է` հարուստներն իրենց կարողությամբ 7 անգամ գերազանցում են աղքատ պետություններին: Լյուքսեմբուրգը շարունակում է պահպանել ԵՄ-ի ամենահարուստ երկրի կոչումը: Այս փոքր երկրում հաշվարկվող ցուցանիշը 2009թ. գերազանցել է ԵՄ միջին մակարդակը 2,7 անգամ (168%-ով): Ըստ «Eurostat»-ի, Լյուքսեմբուրգում ՀՆԱ-ի բարձր մակարդակը մասամբ պայմանավորված է ներգաղթյալների աշխատուժով: Նրանք նպաստում են Լյուքսեմբուրգի տնտեսության զարգացմանը, սակայն չեն մասնակցում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ծավալի հաշվարկմանը: Վարկանշային աղյուսակի վերին հորիզոնականներում ԵՄ անդամ երկրների մոտ կեսն են (13 երկիր): Ներկայացված ցուցակում առավել շահեկան դիրքերում են Իռլանդիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Շվեդիան, Դանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Բելգիան: Նրանց հարստության ցուցիչները ԵՄ-ի միջին ցուցիչից բարձր են 15-35%-ով: Առավել համեստ են Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի ցուցիչները. դրանք տատանվում են 10%-ի սահմաններում: Միջինից ավելի ցածր մակարդակ ունեն Կիպրոսն ու Հունաստանը: Միջին եվրոպական մակարդակից ավելի ցածր տեղաբաշխվել են 14 երկրներ: Սլովենիային, Չեխիային, Մալթային, Պորտուգալիային եւ Սլովակիային 10%-30% չի բավականացրել ԵՄ միջին ցուցիչին հասնելու համար: Նրանց հաջորդում են Հունգարիան, Էստոնիան, Լեհաստանը եւ Լիտվան, իսկ վերջին երեք տեղերն են զբաղեցնում Լատվիան, Ռումինիան եւ Բուլղարիան: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ եվրոգոտուն պատկանելությունն ամենեւին էլ չի նշանակում փառահեղ կյանք: Եվրոգոտուն չպատկանող Դանիան եւ Մեծ Բրիտանիան, զբաղեցնելով վարկանշային ցուցակի 6-րդ եւ 7-րդ տեղերը, բավական տպավորիչ ցուցանիշներ են արձանագրել: Նշենք, որ ճգնաժամային 2009-ը ԵՄ ոչ բոլոր անդամ երկրներն են առանց կորուստների հաղթահարել: Նախորդ տարի Լյուքսեմբուրգի հարստությունը բարձր էր ԵՄ միջին մակարդակից 176%-ով: Ճգնաժամը լավ է հաղթահարել Ֆինլանդիան, որի` մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցիչը բարձրացել է 7%-ով: Իրենց հարստությունը 2009թ. ավելացրել են նաեւ Ավստրիան, Շվեդիան եւ Դանիան: Ընդհանուր առմամբ, ճգնաժամը մոտեցրել է ԵՄ-ի ամենահարուստ եւ ամենաաղքատ անդամներին: 2008թ. դրանց ցուցանիշների միջեւ տարբերությունը մոտ 9 անգամ էր: