«Գալայի» գործով

24/06/2010

Ուրբաթ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի Գյումրիի քաղաքապետարանն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի եւ վերջինիս հակընդդեմ հայցով միացյալ գործերով դատաքննությունը: Այդ մասին հաղորդում է Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը: Գործը քննող դատավոր Շիրակ Հակոբյանը օրերս ՀԸ է ուղարկել մի գրություն, որով իրազեկում է գործի վարույթը վերսկսելու մասին: Գործի քննությունը նշանակված է հունիսի 25-ին, ժամը 12։00-ին: Հիշեցնենք, որ հայցով նախ դատարան էր դիմել Գյումրիի քաղաքապետը դեռեւս 2007թ.-ի նոյեմբերի 26-ին, պահանջելով ազատել հապճեպ սեփականաշնորհված հեռուստաաշտարակը: Դեռ ավելին` Վարդան Ղուկասյանը Գյումրիի ավագանու փոխարեն կամայական գին է սահմանել՝ 200.000 դրամ: Քաղաքապետարանի պահանջը ԳԱԼԱ-ից նույնն է` ապամոնտաժել հեռուստաաշտարակի վրա տեղադրված հեռարձակման համար անհրաժեշտ սարքավորումները: Հիշեցնենք, որ այս գործով դատաքննությունը սկսվեց ու անմիջապես կասեցվեց 2009թ.-ին, երբ ԳԱԼԱ-ի փաստաբան Կարեն Թումանյանը պնդեց իր միջնորդությունը, որ անհրաժեշտ է իրականացնել հեռուստաաշտարակի դատատեխնիկական-շինարարական փորձաքննություն: Միջնորդությունը բավարարվեց եւ անորոշ ժամկետով դատական նիստը կասեցվեց: 2009թ.-ի հունվարի 14-ից ի վեր ոչ ոք չէր խոսում այս գործի մասին: Կարծես այն մոռացության էր մատնվել: Միջնորդության բավարարումից 1 տարի 4 ամիս անց, 2010 թ.-ի մայիսին սկսվեց աշտարակի փորձաքննությունը: Մի քանի օր առաջ դատավոր Շիրակ Հակոբյանը հայտնել է, որ պատրաստ է փորձագետի եզրակացությունը: