ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշում է ստորագրել հունիսի 23-ին արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին: Նստաշրջանն ունենալու է բավականին հագեցած օրակարգ: Քննարկվելու են կառավարության ներկայացրած աղմկոտ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրինագծերը, որոնց քննարկումը կիսատ էր մնացել վերջին քառօրյայից հետո: Բացի այդ, օրակարգում ընդգրկված են եւս 13 օրինագծեր: Քննարկվելու են կառավարության համար կարեւորագույն` «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Հանրային ծառայությունների մասին» ծավալուն օրինագծերը: Արտահերթ նիստում, սակայն, ընդգրկված չէ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը մարտի 1-2-ի դեպքերը ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների իրականացման մշտադիտարկման վերաբերյալ: Պատճառը թերեւս այն է, որ ՀՀ-ում չէ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Մինչդեռ ԱԺ համապատասխան որոշման համաձայն՝ հանձնաժողովի գրավոր եզրակացությունը ԱԺ հերթական նստաշրջանի վերջին քառօրյա նիստերից առնվազն 5 օր առաջ ուղարկվում է ԱԺ նախագահին եւ ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում: Եզրակացությունն արդեն ուղարկվել է ԱԺ նախագահին, եւ դեռեւս վերջին քառօրյայի ժամանակ այն ընդգրկվել է օրակարգում, բայց չի քննարկվելու: