Ամենաարդիական հարցադրումը

22/06/2010

Անցած շաբաթվա վերջին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում տեղի ունեցած միջադեպը, որին զոհ դարձան 4 հայ զինծառայողներ, ըստ էության, շարունակվել է նաեւ երեկ: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ադրբեջանական զինուժի հետ երեկ փոխհրաձգություն է ընթացել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի բազմաթիվ հատվածներում: Պաշտոնապես հայկական եւ ադրբեջանական կողմերը մեղադրում են մեկը մյուսին` կատարվածը որակելով որպես սադրանք եւ ճնշում բանակցային գործընթացի վրա: Չնայած հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվող փոխհրաձգությունները եզակի չեն, այդուհանդերձ, այս վերջին իրադարձությունները կրկին ակտիվացրել են պատերազմի հնարավոր վերսկսման մասին խոսակցությունները: Անգամ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին է երեկ հայտարարել, որ վերջին իրադարձությունների արդյունքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Եվ այս պայմաններում չափազանց արդիական է դառնում այն հարցը, թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ պատերազմի: Խոսքն ամենեւին մարտունակ ոգու, բարոյական պատրաստակամության մասին չէ, թեեւ դա եւս կարեւոր է: Չնայած ներքին հակասություններին ու հասարակական անհամերաշխությանը, հնարավոր պատերազմի դեպքում բոլորն էլ վեր կկանգնեն

նեղ-խմբային շահերից ու կմասնակցեն ռազմական գործություններին: Տվյալ դեպքում խոսքը քաղաքական ռեսուրսի մասին է, միջազգային հարաբերություններում Հայաստանի ունեցած քաղաքական ռեսուրսի մասին, որը, դատելով հատկապես վերջին երկու տարիների գործընթացներից, մեղմ ասած` Հայաստանի օգտին չէ: Դրա մասին է խոսում նույն Պ. Սեմնեբիի երեկվա հայտարարությունը. գնահատելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` կատարվածը որպես «սադրանք» որակելու վերաբերյալ, Սեմնեբին ասել է, թե «բառերի ուշադիր ընտրությունն ակնհայտորեն օգտակար կլինի բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու առումով»: Այնպես որ, այսօր պատերազմի վերսկսման ու Հայաստանի` դրան պատրաստ լինելու մասին քննարկումներն ու բանավեճերը պետք է ընթանան ոչ միայն ու ոչ այնքան ռազմական կարողությունների համեմատությունների, բանակների մարտունակության հարցերի շուրջ:

Այլ հարց է` արդյոք կբավականացնի՞ ժամանակը դրա համար: