Հունիսի լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք էր ներխուժել զինված հետախուզական խմբավորում:
ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների հետ տեղի ունեցած առճակատման հետեւանքով, դժբախտաբար, զոհվեցին 4 հայ զինվորներ` կրտսեր սերժանտ Մնացական Գասպարյանը եւ շարքային զինվորներ Արայիկ Բարսեղյանը, Էդվարդ Մանուկյանը, Պարույր Մելքոնյանը: Եվս 4 զինվոր վիրավոր է. կրտսեր սերժանտ Գարիկ Մաթեւոսյանը եւ շարքային զինվորներ Գալուստ Բադասյանը, Անդրանիկ Արզումանյանը, Հարություն Մեսրոպյանը:
Ադրբեջանական կողմից սպանվել է մեկ զինվոր: Այս միջադեպը տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումից անմիջապես հետո: Քաղաքական շրջանակներում հնչեցին կարծիքներ, որ նման քայլով Բաքուն փորձում է ձախողել բանակցային գործընթացը եւ ցույց տալ, որ եթե բանակցային գործընթացը չընթանա իրեն ձեռնտու ճանապարհով, ապա, ամեն պահի պատերազմը կարող է վերսկսվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից սադրանք է: Մեկնաբանելով միջադեպը, Ս. Սարգսյանն ասել է. «Հատկապես այս տմարդի գործողություններն անընդունելի են, որովհետեւ դրանք տեղի ունեցան Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց: Սա նշանակում է, որ միջնորդները պետք է մտորեն, քանի որ սադրանքները, մնալով անպատիժ, չեմ ասում՝ անպատասխան, հանգեցնում են նման եւ դեռ ավելի վատ հետեւանքների: Դա նաեւ անհարգալից վերաբերմունք է` ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»: Ս. Սարգսյանն ասել է նաեւ, որ ադրբեջանցիների գործողությունների հետեւանքով որեւէ բան վերանայելու խնդիր չկա, քանի որ Հայաստանը բանակցությունները տանում է հստակ ճանապարհով, որից երբեք չի շեղվել:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւս տեղի ունեցածը որակեց որպես սադրանք: «Բարձր մակարդակով կայանալիք յուրաքանչյուր հանդիպումից առաջ Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում` ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո, գնացին ավելի հեռու` ակնհայտ սադրանքի: Կարելի է ասել, որ, դեռեւս չհասցնելով դուրս գալ բանակցությունների սրահից, ադրբեջանական ղեկավարությունը հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպել են դիվերսիոն գործողություն: Գիշերվա քողի տակ, ուխտադրուժ հարձակվելը բնորոշ է Ադրբեջանին: Դա առաջին անգամը չէ»,- ասել է նա:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովն էլ, արձագանքելով ՀՀ նախագահին եւ արտգործնախարարին, հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ցանկացած բախում ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացման հետ: Կա զինված հակամարտությունից խուսափելու բավական պարզ տարբերակ, դա բանակցությունների սեղանի շուրջ նստելն ու Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա գործընթացը շարունակելն է: Բացի այդ, Ղարաբաղի եւ ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ հակամարտությունը սառեցված չէ, ինչպես ցանկանում է մտածել հայկական կողմը»: Ըստ ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի, չի կարելի պատահականություն համարել այն, որ միջադեպը տեղի ունեցավ եռակողմ հանդիպումից անմիջապես հետո: «Չնայած, պետք է նկատել, որ մինչ այսօր, բարձր մակարդակի հանդիպումներից առաջ եւ հետո, հակամարտության գոտում լարվածությունը նկատելիորեն նվազում էր: Եթե սա ոչ թե ադրբեջանական զինված ուժերի հրամանատարների ինքնագործունեության արդյունք է, այլ Բաքվի կողմից պլանավորված պրովակացիա է, ուրեմն կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ շանտաժի ենթարկել միջազգային միջնորդներին: Իսկ նպատակը մեկն է. որպեսզի կարողանա բանակցային գործընթացը տանել իր համար ընդունելի եւ ձեռնտու ճանապարհով»,- ասում է նա: Պարոն Մայիլյանը գտնում է, որ ԵԱՀԿ-ն պետք է նախաձեռնի միջազգային հետաքննություն եւ բացահայտի կատարվածը: «Իսկ եթե պարզվի, որ այն կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ապա միջազգային հանրությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հանդեպ»,- ասում է Մ. Մայիլյանը: Ի պատասխան պատերազմի հնարավոր վերսկսման վերաբերյալ մեր հարցին, Մ. Մայիլյանն ասում է. «Քանի դեռ միջազգային հանրությունը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, եւ քանի դեռ ԼՂ-ն չի դարձել տարածաշրջանային անվտանգության համակարգի լեգիտիմ մասնիկը, նման զարգացումները չի կարելի բացառել: Այդ ուղղությամբ պետք է ակտիվորեն աշխատեն ինչպես ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, այնպես էլ հայկական Սփյուռքի ներկայացուցիչները»: Իսկ կա՞ հայկական կողմից քաղաքական «կուրսի» վերանայման անհրաժեշտություն: Մ. Մայիլյանն ասում է. «Չեմ կարծում, որ ադրբեջանական վերջին դիվերսիան կարող է բանակցային գործընթացի կասեցման եւ պատերազմի վերսկսման պատճառ դառնալ: Բայց այս միջադեպը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին պետք է դրդի մի կողմ դնել «Մադրիդյան սկզբունքներ» կոչված փաստաթուղթն ու զբաղվել ուժ եւ սպառնալիքներ չկիրառելու մասին համաձայնագրի մշակմամբ»:
Երեկ ԼՂՀ ՊՆ-ից նաեւ տեղեկացանք, որ միջադեպը կրկնվել է նաեւ կիրակի` հունիսի լույս 21-ի գիշերը: Ըստ ԼՂ Պաշտպանության բանակի լրատվական ծառայության, այդ օրը արձանագրվել են հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր` առաջնային գծի ողջ երկարությամբ: Նշված օրն ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից հրադադարի ռեժիմը խախտվել է 284 անգամ: Թեեւ միջազգային լրատվամիջոցները, այդ թվում նաեւ՝ ադրբեջանական, փոխանցում են, որ նշված միջադեպի արդյունքում եւս հայկական կողմը կորուստներ է ունեցել, սակայն ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը երեկ հերքեց այդ տեղեկատվությունը: Նշենք, որ Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է հետեւյալ վայրերում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը` Հորադիզ, Չեյիլ լեռ, Շխլար, Սեյսուլան, Կուրոպատկինո, Քենգեռլի, Բաշ Քարվենդ, Լեւոնարխ եւ Յուսուֆջանլու:
Հունիսի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ադրբեջանական 1news.az-ն էլ գրել է, թե հայկական կողմի զինված պրովոկացիայի արդյունքում զոհվել է եւս մեկ ադրբեջանցի զինվոր: Հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, կայքը գրում է, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը եւ հարձակում է գործել Աշաղը Աբդուռահմանլու գյուղի շրջանում տեղակայված իրենց դիրքերի վրա: «Ադրբեջանական կողմը արժանի հակահարված է տվել թշնամուն, որի արդյունքում հայկական կողմը, կորուստներ տալով, ստիպված է եղել նահանջել»:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, երեկ տարածած հաղորդագրության մեջ, նախ՝ հիշեցնում է, որ հունիսի 17-ի եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը, ապա՝ զգուշացնում. «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ Բաքվին հիշեցնում եւ նախազգուշացնում է, որ ադրբեջանական կողմի` ԼՂՀ անվտանգությանը սպառնացող եւ շփման գոտում իրադրության ապակայունացմամբ հղի ամեն մի գործողության այսուհետ եւս կտրվի համարժեք պատասխան»: