«2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում չկա ոչ մի նախապայման: Եթե թուրքական կողմն այսօր ետքայլ է անում եւ վերադառնում նախապայմանների լեզվին, որով խոսում էր այս գործընթացը սկսվելուց առաջ, եթե արձանագրությունների վավերացումն ու իրականացումը պայմանավորում է ղարաբաղյան կարգավորման հետ, ապա դրանք ձեռք բերված պայմանավորվածությունների ակնհայտ եւ կոպիտ խախտում են: Դրանով հանդերձ, տարօրինակ են հնչում թուրքական կողմի պնդումները, թե Թուրքիան հարգում է pacta sund servanda սկզբունքը: Ակնհայտ է, որ խոսքը գործից տարբերվում է»,- «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ոչ միայն Երեւանից, այլեւ բազմիցս Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից, Փարիզից եւ այլ մայրաքաղաքներից ասել են, որ չի կարող կապ լինել ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական նորմալացման միջեւ, եւ որ կապելու նման փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին էլ: Ինչ վերաբերում է առաջիկայում գործընթացի առաջխաղացման հավանականությանը, ապա, ինչպես հայտարարել է ՀՀ նախագահը, մենք պատրաստ կլինենք շարժվել առաջ, երբ Անկարան նորից պատրաստ լինի նորմալացնել հարաբերությունները առանց որեւէ նախապայմանի»,- հավելել է նա: