Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պորտֆելով նախարար դարձած Մխիթար Մնացականյանը:
Հրաժարականը նա ներկայացրել է անցած հինգշաբթի` հունիսի 17-ին: ԲՀԿ-ից արդեն հայտարարել են, որ Մ.Մնացականյանը հրաժարական է ներկայացրել կուսակցության պահանջով: Բայց թե ինչ պատճառով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը չցանկացավ մեկնաբանել: «Արտառոց որեւէ պատճառ չեմ կարող նշել»,- մեզ հետ հեռախոսազրույցում երեկ ասաց Խ.Գալստյանը: Մեր տեղեկություններով՝ Մ.Մնացականյանը ցանկացել է հրաժարական տալ դեռեւս մեկ ամիս առաջ, սակայն ԲՀԿ ղեկավարությունն այն ժամանակ դա նրան թույլ չի տվել:
Մ.Մնացականյանը նախարար էր նշանակվել ընդամենն անցած տարվա նոյեմբերին, երբ այդ պաշտոնից հրաժարական էր տվել նրա նախորդը` Գեւորգ Պետրոսյանը: Վերջինս նույնպես պաշտոնավարեց բավականին կարճ, եւ նրա դեպքում էլ խոսակցություններ էին շրջանառվում, թե չի կարողացել աշխատել, նախարարությունում չի կարողացել կատարել կուսակցական առաջադրանքները: Մ.Մնացականյանի դեպքում նույնպես նմանատիպ վարկածներ են շրջանառվում: Մ.Մնացականյանն ինքը ոչ ակտիվ քաղաքական գործչի համարում ուներ ԲՀԿ-ում: Մինչեւ նախարար նշանակվելը երբ նա պատգամավոր էր եւ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ոչ մի կերպ աչքի չընկավ հրապարակային քաղաքական գործունեությամբ: Նա շատ պասիվ էր նաեւ իր ղեկավարած հանձնաժողովի համակարգման ոլորտի խնդիրների քննարկման ժամանակ: Շատերը դա բացատրում էին նրա` ԲՀԿ անդամ չլինելու հանգամանքով: Մ.Մնացականյանը պատգամավոր էր դարձել այդ կուսակցության համամասնական ցուցակով, հետո դարձել էր ԲՀԿ-ին բաժին հասած գերատեսչության նախարարը, բայց այդ կուսակցությանը չէր անդամակցել:
Եվ հիմա, որոշ տեղեկությունների համաձայն, Մ.Մնացականյանը չի արդարացրել ԲՀԿ-ի ակնկալիքները նաեւ այս գերատեսչությունում: Խոսակցություններ են շրջանառվում, թե նրա` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար դառնալու օրվանից կուսակցությունը ու հատկապես կուսակցության նախագահ Գ.Ծառուկյանը անունների մի ցանկ էր ներկայացրել, որոնց պետք է տեղավորեր իր ղեկավարած գերատեսչությունում ու ստորաբաժանումներում: Ընդ որում, նրանցից մի քանիսը պետք է նշանակվեին ղեկավար պաշտոններում: Բայց քանի որ այդ պաշտոնները զբաղեցրել են ազդեցիկ հովանավորներ ունեցող` «Հանրապետական» ու Դաշնակցություն կուսակցությունների անդամները, նա դժվարացել է այդ նշանակումները կատարել: Բանն այն է, որ նրա ղեկավարած գերատեսչությունը գործ ունի հանրային լայն շրջանակների հետ եւ կառույցներ ունի ողջ հանրապետությունում: Եվ եթե այս գերատեսչության ղեկավարը կարողանա այդ կառույցները համալրել իրեն ներկայացրած կուսակցության անդամներով, կամ իր կուսակցությունը համալրել այդ համակարգում աշխատող մարդկանցով, ապա ԲՀԿ-ն Հայաստանում բավական խոշոր ցանց ձեռք կբերեր: Եվ այդ ռեսուրսը կօգտագործեր առաջիկա համապետական եւ տեղական ինքնավարական մարմինների ընտրությունների ժամանակ: Բայց Մ.Մնացականյանը դա չի կարողացել ապահովել եւ այդ առումով չի արդարացրել Գ.Ծառուկյանի ակնկալիքները եւ անհաղթահարելի խնդիրներ է ունեցել ԲՀԿ ղեկավարի հետ: Մյուս կողմից էլ, տեսակետ կա, թե ԲՀԿ-ն իրականում կադրային մեծ խնդիր ունի, եւ նրա ներկայացրած մարդիկ առանձնապես այն տվյալները չեն ունեցել, որ նախարարը նրանց պաշտոնների նշանակեր: Եվ ընդհանրապես Մ.Մնացականյանն առանձնապես ջանք չի գործադրել ԲՀԿ-ի կադրային պահանջներն իրականացնելու համար: Եվ հրաժարական տալուց հետո Մ.Մնացականյանի կապը ԲՀԿ-ի հետ, փաստորեն, կտրվում է:
Բացի Մ.Մնացականյանի հրաժարականի պատճառների շուրջ ծավալված քննարկումներից, արդեն խոսվում է նաեւ, թե ով է լինելու ԲՀԿ-ի հաջորդ թեկնածուն սոցապ նախարարի պաշտոնում: Այս քննարկումներից նույնպես պարզ է դառնում, որ այդ կուսակցությունն, իսկապես, կադրային խնդիրներ ունի:
Հավանական թեկնածուների շարքում նշվում է վերջերս ԲՀԿ-ին անդամակցած` նախկին ՕԵԿ անդամ Սամվել Բալասանյանի անունը: Վերջինս անդամակցելուց անմիջապես հետո նշանակվեց ԲՀԿ Գյումրիի կառույցի ղեկավար: Եվ որոշ տեղեկությունների համաձայն՝ հենց Ս. Բալասանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու օրերին էլ Մ. Մնացականյանը ցանկացել հրաժարական տալ: Շրջանառվող լուրերի համաձայն` Գ.Ծառուկյանն այդ ժամանակ հետաձգել է հրաժարականի գործընթացը, մինչեւ Ս.Բալասանյանը դառնա «հնաբնակ»: Սոցապնախարարի թեկնածուների շարքում նշվում է նաեւ ԲՀԿ-ական մեկ այլ` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի անունը: Ավելի շուտ խոսակցություն կա, թե վերջինիս կնշանակեն սոցապ նախարար, իսկ Մ. Մխիթարյանին` նախարար նրա փոխարեն: Ի դեպ, Ա.Պետրոսյանն էլ այդ պաշտոնին նշանակվել էր նախկին նախարար Արմեն Գեւորգյանի հրաժարականից հետո: Սոցապ նախարարի այլ թեկնածուների շարքում նշվում են նաեւ՝ կենսաթոշակային հիմնադրամի նախկին ղեկավար Ֆրունզե Մուշեղյանի, ինչպես նաեւ Աշխատանքի պետական տեսչության պետ Հակոբ Մանուկյանի անունները: Խ.Գալստյանը նաեւ ասաց, թե դեռ չեն որոշել, թե ով է լինելու հաջորդ նախարարը: «Նախագահը երբ հրաժարականի դիմումը ընդունի` դրանից հետո կուսակցությունը կառաջադրի նոր թեկնածու»,- ասաց Խ.Գալստյանը: Ի դեպ, ԲՀԿ-ն պետք է ներկայացնի նաեւ մեկ այլ թեկնածու. անցած շաբաթ մահացել է Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը: Այս պաշտոնը նույնպես դեռ թափուր է ու պատկանում է ԲՀԿ-ին։