Անցած ուբաթ Ադրբեջանի խորհրդարանը հավանության է արժանացրել մի օրինագիծ, որը Սահմանադրական դատարանին հնարավորություն է տալիս ռազմական գործողությունների ժամանակ հետաձգել համապետական ընտրությունների անցկացումը: Արտահերթ նիստում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվել է պատգամավորների ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ: Օրենքում ավելացվել են 2 հոդվածներ, որոնք ՍԴ-ին իրավունք են տալիս պատերազմի պայմաններում երկարաձգել խորհրդարանի եւ նախագահի լիազորությունները: Ըստ փոփոխությունների, եթե ակտիվ ռազմական գործողությունների դեպքում ԿԸՀ-ն համարում է, որ անհնար է իրականացնել խորհրդարանական եւ նախագահական հերթական ընտրությունները, ապա իրավունք ունի դիմել ՍԴ` մինչ պատերազմական գործողությունների ավարտը խորհրդարանի եւ նախագահի լիազորությունները երկարաձգելու առաջարկով: ՍԴ-ն պարտավոր է դիմումը 7 օրվա ընթացքում քննել եւ որոշում կայացնել: Որոշումը պետք է ուղարկվի խորհրդարան եւ ԿԸՀ: Նախագիծն ընդունվել է: Պատգամավորներն անհրաժեշտ են համարել նման փոփոխությունների ընդունումը` ասելով, որ պատերազմական իրավիճակների դեպքում գործնականում անհնար է ընտրությունների կազմակերպումը: Առավել բուռն քննադատության է արժանացել ընդունված մյուս օրենսդրական փոփոխությունը. «Ազատության» փոխանցմամբ` ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին իշխող կուսակցության հեղինակած օրինագիծը նախատեսում է կրճատել ընտրական գործընթացների եւ նախընտրական քարոզարշավի ժամկետները: Այսպես, ընտրությունների ողջ գործընթացը տեւելու է ոչ թե 75, այլ 60 օր, իսկ նախընտրական քարոզարշավը արդեն կանցկացվի 23 օր` նախկին 28-ի փոխարեն: Փոփոխությունների հեղինակները պնդում են, որ դրանք կոչված են ընտրական գործընթացը բարելավելուն եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն: Ընդդիմությունն ու միջազգային կազմակերպությունները, մինչդեռ, համոզված են, որ նոյեմբերին նախանշված խորհրդարանական ընտրություններից առաջ ընդունված այս փոփոխությունները լրջորեն սահմանափակում են թեկնածուների եւ ընտրողների իրավունքները: Միջազգային հանրությունը մշտապես է քննադատել Ադրբեջանին՝ երկրում հավաքների ազատության իրավունքը ոտնահարելու, խոսքի ու մամուլի ազատությունը սահմանափակելու համար: