Ո՞րն է ճշմարտությունը` ի՞նչ է իրականում տեղի ունեցել հունիսի 18-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Հունիսի 18-ին, ըստ ԼՂ ՊՆ հաղորդագրության, ժամը 23 անց 30-ի սահմաններում, «Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները, հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը»: Շարունակությունն ասում է, որ նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ զինվորներից կազմված հետախուզական-դիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում ադրբեջանական ջոկատայինները, կորուստներ կրելով, դիմել են փախուստի: Հաղորդագրության ամփոփումը խիստ է. «ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ Բաքվին հիշեցնում ու նախազգուշացնում է, որ ԼՂՀ անվտանգությանը սպառնացող եւ շփման գոտում իրադրության ապակայունացմամբ հղի` ադրբեջանական կողմի ամեն մի գործողության այսուհետ եւս կտրվի համարժեք պատասխան»: Մեր զոհերի մասին ԼՂՀ ՊՆ-ն լռում է: Իսկ արդեն ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն` հայկական կողմը չորս զոհ է ունեցել եւ չորս վիրավոր: Ադրբեջանցիները մեկ զոհ են թողել: Ցանկացած լրագրողի, մասնագիտական այբուբենն ուսուցանելիս, անպայման հիշեցնում են` որեւէ լուր տպագրելուց առաջ դիմիր նաեւ մյուս կողմին` օբյեկտիվ լինելու համար: «Մյուս կողմն» այս դեպքում ադրբեջանական աղբյուրներն են: Մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ-ն: Ըստ վերոնշյալ գերատեսչության հայտարարության` հունիսի 18-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները 4 ճակատով հարձակվել են Ադրբեջանի զինված ուժերի վրա: «Պատասխան կրակով հարձակումը ճնշվել է: Կորուստներ չկան»: Հայտարարության ռեզյումեն սա է. «Եթե Հայաստանը չհեռանա օկուպացված տարածքներից եւ եթե նման սադրանքների գնա, կստանա ավելի զգալի հարվածներ»: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը նույն հռետորականությունն է բանեցնում` ահա, հայկական կողմը հարձակվեց այն ժամանակ, երբ Սանկտ Պետերբուրգում երեք նախագահները փորձում էին հաշտեցման եզրեր գտնել:
Որեւէ հիմք` հավատալու ադրբեջանական կողմին, կարծես` չկա: Կասկածել Հայաստանի կամ ԼՂ պաշտպանական գերատեսչությունների հայտարարությանը` կընկալվի որպես հայրենիքի դավաճանություն: Սակայն տեղեկատվության շարքային սպառողի համար լուրջ խնդիր է` ո՞ր հաղորդագրությանը հավատալ: Հատկապես որ` երկուսն էլ արված են անկեղծ պաթոսով: Ադրբեջանական ՊՆ-ն հաղորդում է, որ Ադրբեջանը ոչ մի կորուստ չի ունեցել: Իսկ Հայ արիական միաբանությունն (ՀԱՄ) իր երեկվա հայտարարության մեջ նշում է. «Մեր ունեցած տվյալներով` ադրբեջանցիները մարտի ընթացքում տվել են 8-10 զոհ եւ շուրջ այդքան էլ վիրավորներ, որոնց քարշ են տվել հետները փախուստի ժամանակ»: Ավելի՛ն, ՀԱՄ-ն առաջարկում է սահմանային հաջորդ իսկ սադրանքի դեպքում անցնել հակահարձակման, որը կավարտվի Շահումյանի շրջանի, Դաշտային Արցախի, Գանձակի ազատագրմամբ: Ժիրայր Սէֆիլյանը կարծիք է հայտնում, որ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է, Արկադի Տեր-Թադեւոսյանն այն համարում է խիստ իրական:
Եվ նման իրարամերժ մեկնաբանությունների են արժանանում բոլոր իրադարձությունները: Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել ԲՀԿ-ն ներկայացնող սոցապ նախարար Մնացական Մխիթարյանը: Կարելի է ասել` մարդը ձախողել է աշխատանքը, եւ կուսակցությունը, ում ղեկավարի ասածն արած է, խոսքը` գործ, նրան հրահանգել է դիմում գրել: Մյուս վարկածը` իբր, նախարարը համաձայն չի եղել ԲՀԿ առաջնորդի առաջարկած կադրերին եւ ըմբոստացել է, թեեւ լուրջ չի ընդունվում, բայցեւ հաճելի է ականջի համար:
Մյուս լուրը. հայ կանայք չեն թաքցնում, որ Թուրքիա են գնում` առեւտրի` ընտանիքի օրվա հացը վաստակելու: Իսկ, ահա, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Մարդու իրավունքների ուսումնասիրման հանձնաժողովին կից Թուրքիայում փախստականների, ապաստան հայցողների եւ ապօրինի բնակվողների խնդիրների ուսումնասիրության համար ստեղծված հատուկ հանձնաժողովի հրապարակած զեկույցում հայ կանանց առեւտրական հակումների մասին տող իսկ չկա: Փոխարենը՝ նշված է` Հայաստանից կանայք գալիս են Թուրքիա` մարմնավաճառությամբ զբաղվելու: Հայ կանայք իրենց աշխատանքը կազմակերպում են հայրենասիրական երգերում հատկապես հիշատակվող գավառներում` Կարս, Արդահան, Իգդիր: Ըստ զեկույցի` ձերբակալվելուց հետո այս կանայք արտաքսվում են երկրից: Հայկական կողմը կարող է առարկել, որ այդ կանայք իրենց արյան կանչով են մեկնել իրենց պատմական հայրենիք: Եվ նշել, նրանց երկրից արտաքսելը հիշեցնում է 1915թ., երբ մեկուկես միլիոն հայեր ոչ միայն կոտորվեցին, այլեւ արտաքսվեցին իրենց երկրից: Թուրքական կողմն անվրդով է` այդ կանայք Թուրքիա են մեկնել ոչ թե արյան, այլ թրաֆիքինգով զբաղվող ընկերությունների կանչով: Մի խոսքով` ինտերպրետացիայի հարց է:
Ճիշտ, ինչպես Դոստոեւսկու վեպերից մեկի դեպքում: Օրերս «Ռիան.ռու» կայքում հայտնվեց տեղեկատվություն Մակեդոնիայից: Այնտեղ ցմահ ազատազրկման է դատապարտվել տարեց կանանց սպանելու հակում ունեցող մի մարդասպան: Ի դեպ, Դոստոեւսկու սիրահար: 30-ամյա Վիկտոր Կարամակովը ճանաչվել է մեղավոր չորս սպանության մեջ եւ սպանության երկու փորձի համար: Նրա թիրախ են եղել 69-83 տարեկան տարեց կանայք: Տարաբախտ այս կանայք մարդասպանի ուշադրությունը գրավել են իրենց ոսկյա զարդերով: Մարդասպանի տնային գրադարանում հայտնաբերվել է Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» վեպի մի քանի օրինակ: Նա խոստովանել է, որ հիացած է Ռոդիոն Ռասկոլնիկովի կերպարով:
Ահա` ուր կարող է հասցնել ազատ մեկնաբանությունը: Հատկապես, եթե մեկնաբանության նյութը մեր կամ Ադրբեջանի ՊՆ հայտարարություններն են: