Ալիեւը գնաց հարձակում պատրաստելո՞ւ

22/06/2010

Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինների հարձակումը Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ` ճնշում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա: Ե. Բոզոյանի ասելով` Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ ԼՂ հարցում ստատուս-քվոն հնարավոր չէ պահպանել: «Սա ցուցադրական քայլ էր, որը հետագայում կարող է նույնպես կրկնվել, նման կրկնությունները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի»,- ասել է քաղաքագետը: Նրա համոզմամբ` Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը ցուցադրաբար հեռանալով եւ Միջազգային տնտեսական համաժողովին չմասնակցելով` հենց այս հարձակումն էր նախապատրաստում. «Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը նույնպես պետք է լքեր Սանկտ Պետերբուրգը եւ կոշտ դիրքորոշում արտահայտեր: Ցավոք, Հայաստանը սկսեց միջնորդներին հղումներով հանդես գալ, որը թուլացնում է հայկական կողմի դիրքորոշումը: Այսպիսի պահվածքով մենք խրախուսելու ենք ադրբեջանական կողմից նոր հարձակումները»:

Իսկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն ասել է. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան շատ են շտապում խնդիրը լուծել, որովհետեւ հասկանում են, որ եթե առաջիկա մեկ տարվա ընթացքում բեկումը հօգուտ իրենց չգրանցվի, այլեւս երբեւէ չի գրանցվի: Մենք պարզապես պետք է կարողանանք այս ճնշմանը դիմակայել, բայց նաեւ նոր քաղաքական ուղեգիծ որդեգրել, որի միջոցով մեր դիրքերը կամրապնդվեն»: Ա. Մելիքյանի կարծիքով` այդ ներխուժմամբ Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում. ստուգում է հայկական դիրքերի ամրությունը` միաժամանակ փորձելով ահաբեկել եւ վախեցնել դիրքերը պաշտպանող հայ զինծառայողներին. «Խնդրի մյուս կողմը այն է, որ Ադրբեջանը ձգտում է ճնշում գործադրել միջազգային հանրության վրա եւ այս միջոցով ստիպել միջազգային հանրությանը ավելի կոշտ վերաբերվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ` փաստելով, որ տեսեք` Ադրբեջանը պատրաստ է պատերազմի, եւ դուք պետք է ձեր դիրքերը մեղմեք, գնաք անհրաժեշտ զիջումների, այլապես մենք որեւէ բան չենք կարողանա անել»,- ասել է Ա. Մելիքյանը: Սակայն, ըստ նրա` հարկավոր է հետաքննել ու պարզել, թե ինչպես է ադրբեջանական կողմին հաջողվել ներխուժել Ղարաբաղի տարածք, ինչի արդյունքում զոհվել է 4 հայ զինծառայող: «Պետք է, իհարկե, հայկական կողմերը անհրաժեշտ հետաքննությունը կատարեն մի քանի խնդիրների վերաբերյալ: Նախ, ինչո՞ւ հենց այդ վայրում փորձեցին ճեղքել-անցնել հայկական զինված միավորումների թիկունքը Ադրբեջանի այդ հատուկջոկատայինները: Արդյո՞ք դա թույլ օղակ էր, թե՞ այնտեղ կան ինչ-որ հատուկ նշանակության օբյեկտներ: Որքանո՞վ էր մեծ հայկական կողմի մեղքը, այսինքն` որքանո՞վ էին նրանք անպատրաստ այսպիսի միջադեպի դիմագրավելու»,- ասել է նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: