Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում հայ համայնքի 300-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` ասելով.
«Կարծում եմ` Սանկտ Պետերբուրգը բնավ էլ պատահաբար չի դարձել այս կարեւոր ամենամյա միջոցառման անցկացման վայրը: Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է պյոտրյան ավանդույթները: Աշխարհի բոլոր կողմերից այստեղ են գալիս քաղաքական եւ գործարար շրջանակների, հասարակայնության եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, առաջատար գիտնականներ, որպեսզի քննարկեն արդի ժամանակների հրատապ խնդիրները: Սա ոչ միայն պատուհան է դեպի Եվրոպա, այլեւ բաց եւ անկեղծ երկխոսության հարթակ է ամբողջ աշխարհի համար: Իր գոյության առաջին իսկ օրերից` Ռուսական կայսրության նոր մայրաքաղաքը դեպի իրեն է ձգել ակտիվ եւ գործունյա մարդկանց ամբողջ Եվրոպայից: Այդ նոր հնարավորություններից անմասն չեն մնացել նաեւ մեր հայրենակիցները: Հենց այս քաղաքում հայ ձեռներեցներ Իսախանյան եղբայրները 1758թ. հիմնեցին ռուսական առաջին բաժնետիրական ընկերություններից մեկը, որը, պատկերացրեք, զբաղվում էր Իրանի հետ առեւտրային հարաբերությունների հաստատմամբ: Իսկ այնտեղ, որտեղ հայտնվում է անգամ ամենափոքր հայկական համայնքը, սկսում են հիմնադրվել մշակույթի եւ կրթության օջախներ: Եվ արդեն 1770թ. Սանկտ Պետերբուրգի վեհաշուք Նեւսկի պողոտայի վրա հիմնվում է հայկական Սուրբ Կատարինա եկեղեցին: 18-րդ դարավերջին այստեղ արդեն գործում էին երկու հայկական եկեղեցիներ եւ հայկական տպագրատուն: Եվ զարմանալի չէ, որ այդ տպագրատանը լույս տեսած առաջին գիրքը եղել է հայերեն «Այբբենարանը»` լուսավորության եւ գրագիտության խորհրդանիշը: Ես այսօր այդ մասին էի խորհում, երբ Սանկտ Պետերբուրգի հայկական դպրոցին էի հանձնում գրքեր եւ ուսումնական նյութեր, այդ թվում եւ` առաջին հայերեն էլեկտրոնային այբբենարանը: 19-րդ դարում հայ բնակչության աճին զուգահեռ` Սանկտ Պետերբուրգը դարձավ հայկական մշակույթի կենտրոններից մեկը: Այստեղ հրատարակվում էր պարբերական մամուլ, ստեղծվում էին թատերական խմբեր: Սանկտ Պետերբուրգի համալսարանում գործում էր հայոց լեզվի ամբիոն, որը դարձել է աշխարհում ամենահայտնի հայագիտական դպրոցներից մեկը: Այնտեղ դասավանդել են արվեստի եւ գիտության այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Նիկողայոս Մառը եւ Հովսեփ Օրբելին: Վերջինս հետագայում ղեկավարել է աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը` Էրմիտաժը: Այսօր նրա գործը շարունակում է մեր մեկ այլ հայրենակից` ծնունդով Երեւանից Միխայիլ Պիատրովսկին: Սանկտ Պետերբուրգի բուհերում կրթվել են հազարավոր հայ ուսանողներ, որոնց թվում` այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպիսիք են աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը եւ կենսաբան Արմեն Թախտաջյանը: Բոլորովին վերջերս մենք նշեցինք ֆաշիզմի դեմ պայքարում մեր ընդհանուր հաղթանակի 65-ամյակը: Այն, ինչ կրել է Լենինգրադը 1941-44թթ., հնարավոր չէ հիշել առանց սարսռալու: Հազարավոր հայ մարտիկներ են մասնակցել Լենինգրադի ճակատամարտին եւ այստեղ տվել իրենց կյանքը հանուն լավ ապագայի: Մեր հայրենակիցը` ծովակալ Իվան Իսակովը, վարել է Բալթյան նավատորմի հրամանատարությունը: Քաղաքը կրել է անասելի զրկանքներ եւ ֆաշիզմի դեմ անհավասար պայքարում ցուցաբերել ծայրահեղ արիություն: Դաժան շրջափակումը հանգեցրեց քաղաքացիական բնակչության մեծաթիվ զոհերի, բայց Լենինգրադը չհանձնվեց թշնամուն եւ տոկունորեն կրեց այդ ծանր զրկանքները: Բացի այդ, նա բոլոր այդ սարսափների միջով անցնելով` կարողացավ հոգ տանել հոգեւոր ժառանգության մասին, պահպանել ճարտարապետության եւ արվեստի անգին հուշարձաններն ու գլուխգործոցները: Բայց, որ ամենակարեւորն է, պահպանեց մարդկային շփման պիտերյան առանձնահատուկ մշակույթը: Մենք լսելով չէ, որ գիտենք, թե ինչ է նշանակում՝ ապրել շրջափակման մեջ: … Հայ ժողովուրդը հիշում է իր պատմությունը եւ հպարտանում է նրանով: Հայկական սփյուռքի ձեւավորումը, համայնքների սփռվելն ամբողջ աշխարհով` հայ ժողովրդի կամավոր ընտրությունը չէր, այլ մեր պատմության ողբերգական էջերի հետեւանքը: Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին եւ, մասնավորապես, Նեւայի ափին գտնվող այս մեծ քաղաքին` տեղի հայերին իրենց նոր փոքր հայրենիքի կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: Եվ ես վստահ եմ, որ հայերն այստեղ նաեւ այսօր են իրենց արժանավոր ներդրումը կատարում պետերբուրգյան լավագույն ավանդույթների զարգացման գործում»: