Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել «Ջունդուլլահ» («Ալլահի զինվորներ») սուննի խմբավորման առաջնորդ Աբդուլմելիք Ռիգիին: Մահապատիժն իրականացվել է Թեհրանում` կախաղանի միջոցով: Հիշեցնենք, որ «Ջունդուլլահի» առաջնորդն ամիսներ առաջ ձերբակալվել էր Դուբայից Ղրղըզստան մեկնելիս: Ձերբակալության ժամանակ, ըստ Իրանի ազգային հետախուզության նախարար Հայդար Մոսլեհիի, Աբդուլմելիք Ռիգիի մոտ հայտնաբերվել էր աֆղանական անձնագիր, որը նրան տվել էին ամերիկացիները: Իրանի իշխանությունները «Ջունդուլլահ»-ին եւ նրա առաջնորդին մեղադրում էին Սիստան-Բելուջիստան նահանգում հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանելու համար: Վերջին 18 տարիներին «Ջունդուլլահը» հարձակումներ է իրականացրել Իսլամական հեղափոխության պահապանների վրա, ինչի հետեւանքով զոհվել են 42 զինվորականներ, այդ թվում` բարձրաստիճան սպաներ: Այս կազմակերպությունն էր ստանձնել նաեւ անցած տարվա մայիսին Իրանում շիական մզկիթի դեմ իրականացված արյունալի հարձակման պատասխանատվությունը, ինչի հետեւանքով զոհվել էր 25 եւ մարմնական վնասվածքներ ստացել 119 մարդ: