Թողած Կարսում գետի ափին

22/06/2010

«Հայաստանից կանայք Թուրքիա են ժամանում հիմնականում մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով»,- նման պնդում է ներկայացվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Մարդու իրավունքների ուսումնասիրման հանձնաժողովին կից «Թուրքիայում փախստականների, ապաստան հայցողների եւ ապօրինի բնակվողների խնդիրների ուսումնասիրության» համար ստեղծված հատուկ հանձնաժողովի հրապարակած զեկույցում: Զեկույցում տեղ են գտել 1995-ից ի վեր Թուրքիայում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող խնդիրները: «Հատկապես առկա են Հայաստանից մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով Թուրքիա ժամանող կանանց հետ կապված խնդիրներ: Նրանք, մասնավորապես, մարմնավաճառությամբ են զբաղվում Կարսում, Արդահանում, Իգդիրում եւ սահմանամերձ այլ նահանգներում: Ձերբակալվելուց հետո այդ կանայք արտաքսվում են երկրից»,- նշված է զեկույցում, որտեղ տեղեկություն է հաղորդվում նաեւ վերջին 13 տարիների ընթացքում Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած եւ ձերբակալված հայերի թվաքանակի մասին: «Թուրքիայում վերջին տասներեք տարիների ընթացքում ձերբակալվել է ապօրինի բնակվող կամ սահմանն ապօրինաբար հատած` Հայաստանի 5909 քաղաքացի, որոնք արտաքսվել են երկրից: 2007թ. ձերբակալվել է 779, իսկ 2008թ. առաջին 9 ամիսների ընթացքում` 474 ՀՀ քաղաքացի, որոնք հիմնականում զբաղվում էին մարմնավաճառությամբ եւ արտաքսվել են Թուրքիայից»,- գրել են զեկույցի հեղինակները` ավելացնելով, որ այս տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել են Հայաստանի 100 քաղաքացիներ:

Զեկույցի համաձայն` 1995-ից մինչեւ օրս թուրքական իշխանություններին ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է 70 հազար 264 օտարերկրացի, որոնցից միայն 35.571-ին (հիմնականում իրաքցիներին եւ իրանցիներին) է տրամադրվել փախստականի կարգավիճակ: