«Թեեւ Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կայանալիք պատարագին շուրջ երեք ամիս է մնացել, սակայն Վան քաղաքում գտնվող բոլոր հյուրանոցներում տեղերն արդեն պատվիրված են»,- թուրքական «Hurriyet»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է Վանի նահանգապետ Մյունիր Կարաօղլուն: Նրա խոսքերով, տեղական իշխանությունները սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագից առաջ փորձելու են տեղեր ազատել նաեւ Վանի ուսանողական հանրակացարաններում, ինչը, սակայն, հայ ուխտավորների տեղավորման հարցը ամբողջությամբ չի լուծի: Իշխանությունները նպատակ ունեն այս հարցը լուծել քաղաքի շարքային բնակիչների օգնությամբ: «Վանում բնակվող 1500 ընտանիք արդեն իսկ ցանկություն է հայտնել հյուրընկալել պատարագին ժամանող ուխտավորներին: Այդ ընտանիքներն այժմ մանրակրկիտ ստուգման են ենթարկվում: Անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չի ծագի»,- նշել է Կարաօղլուն: Ըստ նրա, սակայն, սեպտեմբերի 19-ի պատարագի անցկացումը չի նշանակում, որ Սուրբ Խաչը վերածվում է գործող եկեղեցու: «Այն իրողությունը, որ Սուրբ Խաչում թույլատրվում է տարին մեկ անգամ հոգեւոր արարողություն կազմակերպել, չի նշանակում, որ այն կորցնում է թանգարանի իր կարգավիճակը: Որեւէ թանգարան չի կարող կլոր տարին գործել նաեւ որպես եկեղեցի: Սա պարզապես բարի կամքի մեծ դրսեւորում էր Մշակույթի նախարարության կողմից»,- ասել է Վանի նահանգապետը: Նշենք, որ Աղթամար կղզու հայկական եկեղեցում թանգարանը սկսել է գործել 2007 թվականի գարնանից: «Մինչեւ սեպտեմբերի 19-ը Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչ կտեղադրվի, բայց զանգակատունը չի գործի»,- գրել է «Hurriyet»-ը: Թուրքական թերթի փոխանցմամբ` իշխանությունները բավական լրջորեն են նախապատրաստվում սեպտեմբերի 19-ի արարողությանը: Հաշվի առնելով, որ Աղթամար կղզին չափերով շատ մեծ չէ, Վանա լճի հարակից ափերին մեծ էկրաններ եւ բարձրախոսներ են տեղադրվելու, որոնց օգնությամբ մարդիկ կհետեւեն պատարագի ընթացքին: Բացի այդ, հատուկ մամլո կենտրոն կբացվի թուրք եւ օտարերկրացի լրագրողների համար: Վանի նահանգապետը նշել է, որ պատարագին զուգահեռ` Վանում կմեկնարկեն հայ-թուրքական մշակույթի օրերը: «Սեպտեմբերի 19-ից սկսած տասն օր շարունակ մշակութային միջոցառումներ են անցկացվելու Վան քաղաքի կենտրոնում գտնվող փակ մարզադահլիճում»,- տեղեկացնում է թուրքական թերթը: Ինչ վերաբերում է Վանի մերձակայքում գտնվող մյուս հայկական եկեղեցիներին, ապա, Մյունիր Կարաօղլուի վկայությամբ, «դրանցից առնվազն երկուսը շուտով վերանորոգվելու են». խոսքը Աղթամարի հարեւանությամբ գտնվող Կտուց` այժմ Չարփանակ կոչվող կղզու վանական համալիրի եւ հայտնի Վարագավանքի մասին է: