Աղետի գոտու բնակիչը կհայտնվի փողոցում

22/06/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նոր Նորքի ուսանողական ավանի առաջին մասնաշենքի բնակիչ Ռոզա Գեւորգյանը (նրա խնդրին «168 Ժամը» բազմիցս անդրադարձել է) հայտարարում է, որ մի քանի օրից մեկնելու է ուսաստան, այնուհետեւ դիմելու է Թուրքիայի դեսպանատուն` խնդրելով այդ երկրում ապաստան տալ:

«Ես էլ չեմ կարող էս երկրում գայլի օրենքներով ապրել, ես ազնիվ ու արդարություն սիրող մարդ եմ: Եթե Հայաստանի Հանրապետությունն իմ ձեռքից խլում է իմ ունեցածն ու ինձ փողոց է շպրտում, ուրեմն` ցանկացած երկրում ես ինձ ավելի պաշտպանված կզգամ, քան իմ հայրենիքում»,- ասում է նա: Հիշեցնենք, որ Ռ. Գեւորգյանն աղետի գոտու բնակիչ է, որին բնակարանով փոխհատուցելու փոխարեն՝ պետությունը բառիս բուն իմաստով «գցում» է փողոց: 1988թ. Գյումրիում կորցնելով իր բնակարանը` վերջինս ապաստան է ստացել Երեւանի «Նարինե» մանկական առողջարանում, որը լուծարվելուց հետո Ռ. Գեւորգյանին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ) Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը ժամանակավոր կացարան է հատկացրել Նոր Նորքի ուսանողական ավանում: «Եգանյանն ասաց` էդ հանրակացարանում կապրես, հետո մենք կվերանորոգենք ու քո անունով կսեփականաշնորհենք: Հասկանո՞ւմ եք, Գյումրիում մեր շենքը երկրաշարժից հետո համարվեց 4-րդ կարգի վթարային, որից հետո մեկ սենյականոցների հաշվին շենքը վերանորոգեցին: Պետությունն ինձ պիտի փոխհատուցեր բնակարանով՝ որպես աղետի գոտու բնակիչ: Բայց քանի որ ինձնից էստեղ ամեն քայլափոխի տեղեկանք էին ուզում` ես Գյումրիի գրանցումից դուրս եկա ու փաստացի գրանցվեցի էստեղ: Դա պատճառ դարձավ, որ ինձ Գյումրիի անօթեւանների ցուցակից հանեն»,- ասում է Ռ. Գեւորգյանը` ավելացնելով, որ այստեղ` Երեւանում, նույնպես ցանկանում են հանրակացարանի սենյակը յուրացնել, իսկ իրեն «փողոց շպրտել»: Բանն այն է, որ թեեւ ՏԿՆ Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը հանրակացարանում սենյակ տրամադրելով՝ Ռ. Գեւորգյանին հորդորել է հետագայում այն սեփականության իրավունքով տրամադրել իրեն, այդուհանդերձ, ներկայումս վերջինս ոչ միայն հրաժարվում է իր խոսքից, այլեւ պարզվում է` այս տիկինը պարտավոր է բավականին մեծ գումար վճարել ՏԿՆ-ին պատկանող «Հանրակացարաններ» ՓԲԸ-ին: Ռ. Գեւորգյանը վտստահեցնում է, որ 2002թ.-ից հանրակացարանում բնակվել է աղետի գոտու բնակչի կարգավիճակով, այլ կերպ ասած` առանց վարձավճար մուծելու պայմանով: Մինչդեռ միայն վերջերս` 2009թ.-ին պարզվել է, որ նա այդ սենյակի համար պարտավոր է վճարել 200.000-ից ավելի գումար. «Ինձ որեւէ մեկը չի ասել, որ ես որպես աղետի գոտու բնակիչ` պիտի իմ զբաղեցրած սենյակի համար գումար տամ կամ պայմանագիր կնքեմ, որ որպես վարձակալ եմ ապրում եւ պարտավոր եմ վարձ մուծել: Հանկարծ պարզվում է, որ ես 2002-ից սկսած մինչեւ հիմա մեծ պարտք եմ կուտակել սենյակը զբաղեցնելու համար: Այսինքն` լինելով աղետի գոտու բնակիչ` ես այդտեղ ապրում եմ որպես վարձակալ»: Այս մասին, ի դեպ, Ռ. Գեւորգյանը տեղեկացել է այն բանից հետո, երբ ՏԿՆ դիմում է ներկայացրել իր զբաղեցրած սենյակի սեփականաշնորհման խնդրանքով: «Հանրակացարաններ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գ. Սեդրակյանը նրան տեղեկացրել է, որ սեփականաշնորհման գործընթաց չի իրականացվի այնքան ժամանակ, մինչեւ ութ տարվա պարտքը չմարվի: Այսինքն` պետք է ենթադրել, որ Գ. Սեդրակյանը ճիշտ պահն օգտագործում է այս կնոջից մեծ գումար ստանալու համար, քանի որ սենյակն իր անվամբ սեփականաշնորհել չհաջողվելու դեպքում Ռ. Գեւորգյանին կարող են ցանկացած պահի վտարել եւ այն վաճառել մեկ այլ բնակչի: Ի դեպ, նախկինում Նոր Նորքի ուսանողական ավանը գտնվում էր պետության ենթակայության տակ, հետեւաբար՝ 2008թ.-ից սկսած՝ այն տնօրինում է «Հանրակացարաններ» ՓԲԸ-ն: Ստացվում է, որ փակ բաժնետիրական ընկերությունը կարող էր Ռ. Գեւորգյանին առնվազն 2008թ.-ից պարտադրել վարձավճար մուծելու պայմանագիր կնքել, սակայն, ինչպես նշեցինք, նրանից պահանջում են 2002թ.-ից մինչ օրս կուտակված պարտքերը մարել. «Ես նորից դիմեցի Եգանյանին, բայց նա էնպիսի մի պատասխան տվեց, որ ինձ ցնցեց, թե մարդ ոնց կարող է էդ աստիճանի…: Ասում եմ` պրն Եգանյան, դուք ինձ ասացիք, որ՝ էստեղ կապրես, հետո կվերանորոգենք ու սեփականաշնորհման վկայական կտանք: Ասում է` ես էդպիսի բան չեմ ասել: Ախր ամոթ է, էլի… Ինձ ասում է` էդ էլ իմ լավությո՞ւնն էր: Ասում եմ` ի՞նչ լավություն, ես հո բոմժ չե՞մ, աղետի գոտու բնակիչ, որը երկրաշարժի հետեւանքով կորցրել է բնակարանը ու որի անունով բյուջեից միլիոններ են դուրս գրում: Ասում եմ` բա պետության դերակատարումը ո՞րն է: Ես բնակարան չեմ պահանջել, էսքան տարի պետությանը մի հարցով չեմ դիմել, չեմ անհանգստացրել: Ընդամենն ուզում եմ էդ սենյակը սեփականաշնորհեմ, որովհետեւ միայնակ, հիվանդ թոշակառու եմ, ի՞նչ իմանամ՝ վաղը հետս ի՞նչ կլինի: Ես շատ վիրավորված ու նվաստացած եմ ինձ զգում, ամոթ մեր պետությանը»: Ռ. Գեւորգյանն այս խնդրով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը, ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցությանը, ՏԿ նախարարին, ՏԿՆ Միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանին, Շիրակի մարզպետին, Գյումրիի քաղաքապետին եւ բոլոր պատասխանատու կառույցներին: Մինչդեռ բազմաթիվ պետական կառույցներին հասցեագրված դիմումների պատասխանները, չգիտես ինչու, ստանում է «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի տնօրեն Գ. Սեդրակյանից, որտեղ նշվում է. «Համաձայն «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ժողովի 12.07.2001. թիվ 2 եւ 20.12.2007թ. թիվ 11 արձանագրությունների՝ ոչ փախստական ընտանիքները պարտավոր են իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքների նկատմամբ վճարել բնակվարձ սահմանված չափերով: Բնակվարձերի վճարումների դեպքում կարող եք սեփականաշնորհել ձեր կողմից զբաղեցրած սենյակը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ընկերության հետ բնակության վերաբերյալ պայմանագիր չկնքելու եւ վճարումներ չկատարելու դեպքում ընկերությունը ձեռք կառնի համապատասխան միջոցներ օրենսդրությամբ սահմանված կարգով»: