Պատվաստանյութ նվիրեք

22/06/2010

«Ցերվարեկս» կոչվող պատվաստանյութը կարող է 70-80 տոկոսով կանխարգելել կանանց մոտ հանդիպող արգանդի վզիկի քաղցկեղը: Այս մասին երեկ հայտարարել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը: Ըստ նրա` հետազոտությունները ցույց են տվել, որ արգանդի վզիկի քաղցկեղով տառապող բոլոր կանանց մոտ առկա է եղել պապիլոմա վիրուսը: Դա մասնագետներին հիմք է տվել եզրակացնելու, որ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառը հենց պապիլոման է: «Խոսքը 100 տոկոս կանխարգելման մասին չէ, սակայն, եթե մինչեւ սեռական կյանքով ապրելը կինը պատվաստվի պապիլոմայի դեմ, հետագայում կկանխարգելի արգանդի վզիկի քաղցկեղը»,- ասել է Գ. Բազիկյանը` հավելելով, թե այս վիրուսը կանանց փոխանցվում է տղամարդկանցից, սակայն բացասաբար է ազդում միայն կանանց առողջության վրա: Ուռուցքաբանը կանանց խորհուրդ է տալիս նախքան ամուսնանալը 3 անգամ «Ցերվարեկս» պատվաստանյութով պատվաստվել: Յուրաքանչյուր պատվաստման արժեքը մինչեւ 45.000 դրամ է, ինչն, ըստ Բազիկյանի, թանկ չէ. «Շատերն ունեն այդ հնարավորությունը: Եթե ծնողներն ուզում են իրենց աղջկան նվեր անել, թող նվիրեն այդ պատվաստանյութը»: Բացի այդ, մասնագետները կանանց խորհուրդ են տալիս հետագա բարդություններից խուսափելու նպատակով տարեկան մեկ անգամ բուժզննման ենթարկվել: Հայաստանում յուրաքանչյուր տարի արգանդի վզիկի քաղցկեղի 260-270 նոր դեպք է գրանցվում: Կրծքագեղձի քաղցկեղից հետո սա կանանց մոտ հաճախ հանդիպող երկրորդ հիվանդությունն է: Աշխարհում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի կես միլիոն դեպք: