Դարչինը կանխարգելում է շաքարախտը
Դարչինը հայտնի է որպես համեմունք կամ քաղցրավենիքային հավելում: Իրականում դարչինն օժտված է բազմաթիվ օգտակար ու բուժիչ հատկություններով: Այն կարող է օգտակար լինել, օրինակ` շաքարային դիաբետի, մրսածության, սննդային խանգարումների, զարկերակային բարձր ճնշման եւ այլ հիվանդությունների դեպքում:
Դարչինը պատկանում է դափնիների դասին, որի բարձրությունը հասնում է 18 մետրի: Այս ծառի կեղեւից հնում համեմունք էին ստանում, որը առեւտրականների շրջանում լայն տարածում ուներ, եւ դրա պատրաստման ձեւը խիստ գաղտնի էր պահվում: Գոյություն ունի դարչինի 4 տեսակ, բայց ամենահայտնի տեսակը թերեւս ցեյլոնականն է: Դեռեւս հին ժամանակներում դարչինի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել Հարավ-Արեւելյան Ասիայում` Չինաստանում, Ինդոնեզիայում, Ցեյլոնում եւ այլուր: 16-րդ դարում, երբ պորտուգալացիները եկան Ցեյլոն, որպես աղանդերային համեմունք` դարչինով սկսեցին հետաքրքրվել նաեւ եվրոպացիները: Ավանդական չինական բժշկության մեջ այն գործածվել է որպես բուժիչ միջոց՝ մրսածության, փորլուծության, սրտխառնոցի, ցավոտ դաշտանների դեմ: Ապացուցված է, որ դարչինը ոչ միայն բարելավում է նյութափոխանակությունը եւ ամրապնդում ստամոքսի աշխատանքը, այլեւ շաքարախտի կանխարգելման համար է արդյունավետ միջոց հանդիսանում: Խորհուրդ է տրվում այդ համեմունքից օրական օգտագործել 1/4 թեյի գդալ` ավելացնելով հյութի, թեյի, սուրճի կամ ինչ-որ այլ ուտեստի մեջ: Բացի այդ, կենդանիների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ դարչինը նաեւ օժտված է հակաբակտերիալ ու հակասնկային հատկություններով: Այն օգտակար է հատկապես Candida Albicans սնկի բուժման դեպքում:
Նաեւ թեյի լավ բաղադրատոմս են առաջարկում, որը բուժիչ նշանակություն ունի:
Անհրաժեշտ է վերցնել դարչինի փոշին եւ մեղրը` 1:2 հարաբերությամբ: Տաք եռջուրը լցնել դարչինի վրա, կես ժամ թողնել ու ավելացնել մեղրը, դնել սառնարանում` թողնելով մինչեւ առավոտ: Բուժիչ թեյն արդեն առավոտյան պատրաստ է լինում: Նախաճաշից առաջ պետք է խմել կեսը, մյուս կեսը` երեկոյան քնելուց առաջ:
Այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ չեն տալիս դարչինն օգտագործել, օրինակ, բուլկիների ու, ասենք, խնձորի կարկանդակի հետ, քանի որ դրանց մեջ շատ է ճարպերի ու շաքարի քանակը: Ավելի լավ է դարչինն ավելացնել այլ օգտակար մթերքների մեջ, օրինակ` հյութի հետ խառնել:
Դարչինը շատ արագ իջեցնում է զարկերակային ճնշումը: Դրա համար անհրաժեշտ է 1 բաժակ մածունին ավելացնել 0,5 թեյի գդալ դարչին եւ ուտել: Արդյունքը շատ արագ է զգացվում:
Դիետա` կոլիտի բուժման համար
Կոլիտի բուժման ժամանակ դիետան առաջնահերթ կարեւորություն ունի: Դիետայից պետք է միանշանակ հանվեն բոլոր թեփերը (նույնիսկ հացից). դրանք քերծում եւ բորբոքում են հիվանդ աղիի ներքին թաղանթը: Չի կարելի ուտեստները ուտել շատ սառը կամ շատ տաք վիճակում: Հեղուկներ, այդ թվում` ջուր, պետք չէ շատ խմել: Մի կերեք մսի դժվարամարս տեսակներ, օրինակ՝ խոզ, հորթ եւ այլն: Ոչ թե մրգահյութ խմեք, այլ միրգը կերեք: Խուսափեք զանազան սուր համերով ուտելիքից` կծու, թթու եւ այլն: Աշխատեք մրգերը կորիզով չուտել, պետք է հրաժարվել տապակած ուտելիքից, թարմ հացից ու սուրճից:
Կարելի է ուտել գրեթե բոլոր հացաբույսերը (բացառությամբ թեփի), հավի եւ ոչխարի միս: Բոլոր մրգերն ու բանջարեղենը պետք է ուտել առանց կորիզի եւ ցանկալի է՝ եփած վիճակում: Հացը պետք է լինի կիսաչոր եւ յուղի, ճարպի քիչ քանակությամբ: Կովի կամ այծի կաթ կարելի է խմել ցանկացած չափով, սակայն հեղուկների օգտագործումը շատ չպետք է լինի: Եթե հիվանդը ճշգրտորեն պահպանի դիետան եւ բժշկի խորհրդով դեղամիջոցներ ընդունի, ապա լրիվ կառողջանա: Պետք է հիշել, որ կոլիտի բուժման մեջ կա մեկ կարեւոր «ոչ». երբեք չօգտագործել լուծողականներ: Դրանք հաճախ կոլիտ են առաջացնում: Կարելի է երբեմն ընդունել հոգնա, այն էլ` եթե հիվանդը շատ ցանկանա: