«Կառուցվածքային աջակցություն»

19/06/2010

«Այս պահին հստակ թիվ ասել չեմ կարող, սակայն տարբեր վերլուծաբաններից լսում եմ, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում կազմում է Համախառն ներքին արդյունքի 35-40 տոկոսը: Սա իշխանությունների առջեւ ծառացած ամենալուրջ մարտահրավերներից մեկն է,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը` ավելացնելով,- Ստվերային տնտեսությունը պետք է բերվի օրինական դաշտ: Դրանով իսկ կառավարությունը կնպաստի հարկային եկամուտների ավելացմանը եւ ի զորու կլինի հոգալ այդքան մեծ նշանակություն ունեցող սոցիալական վճարները»: Նա ասել է, որ ստվերը մեծ է, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում: Սակայն անմիջապես ավելացրել է, որ մինչեւ այս տարվա վերջ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրվելիք 25 միլիոն դոլարի բյուջետային վարկի որոշակի հատվածը ուղղվելու է հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական եւ կառուցվածքային փոփոխությունների իրականացմանը: Այս օրինակը հերթական անգամ վկայում է այն «սխեմայի» մասին, որով միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՀԲ-ն, աշխատում են ՀՀ իշխանությունների հետ: Այսինքն` ժամանակ առ ժամանակ խոսում են տնտեսության այս կամ այն ճյուղում ստվերայնության, մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների մասին եւ շտապում տրամադրել հերթական տրանշը: ՀԲ եւ մնացած կառույցների գրասենյակներում, իհարկե, շատ լավ գիտեն, որ Հայաստանի բոլոր խոշոր բիզնեսները, այդ թվում եւ, առաջին հերթին, հանքարդյունաբերության ոլորտում, պատկանում են իշխանամերձ օլիգարխներին: Եվգ մի քանի միլիոն դոլար են տալիս նույն իշխանությանը՝ այդ նույն օլիգարխներին ստվերից դուրս բերելու համար: Իսկական «կառուցվածքային բարեփոխում»: