Օրերս Իսպանիայի ոստիկանությունը մաֆիայի մեջ կասկածվող 6 պարագլխի է ձերբակալել Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից եւ Ուզբեկստանից: Ըստ El Pais թերթի` Ոստիկանությունն օպերացիան իրականացրել է Իսպանիայի Կատալոնիա պրովինցիայում: Խուզարկվել են նրանց տները եւ նրանց ընկերությունների գրասենյակները: Ձերբակալվածները ներգրավված են փողերի լվացման, թմրանյութերի եւ զենքի բիզնեսի, փաստաթղթերի, այդ թվում` բանկային քարտերի կեղծման եւ այլ հանցանքների մեջ, որում նրանք ներդրել են Իսպանիայում հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսում քրեական ճանապարհով ստացված փողերը: Լրատվամիջոցներն այս ձերբակալությունները կապում են մարտին մաֆիայի դեմ իրականացված «Java» օպերացիայի հետ, որի ընթացքում ամբողջ Եվրոպայով ձերբակալվել էր ավելի քան 80 կասկածյալ` հիմնականում ռուսներ, վրացիներ եւ հայեր: Երեկ իսպանական թերթերը ներկայացրել են ձերբակալված «օրենքով գողերից» մի քանիսի անունները: Ձերբակալվածների մեջ է նաեւ Կրեմլին մոտ կանգնած ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի կոմպանյոններից մեկը: Ըստ իսպանական ԶԼՄ-ների` Բարսելոնայի օդանավակայանում ձերբակալվել է նաեւ ազգությամբ ուզբեկ «օրենքով գող» Բոտիր Ռախիմովն, ով Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի վստահված անձն էր: Բացի այդ, Ռախիմովը նաեւ շատ մոտ էր Դերիպասկայի հետ. Ուզբեկստանում ռուս օլիգարխին օգնում էր ալյումինի բիզնեսում: Ավելին, նշվում է, որ Ռախիմովը ներգրավված է նաեւ «Գազպրոմի» վերին ղեկավար մարմնում:
Նշվում է հայազգի, ուկրաինացի գեներալ Գագիկ Էլոյանի անունը, ով մեղադրվում է 1մլն եվրո փողերի լվացման մեջ: Էլոյանի մասին ԶԼՄ-ները գրում են, որ նա 2008թ. արժանացել է «Ղազախստանի ձեռներեց» կոչմանը եւ առնչվում է Oriel Resources ընկերությանը եւ Եվրոասիական բանկի զարգացման գործերին: Խմբի անդամներից մեկը ձերբակալվել է Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանում, որտեղ նա փորձել է միջանկյալ վայրէջք կատարել: Նշվում է, որ վերջինս հավանաբար մաֆիայի պարագլուխն է, ինքնաթիռը նստել է Դուբայում եւ փորձել Բարսելոնայով հասնել Ամստերդամ: Ոստիկանությունն արգելանքի է վերցրել կասկածյալներին պատկանող 30 ավտոմեքենաները, արգելանքի տակ են դրվել նաեւ բանկային 500 հաշիվներ:
Երեկ իսպանական ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ ձերբակալվածներից 4-ը ազգությամբ հայեր են, որոնք ռուսական կամ վրացական մաֆիայի պարագլուխներից են: Իսպանիայի դատարանը որոշել է բոլորին ձերբակալել, բացի մեկից` իսպանացի Սալոու Խուան Օյոնատեից, ով հարկային գործարքների գրասենյակ է ղեկավարում: Իսպանացին ազատ է արձակվել առանց որեւէ գրավի: Դատարանը, սակայն, մյուսների ժամանակավոր ազատ արձակման համար խոշոր գրավաչափ է սահմանել`100.000 եվրո ազգությամբ ղազախ Տարկիրսան Բարատովին, հայկական ոստիկանության նախկին աշխատակից Լադուս Ունայանը (հավանաբար` Հունանյան) եւ Գագիկ Էլոյանը պետք է վճարեն 40 հազարական եվրո: Հայազգիներ Կոնստանտին Հունանյանը եւ Յուրի Զախարյանը պետք է վճարեն 20 հազարական եվրո:
Իսպանիայի ոստիկանությունը շարունակում է գործի քննությունը, եւ չի բացառվում, որ հետախուզում հայտարարվի նաեւ Օլեգ Դերիպասկայի նկատմամբ: Մեկ ամիս առաջ «ալյումինի օլիգարխը» իսպանացի քննիչներին ասել էր, որ կրիմինալ շրջանակներին գումար է վճարել իր բիզնեսը պաշտպանելու համար եւ փողերի լվացման հետ որեւէ կապ չունի:
Ի դեպ, ամիսներ առաջ Իսպանիայի ոստիկանությունը փողերի լվացման մեղադրանքով նաեւ ձերբակալել էր «օրենքով գող» Զախարի Կալաշովին` Շաքրո Մոլոդոյին: Երեկ Իսպանիայի Նախարարների խորհուրդը համաձայնել է Շաքրո Մոլոդոյին` Թբիլիսի արտաքսելու մասին Վրաստանի իշխանությունների առաջարկին: Գործը հանձնվելու է Վրաստանին` պայմանով, որ նրան կդատապարտեն: Վրաստանը «օրենքով գողին» սպասում է 1971 թվից, եւ պատրաստվում են նրան դատապարտել 18 տարի ազատազրկման: