Ստվերը մեծ է

19/06/2010

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը երեկ հայտարարել է, որ Հայաստանում տնտեսության 1/3-ից ավելին գտնվում է ստվերում: «Այս պահին հստակ թիվ ասել չեմ կարող, սակայն տարբեր վերլուծաբաններից լսում եմ, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում կազմում է ՀՆԱ-ի 35-40 տոկոսը: Սա իշխանությունների առջեւ ծառացած ամենալուրջ մարտահրավերներից մեկն է: Ստվերային տնտեսությունը պետք է բերվի օրինական դաշտ: Դրանով իսկ կառավարությունը կնպաստի հարկային եկամուտների ավելացմանը եւ ի զորու կլինի հոգալ այդքան մեծ նշանակություն ունեցող սոցիալական վճարները»,- ասել է նա` ընդգծելով, որ ստվերը մեծ է հատկապես հանքարդյունաբերության ոլորտում: Արձանագրելով, որ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանի տնտեսության աճը կազմել է 7.2 տոկոս` Վարուդակիսը նշել է. «Կարծես ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրն իր արդյունքն է տալիս, եւ աճը հավասարաչափ բաշխվում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա` բացառությամբ գյուղատնտեսության»: Ի դեպ, ըստ ՀԲ-ի գնահատականների, շինարարության ոլորտում արձանագրված որոշակի աշխուժացումը պայմանավորված է միջազգային դոնոր կազմակերպությունների վարկային միջոցների հաշվին իրականացված կապիտալ ներդրումներով: «Քանի որ մենք չենք տեսնում ընդհանուր շինարարության ոլորտի աճ, որի հիմնական շարժիչ ուժը կլիներ մասնավոր հատվածը, չենք կարծում, որ 2010-ի առաջին չորս ամիսներին արձանագրված 8.8 տոկոսի աճը կարագանա տարվա մնացած ամիսներին: Այս ամենը հաշվի առնելով` Համաշխարհային բանկն ակնկալում է, որ Հայաստանում Համախառն ներքին արդյունքի աճը տարվա կտրվածքով կկազմի 4-5 տոկոս»,- հայտարարել է Վարուդակիսը: Նաեւ հավելել է. «Այն 3.5 տարվա ընթացքում, որ այստեղ էի, ականատես եմ եղել եւ՛ երկնիշ տնտեսական աճի, երբ Հայաստանն անվանում էին «կովկասյան վագր», եւ՛ երկնիշ անկման, եւ՛ տնտեսության աստիճանական վերականգնման: Հայաստանին անհրաժեշտ են խորը կառուցվածքային բարեփոխումներ»: